Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

10. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս – Բաքու

1900 թ. փետրվարի 19.

1900. 11/19. Թիֆ[լիս],

Սիրելի Արսեն.

          Իսահակյանն1 ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար – տա՜ – սա՜հ – մա՜ն... ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի, ինչպես որ եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ էջմիածնի միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին: Ոչ, սիրելիս, այդ թող. այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ – գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել: Մի մարդ, որ շաբաթներով կոնկով մի տեղ գնալու փող – 5 կոպ. չի ունենում գրպանում, ինչ լրբություն է – մտածի, թե գնալու եմ... Շռայլ բախտ կլիներ ինձ համար, եթե կարողանայի պարտքերս վճարել, այս կամ այն փողոցով անցնելու ազատություն ձեռք բերել կամ պարտք անելու կարիքից ազատվել: Քեզ գրելու իսկի հարկավորության չկա, թեև դու էլ ամեն բան չգիտես, որովհետև ինձ համար շատ ավելի թեթև է տանելը, քան ասելը, – ես այժմ եկել եմ այնտեղ հասել, որտեղից դենն էլ տեղ չկա. պետք է վճռեմ այսպես կամ այնպես: Զուտ գրող ու գրականությամբ պարապելու հնարավորություն չկա – ինչպես մինչև օրս էլ չի եղել: Հույսերը դատարկ բաներ են. նրանցով կարելի է ապրել օրինակ տասը տարի, ինչպես ես եմ արել, բայց 10 տարուց ավելի չի կարելի հույսերով ապրել ու ընտանիք պահել: Այսօր իմ մի լավ ընկերս ու բարեկամս էլ – ինժեներ – որ Բաքու է լինում, մոտս էր: Ասում է կարելի է հաջողեցնել ինձ մայրաքաղաքներից մեկն ուղարկելու գործը: Իհարկե, աշխարհքում շատ բան է կարելի, բայց այսուամենայնիվ շատ կարելի բաներ չեն լինում:

          Արդ՝ գանք գործին: Աղայանցն այժմ այդտեղ է և ինձ ասում էր, որ այդտեղ մի ձգտում կա գրողներին օժանդակելու: Եթե անկեղծ այդպիսի բան կա, դու էլ այդտեղ ես, խոսիր ու մի հաստատ բան գրիր: Պարզ է, որ Բաքուն կարող է մի քանի գրողի վիճակ ապահովել: Թող ենթադրեն – թե մի քանի քահանա էլ ավելի ունեն – եթե միայն գրողին քահանայի չափ կարևորություն կտան, թող փորձեն նրա կեսը, ինչ որ դրին թատրոնի վրա2 – դնեն գրականության վրա ու տեսնեն – թե բան չի դուրս գալ՝ կտրեն: Վերջապես գրականություն ուզող ու հասկացող ժողովուրդը մի ձևով պետք է խրախուսի այդ գործը, թե չէ այդ կլինի ավելի, շատ ավելի, բան վաշխառությունը, բռնաբարությունը, ավազակությանը: Այդ կլինի մի զարհուրելի դրամա, այդ հասարակությունը կնմանի մի մոլոխի, որ ինքը սառն ու անհոգի մի ոչնչություն, անզգա մի տարր՝ և մարդազոհեր է պահանջում, անմեղ կյանքեր է կլանում:

          Ուրիշ բաների մասին այժմ չեմ գրում. առայժմ պատասխանիր իմ նամակին, որ ես կարողանամ մի վճռական կարգադրություն անել, իմ լինել չլինելու խնդիրը վճռել: Ինձ թվում է, որ ես մոլորված եմ եղել, աշխատիր լուրջ լինել, հիմնական, հաստատուն բան գրել, և ոչ թե զանազան ենթադրություններով ու հույսերով դարձյալ խճճել այս դրության մեջ: Ինձ օգնիր այս խնդիրը լուծելու գործում: Եթե գրականությունն այժմ շատ էլ կարևոր չի մեր հասարակության համար և մասնավորապես էլ ես ոչինչ եմ գրականության համար, թող հասարակական վարձ ու նպաստը ավելի լավ նպատակների ծառայի, ինչպես եղել է մինչև օրս, իսկ եթե գրականությունը ձեզ է պետք և գրողն էլ գրականությանը – համեցեք հաշիվ տանք մեր պարտականությունների մասին – ոչ թե ողորմության խնդիր դնենք, ինչպես սովոր են ասել առանց ամաչելու, թե խոսքն ընչի և ում մասին է: Հասցես՝ Бебутовск. 50:

Քո Հովհաննես