Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

9. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

[1899 թ. ] սեպտեմբերի 27.

Սիրելի Ֆիլիպ.

          Քո վերջին նյութերդ իսկապես լավն են: Լավն են, իհարկե, իբրև մտքեր, ոչ թե իբրև արտահայտություններ: Ասում ես՝ չորրորդը վախենում եմ ուրիշն ասած լինի, հիշեցնում է Надсон – ի «Цветы» – ն: Այո՛, հիշեցնում է և գրեթե նույնն է՝ ավելի պարզ ասած, ավելի հասարակ հայտնած: Հենց բանն էլ հայտնելու ձևի և ուժի մեջն է. արտահայտությունն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը: Մարդիկ վերցնենք, ամեն մարդ էլ մարդ է. բայց նրանցից ոմանք ունեն գեղեցիկ աչքեր, գրավիչ կերպարանք, անուշ ձայն և այլն արտաքուստ, կամ խելք ու շնորհք, ազնվություն ու անկեղծություն և այլ առաքինություններ: Սրանք էապես տարբերվում են ընդհանուրից, որոնք զուրկ են այդ բոլորից: Սրանք կենդանի բանաստեղծություններ են, բնության երգերն են: ճշմարիտ, մի՞թե Գեղեցիկ կնոջից ավելի սրտառուչ երգ կա, կամ առաքինի մարդուց ավելի վսեմ բանաստեղծություն: Ասելս այն է, որ դու զուր ես ասում, թե այս կամ այն միտքը հայտնած է արդեն: Բանաստեղծությունը փիլիսոփայություն հո չի: Մի՞թե, օրինակ, Պապայանի1 երգած օպերաներում ուրիշին չես լսել: Ո՞ր բանաստեղծն է մի նոր միտք հայտնել: Ես, որ աստվածացնում եմ Շեքսպիրին, իսկի չեմ էլ մտածում, թե նա ինչ միտք է հայտնել, դրա վրա չեմ հիանում – այլ թե ինչպես է հայտնել: Ա՛յ, վերցնենք հենց քո այս նյութի մասին, մի տեղ խոսում է. ափսոս միտս չի, որ գրեի, բայց այնպես, որ առաջին անգամից իսկի չես էլ ասիլ, թե միևնույն բանն է ասում ինչ որ Նադսոնը. այնինչ միևնույն միտքն է: Մի խոսքով միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված՝ մարդ:

          Ինձ ավելի դուր եկան II – ն ու III – ը: Դրանք միևնույն բանն են երկուսն էլ: Իսկ I – ը, որով անպայման լավ նյութ ես շոշափում, մի պակասություն ունի և մեծ պակասություն – այդ մակերևութական առարկություններն են, ոչ խոր և հոգեկան:

          Քո այս նյութերը ինձ հարկադրում են ոտանավորներ թխելու – և ես որը նյութ կառնեմ ուղղակի, որը միտս մի ուրիշ բան է գցում, որին էլ կպատասխանեմ: Ահա, այսօր գտա առաջին գրածիդ պատասխանը, որով քո «սիրելիին» առաջնորդում էիր քո հոգուդ գաղտնարանը – խորքը:

                                                  ՍԻՐԵԼԻ

                              Էսորն է քո հոգին երկրնքի նման,

                              Գաղտնիքներ անի իր խորքում ահեղ...

                              Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,

                              Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ...

                              Ո՜վ դու անզգույշ. ստեղծման օրից

                              Հայտնի [........................................ ]

                              Տեր ինքը լավին ողջ էակներից

                              Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.

                              Այնտեղ անպատում լիության միջին,

                              Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում...

                              Եվ, սակայն, հանկարծ, իրան Արարչին

                              Ուզեց կողոպտել երկընքի խորքում:

                              Մնացած<ն> արդեն դու գիտես անշուշտ.

                              Երկուսն էլ հիմա տանջվում են տրտում,

                              Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,

                              Իսկ մյուսը մերժված՞ խավար անդընդում:

                              Զգո՛ւյշ կաց, ընկեր, թեկուզ «սիրելի» –

                              Մի՛ բանար հոգիդ նորա առաջին.

                              Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,

                              Նա՜... որ դավ նյութեց* նույնիսկ Արարչին:

          Երևի գլխի ընկար, որ նախկին հրեշտակ – աստծու սիրելի – սատանայի, և, աստծու նաղլն եմ անում: Իհարկե, այս ոտանավորները մեր մեջ, այսպես ասենք – խաղալու համար են գրվում:

          Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի Кольцов – ի մի ոտանավորը – «Сяду я за стол» – ուղարկեցի «Տարազ» – ին2: Стол – ը շինել եմ գիտես ինչ – պատի տակ, և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով: Եթե սեղան թարգմանեի – նստել եմ սեղան – այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա: Եթե գրեի սեղանի մոտ – տգեղ էր: Վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինիլ: Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը – պատի տակն է:

          Գրում ես թե՝ արի, գոնե ուրիշների վրա կծիծաղենք: Ուրիշների վրա ծիծաղելու մեծ ախորժակ ունեմ, բայց այնպիսի դրության մեջ եմ, որ ծիծաղս իսկի չի գալիս: Քանի մտածում եմ Թիֆլիս գալու մասին, վախի նման մի զգացմունք է ինձ պատում: Այն բոլոր հոգսերը, որ առաջուց հայտնի ինձ սպասում են այդտեղ, վերջապես տանս տերը, որ շատ լավ տան տեր է եղել, և արդեն դժգոհությունը հասել է ինձ... Մի խոսքով, եթե հնար ունենայի, Թիֆլիս չէի վերադառնալ, թեև այստեղ էլ չեմ կարողանում ապրել: Ես միանգամայն չէի ցանկանալ, որ դու դարձյալ միջամտեիր, ուրիշներն էլ, լավ գիտեմ, չեն միջամտիլ...

          Բաքվից խոստացել էին սեպտեմբերին 80 ռ. ղրկել: 4 նամակ եմ գրել – պատասխան էլ չեմ ստացել: Դե արի ծիծաղենք:

          Անցյալ օրը գիտե՞ս ինչ պատահեց, թիֆլիսեցի մինը եկել էր այստեղ: Դրան բան եմ պարտ: Ինձ հարցնում է, թե երբ ես գալու, իհարկե ակնարկելով այն հաշիվը: Ասում եմ «շուտով» կգամ: Այստեղ էլ մի խանութպան, մի քանի օր առաջ ինձ հարցրել է, թե երբ եմ գնալու Թիֆլիս – հաշիվը մաքրենք: Ասել եմ դեռ «շուտ չեմ» գնալ: Այդ երկուսը միասին ինձ հանդիպեցին ու զրույց ենք անում: Այդտեղ դուրս եկավ, որ մեկին այսպես եմ ասել, մյուսին՝ այնպես: Գուցե կարելի է այստեղ ծիծաղել, բայց սաստիկ ծանր է լինել ոչինչ մարդկանց կանտրոլի տակ, տանել նրանց մուննաթներն ու ակնարկները, միշտ անհանգիստ լինել նրանցից ու համբերել առանց հույս ունենալու, թե կազատվես դրանցից – ապա հաշտվել այդ վիճակի հետ, ու... ծիծաղել:

          Գիտես, թեև ինձ շատ են նախատում իմ պահանջներիս համար ու իբրև թե – շռայլություններիս համար – բայց ես պինդ այն կարծիքին եմ, որ պահանջները, հարկավ, լավ տեսակի պահանջներ ազնիվ ձգտումներ են: Հիմա ինչ անենք – որ պակասում են միջոցները – միթե մարդ մեղավոր է դրա համար: Վերջապես միթե ես հանդիմանելու չափ մեղանչել եմ համեստ ապրուստի դեմ: Թող չլիներ իմ այս ահագին բեռը – ընտանիքը, և նա, Համլետի ասած, կարող կլինեի պարտակվել ընկույզի կճեպի մեջ, թեև միաժամանակ ընդածին ախորժակ ու հակումն ունեմ շքեղ ապրուստի և ոտներս երկար մեկնելու: Ես շատ առաձգական բնավորություն ունեմ: Կտանեմ ամենադաժան զրկանք զվարթ ու անսասան, որպես թե այն սարի գլխից մի սև ամպ է անց կացել, բայց չեմ կարող ապրել զրկանքների մեջ: Ես չեմ սիրում չքավորությունը, եթե մի օր ինձ զգամ չքավոր – սիրտս կպատռի: Ես միշտ համոզված եմ, որ շատ հարուստ մարդ եմ, միայն հարստությունս այս րոպեիս մոտս չի, և ամենաշատը միայն ափսոսում եմ, որ այս րոպեիս չկարողացա այս անել կամ այն, կամ զայրանում ու վշտանում եմ, որ այս րոպեները երկար են տևում:

          Մեզնից բարև բոլորիդ: Նամակ գրիր – ես գիտեմ նյութեր էլ շատ կունենաս: Մի առակ պետք է գրեի իմ մասին, բայց տեղ չկա, ժամանակ էլ չկա. շտապում եմ, որ նամակս ղրկեմ:

Քո Հովհաննես

* ջնջված՝ կողոպտեց