Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

8. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ – Թիֆլիս

1899 թ. օգոստոսի 12.

99. օգոստ. 12. Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա.

          Ես մի տասն օրով գյուղից հեռացա, հասա մինչև Թիֆլիս: Վերադարձիս շատ ուրախացա սեղանիս վրա գտնելով Ձեր նամակը:

          Ձեր նամակը կայարանից գյուղը բերող գյուղացին կորցրել էր ճանապարհին իրան հանձնած բոլոր լրագիրներն ու նամակները – թե՛ իմը, թե՛ ուրիշներինը – միայն Ձեր նամակն էր մնացել անկորուստ:

          Ափսոսում եմ, որ Դուք ևս չեք կարողանում այնպես անցկացնել Ձեր ժամանակը, ինչպես Դուք եք ցանկանում և այդքան ազդու, բանաստեղծորեն բացականչում եք, թե՝ ես այս օրերը կջնջեի: Շատերն ափսոսում են ուրիշ բաների համար, բայց Ձեր մեջ սիրելին հենց այդ է, որ Դուք ափսոսում եք օրերի համար – անբովանդակ, իզուր անցնող օրերի համար: Այս օրերը, հիրավի, ափսոսանքի արժանի օրեր են և միայն կյանք մաշելու ընդունակություն ունեն, երանի ջնջված լինեին, սակավ լինեին, բայց լավ լինեին:

          Մեր կյանքը, չնչին բացառությամբ, հյուսված է այդպիսի օրերից – խեղդուկ է օդը, ժամերը ձանձրալի, երկինքն էլ, կարծես, վերևից ճնշող մի ծանր, բանտային կամար լինի: Այն, ինչ որ մաքուր ու վեհ է, չի երևում, չի շարժվում, իսկ ինչ որ շարժվում ու կյանքն է հորինում իբրև – այն էլ շատ է նողկալի:

          Մեր կյանքին պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ և պոեզիան:

          Բայց թող անկեղծ խոսեմ – ամենից առաջ պոեզիան: Ամեն բան, ինչ որ զուրկ է պոեզիայից, արժանի է ջնջվելու, ինչպես այս օրերը, որ միայն տրտունջ են հարուցանում:

          Դուք Կոջորումն էլ բավականություն չեք ստացել և Ռոստոմի մասին գրում եք, որ տխուր տպավորություն է արել: Այո՛, դա թույլ բնավորություն ունեցող մարդ է և նրան հարկավոր է ոգևորող – այ տեսակի մարդկանց համար ոգևորությունը փրկություն է, բայց ի՞նչ... հիվանդանոց բանալն էլ արգելեցին: Ես, իրավն ասեմ, նրա կնոջը մի հիմնովին չեմ ճանաչում, որ կարողանամ նրա հոգեբանությունն անել, բայց կինը էական նշանակություն ունի մարդու վրա, մանավանդ զգայուն մարդու վրա: Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում, երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր:

          Այս մասին մի հրաշալի ավանդություն – առասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնին) սիրահարվում են իրար վրա:

                              – Բայց մուկը ո՞վ, թռլոնը ո՞վ,

                              Որ իրար հետ ապրեն սիրով... 1

          Շնորհակալ եմ, որ ինձ այնքան քաջալերում եք Ձեր նամակում: Դուք ինձ արդեն շատ եք քաջալերում, բայց ճշմարիտն ասեմ, ինձ հուսահատեցրել է այս տեսակ դրությունը: Հենց այն հանգամանքն էլ, որ մի քանի սիրելի անձնավորությունների այդքան հոգս եմ պատճառում, այդ էլ է ինձ շատ վշտացնում: Ես զզվում եմ իմ անպետքությունից կյանքի մեջ: Ամեն օր իմ անփութության մի նոր ապացույց ու պատմության է: Բայց մի մեծն ասեմ – ես 1892 թ. Մոսկվայում գիրք եմ տպել – 92 թվին էլ ստացել ու այսպես թե այնպես ցրվել: Բանն այդ չէ: Տպել եմ տվել 1200 օրինակ: Այժմ, յոթ տարուց հետո, այս երկու օրս մի նամակ եմ ստանում Մոսկվայից, տպարանատիրոջից, թե իր ժամանակին մոռացմամբ մեզ մոտ մնացել են ձեր գրքից օրինակներ և այն էլ... 6 փութ, այսինքն 500 – 600 օրինակ:

          Բանից երևում է՝ ես կեսն եմ ստացել և չեմ հաշվել ու ասել եմ բոլորն այս է, որ կա: Այժմ ինչ կասեք, այս տեսակ մարդը կապրի՞, այն էլ մի տուն լիքը երեխաներով: Իհարկե – ոչ:

          Խնդրում եմ շուտով նամակ գրեք – սրտագին բարևներ իմ և տիկնոջս կողմից և համբույր երեխաներին:

Միշտ՝ Ձեր Հով. Թումանյան