Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

7. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Դսեղ – Կոջոր

1899 թ. հուլիսի 24

1899. VII/24. Դսեղ

Հարգելի Մարիա Մարկովնա.

          Ներողություն եմ խնդրում, որ այսքան ուշացրի նամակս: Վերջին ժամանակներս ջերմում էի, այժմ էլ առողջացել եմ, այն էլ մարկա չկար, թե նամակ գրեի, կայարանը հեռու է, մեզանից մոտ կայարանում էլ չկար: Մի մարկա, երկու բաց նամակ եմ ձեռք բերել և ահա նամակ եմ գրում Ձեզ, Ֆիլիպին2 ու Ռուստեմին3: Այստեղ ինձ համար շատ ձանձրալի է անցնում ժամանակը: Դաշտերն ու հանդերն այրված են երաշտից, գյուղը լիքն է կալի մղեղով (թոզով), գյուղացիներն էլ ամենքն իրանց գործին, այնպես որ զրույց անող չկա: Կարելի էր պարապել, բայց այն էլ մինչև այսօր ջերմս էր խանգարում, մեկ էլ բոլոր երեխաները ամբողջ օրը սենյակումն են, որովհետև դուրսը սաստիկ շոգ է ու փոշի: Կիրակի օրերը հավաքում եմ գյուղացիներին, խոսեցնում եմ, ուզում եմ լեգենդաներ հավաքել: Արդեն մի երկու լավ բաներ եմ գտել4: Պետք է ասել, որ մեր ժողովուրդը զարմանալի արագությամբ մոռանում է իր հին զրույցներն ու ավանդությունները: Ինձ սաստիկ ցավեցնում ու անհանգստացնում է այս հանգամանքը: Ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդական լեգենդաներով, ազգային ոգու ստեղծագործություններով է զորանում ու ինքնուրույնության կնիք առնում. հաստատվում, առաջ գալիս որպես մի ամբողջ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի: Մտածում եմ այնպես անես՜, որ միառժամանակ – մի կամ երկու ամիս ընտանիքիցս ազատվեմ, կարողանամ, մի քանի տեղեր կան, շրջեմ, հարցուփորձ անեմ:

          Երեկ Յալթայից, Ս. Շահազիզից նամակ ստացա: Գրում է գրական ֆոնդի և գրողների դրության մասին: Գրում է, թե գրական ֆոնդը, այսինքն այն գումարը, որ ինքը ետ է պահանջել, այսահետե էլ ծառայելու է իր նպատակին: Խոստանում է աշնանը նամակ գրել այս մասին:

          Աղայանցը ինձ մի նամակ է գրել – ասում է մի տիկնոջից փող եմ ստացել, եթե տեղը գիտես, իմ շնորհակալությունս հայտնիր նորան: Ես այս շնորհակալությունը Ձեզ եմ ուղարկում:

          Խնդրում եմ գրեցեք, թե ինչպես է Ձեր տրամադրությունը (այսինքն քեֆը), ինչպես եք ժամանակ անցկացնում, Ռուստեմն ու Ֆիլիպը այցելություն եկա՞ն, թե՞ չէ, արդյոք այդտեղ էլ բարեգործական հանդեսն՜եր չե՞ք սարքում, եթե հանդեսներ չեք սարքում, գոնե ծրագիրները կազմելիս կլինեք: Արդյոք չէ՞ր կարելի, որ հիշեիք իմ խնդիրը – ինձ համար մի քիչ բան գրեիք Ձեր այն հիշողություններից, որ ինձ համար այնքան թանկ են: Գուցե թե՝ և հոգեբանական անալիզներ անեիք, որ այնքան սիրում եք Դուք. այդ արդեն շատ կուրախացնի ինձ: Նամակիս այս տեղը հասած կարկուտ եկավ, բայց չնայելով կարկուտ էր, գյուղացիք ուրախ են – այնքան սոսկալի է երաշտը:

          Այստեղ բժշկություն եմ անում, այնպիսի բժշկություններ եմ անում և այնպիսի հռչակ եմ ստացել, որ ոչ թե Ռուստեմը, Լոխմանին5 ինքն էլ կնախանձի: Միաժամանակ դատավորի ու քարոզչի գործ էլ եմ կատարում: Ուզում եմ մի քանի բան անեմ, որոնց մասին հետևյալ անգամ կգրեմ: Խնդրեմ նամակ գրեք այս հասցեով Ст. Калагеран (Тиф. Карсск. ж. д. ), Ованесу Туманянц. Իմ և տիկնոջս կողմից սրտագին բարևներ: Խորին հարգանքով՝

միշտ Ձեր Հ. Թամանյան