Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

6. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Շուլավեր – Թիֆլիս

[1898 թ. ամառ]

Սիրելի Ֆիլիպ.

          Քո մտածած երկու միջոցին էլ համաձայն եմ1: Այնպիսի միջոցներ են, որ նյութական թեթևություն տալով հանդերձ միշտ կդրդեն գրելու և զբաղվելու: Իսկ եթե, ճշմարիտ, այնքան հաջող լիներ, որ կարողանայի պարտքեր էլ վճարել, այդ արդեն ում հասներ: Մի խոսքով հարկավոր է, որ ուշք ու միտքս ազատեի պարտքատերերիս ու տանս ճորտությունից: Առանց այն էլ այնքան երեխաներ կան և այնքան են մանր, որ ամբողջ գիշեր լաց լինելով ու ցերեկն աղմկելով մարդու հանգիստ չեն տալիս, դե բանաստեղծությունն էլ խո՞ պկու, չի, որ ամեն տեղ և ամեն ժամանակ մարդ փչի: Բանաստեղծը միայն խաղաղության մեջ կարող է ամփոփվել, ոգևորվել ու ստեղծագործել – մանավանդ մեծ գործեր, օրինակ պոեմ, դրամա և այլն: Ես այսքան բան որ ունեմ կիսատ պռատ ընկած – նրանից հո չի, [որ] ուժս չի աատել, այլ նրանից, որ խանգարվել եմ: Խանգարելու առիթները երբ որ միջից վերանան – այն ժամ մարդ կարող է բան շինել և բան դառնալ: Խանգարել որ ասում եմ, ես դժվարությունը չեմ հասկանում, դժվարություն միշտ կարող է պատահել, դա ոչինչ, դատարկ բան է, միշտ հարակից ամեն գործի, ևս առավել գեղարվեստական, մանավանդ մեր աշխարհքում – ես այն արգելքներն եմ ասում, որ մարդու հնարավորություն չեն տալիս, չեն թողնում պարապի, ուշքն իրան հավաքի, ժամեր ունենա իր իշխանության տակ – իբրև բանաստեղծ: Արդ, ես կարծում եմ, դու էլ այսպես մտածեյով ես այդ բանն անում – ընկերություններ են կազմում նավթային մի հող շահագործում – ինչո՞ւ չի կարելի ընկերություն կազմել և տաղանդ շահագործելու: Այնքան որ, մարդիկը մարդիկ լինին:

          Այսպես ես համաձայն լինելով քեզ հետ, այժմ սպասում եմ քո նամակին, թե ովքեր կմասնակցեն կամ մասնակցում են – և արդյոք այդ գործը կարելի էր սկսել իմ տան կես տարվան վարձը վճարելու գործով – այդքան գումար կարելի էր սկզբում ինձ հասցնել դրա համար – որովհետև մինչև չվճարեմ կամ հույս չունենամ գալուս պես վճարելու – պետք է մնամ, այնինչ գալս կարևոր է, մանավանդ այստեղ էլ մի քանի տեսակ հիվանդություններ կան:

          Այժմ արի քեզ մի ծիծաղելի դեպք պատմեմ: Ինչ որ եկել եմ այստեղ, ման եմ գալիս իմ հեքիաթը2 գիտեցող մի մարդ գտնեմ: Ասին այսինչ մարդը գիտի – նրան գտա, նա թե՝ ես գիտեմ ոչ, ֆլանն է ինձ պատմել, դիմում եմ ֆլանին, սա էլ, թե ես լավ չեմ հիշում – ֆստանը լավ գիտի, այսպիսով ամբողջ մի ամիս ման գալուց հետո – երեկ գտա իսկական աղբյուրը – թե Ղուշչունց Վարդանն է, 90 տարեկան մի ծերունի հեքիաթախոս: Գնում եմ Ղուշչունց Վարդանին – ասում են ինչ ես անում, ասում եմ էսպես մի հեքիաթ կա, ասում են դա գիտի: Թե՝ ճշմարիտ, այդ հեքիաթը հենց սրա հեքիաթն է, բայց ինչու երեկ չեկար: Ասում եմ – ինչ կա որ, էսօր լինի: Թե՝ հենց նոր – մի ժամ առաջ մեռավ, հրես տանը վեր դրած:

          Այս այնքան անակնկալ և այնքան սարսափելի էր ինձ համար, որ չուզեցի հավատալ – ասում եմ՝ էդպես բան չի լինիլ, կարելի է չի մեռել – մի լավ տեսեք... սգավորները ծիծաղեցին, ետ դառան, իմ վիշտը տեսնետվ, ինձ մխիթարեցին ու ճամփու դրին: Այսօր թաղեցին, և ո՞վ գիտի հետն ինչ մտավ հողի տակն ու հավիտյան կորավ: Նյութերիդ մասին մյուս նամակում:

Քո Հովհաննես