Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

5. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս – Կիսլովոդսկ

[1898 թ. հուլիս]

Սիրելի Արսեն.

          Դու լավ ես ասել, թե՝ թեև այսքան ժամանակ իրար նամակ չենք գրել, բայց այդ չի նշանակիր թե իրար մոռացել ենք: Առաջվա նամակներդ չեմ ստացել, երևի հասցեն լավ չես իմացել:

          Ես չգիտեմ նամակիցս բան ես հասկանալու, թե չէ. այնքան գլուխս ուռած է շոգից, որ ուշք ու միտքս էլ գոլորշիացել են: Ամենից առաջ շատ ուրախացա, որ դու ուսանող ես դարձել, ես կարծում էի, թե այդպիսով գուցե խելոքանաս, բայց նամակիցդ ուրիշ բան է երեում – իմ քեֆն ու հալը հարցնում ես: Մի քիչ խելքը գլխին մարդը ի՞նչպես կհարցնի գրականությամբ պարապող մարդու քեֆն ու հալը: Դա այնքան պարզ ու հայտնի բան է, որ ոչ ոք չի հարցնում, ամենքն էլ գիտեն, որ վատ է: Բայց դու գուցե ինձ նրա համար ես հարցնում, որ գիտես թե իմը ոչ թե վատ է, այլ ամենավատ: Այս դեպքում իրավունք ունես: Ճշմարիտ որ դժվար բան է, հարցնելու բան է, երբ որ մի մարդ զուրկ նյութական կարողությունից, զուրկ ուսումից, զարկ կյանքի մեջ գործ կատարելու ընդունակություններից և պատրաստություններից, ըստ ամենայնի տհաս ու անպատրաստ, դեռ պատանեկան հասակից ծանրաբեռնվում է մեծ ընտանիքի հոգսերով ու գրականական պարապմունքով: Ճշմարիտ որ բավականին դիմացկուն պետք է լինի հոգին, այն հոգին, որ յուր մեջ կրում է գրական կոչման ավյունն ու ձգտումը, որ կարողանա դիմակալ այս երկու իրար ճնշող, իրար մեռցնող ազդեցություններին – ընտանեկան հոգսերի տառապանքին և գրական ձգտումների հուզմունքին, որոնք միասին, միաժամանակ և անդադար մաքառում են անվերջ: Այս մի զարհուրելի կռիվ է, որ ապարդյուն է անում ամեն ջանք, ոչ ընտանիքին ես մի ճար անում, ոչ գրականության մեջ ես գործ տեսնում. երկուսն էլ խանգարվում են: Եվ այս կռիվը շարունակվում է մինչև ուժասպառ է լինում մարդը, մեռնում են, բթանում են ընդունակությունները, և այնուհետև, ֆիզիկապես էլ երբ ուզում է մեռնի...

          Այսպես է հայոց գրողի անցնելիք ճանապարհը, այսպես է իմ ճանապարհը: Իսկ եթե ավելի մոտենաս – իհարկե, սրանից էլ հազար անգամ վատ: Դու արդեն գիտես, թե ձեռքս գրիչ առնելու օրից ես ինչ վրդովմունքներ, ինչ անհանգստություններ, ինչ սպանիչ թշվառություններ ու դժվարություններ եմ տարել, որոնց գլխավոր աղբյուրներից մեկն էլ իմ ամուսնական – ընտանեկան կյանքն էր, իմ տնփեսայական (ավելի ճիշտը շնփեսայական) բացառական անտանելի դրությունն էր: Վերջապես բաժանվեցի ահագին աղմուկներով ու անբավականություններով, երկու ամիս շարունակ կռիվ անելուց հետո, ասացի հիմի որ կհանգստանամ մի քիչ: Հենց այն օրը, որ պետք է նոր բնակարանը բերեի երեխաներին, հեռագիր ստացա, թե շուտով գյուղն արի – հայրդ մեռավ... Այս տնաքանդություն էր, բառիս բովանդակ մտքով (իմ վիշտը մի կողմ եմ թողնում), բայց այս բավական չէր: Գանձարանը (Казна) վեճ ուներ մեզ հետ – մերժեց մեր դատը, մեր հողերը խլեց, մինչև անգամ տունը... Գյուղից եկել եմ ընտանիքս նոր տեղափոխել, վեց մանր երեխաների հետ (և մի կնոջ հետ, որի հետ նոր եմ հաշտվել ընտանեկան այլանդակ կռիվներից հետո) – սրանց հետ, ինչպես ասում են, կանաչ խոտի վրա կրակ եմ արել:

          – Բայց... չէ՞ որ ես բանաստեղծ եմ, պետք է գրեմ, պետք է տպեմ, մարդիկ պահանջում են, տրտնջում են, զարմանում են: Ահա, դու էլ ես գրում նույնը – և դեռ ավելին, թե եթե այստեղ լինեիր, ինձ կհամոզեիր, որ գրեմ, տպեմ և այլն: Մարդիկ իրավունք ունեն, բանաստեղծ ես – վերջապես թոշակ էլ են նշանակել... 2

          Բայց ես խոսքս շարունակեմ: Անցյալները հաշվեցի, տեսա, որ պարտատերերիս թիվը արդեն վաղուց անցել է հիսունից: Ամեն փողոցի վրա պարտատեր ունիմ – և ամեն տեղ ստիպված եմ ճանապարհներս ծռել – խույս տալ: Սակայն, այսուամենայնիվ հանդիպում են միշտ – և պահանջում ամեն ձևով – ես իհարկե ամեն մեկին պատասխանում եմ անհիմն խոստումներով, լռությամբ կամ ճնշվելով, միշտ անկարող հատուցանելու (սրանից է հառաջացել, թե գրողները պնդերես են, խոստըմնազանց են, ստախոս են և այլն): Բայց այս բոլորն էլ տարանք – դե գոնե պարտք ճարվի: Հատնում է, վերջանում է այն մարդկանց թիվը, որոնց կարող էիր դիմել – էլ ոչ ոք չկա, էլ պարտք էլ չես կարող ճարել – դե՛հ, համեցեք:

          – Բայց... չէ՞ որ դու բանաստեղծ ես, պետք է գրես, տպես, ոգևորվես, ոգևորես – եթե այդ չես անում – թյո՛ւ, ի՞նչ գրող ես...

          Ահա ուղիղ քառասուն օր է ման եմ գալիս մուրհակիս վրա մեկին երաշխավոր ստորագրել տամ, որ բանկից կարողանամ մի գումար դուրս բերել, կամ մի գյուղ գնամ, ինձ ու ընտանիքիս ազատեմ այս կրակի միջից, կամ, վերջապես, թեկուզ հենց այստեղ մնալով, ծախսերը հոգամ: Ասում եմ քառասուն օր է – որոնք կստորագրեին, նրանց էլ չեմ կարող դիմել, նրանց արդեն դիմել եմ ուրիշ դեպքերում, և ահա – ի՜նչ տեսակ մարդու ասես, որ չեմ դիմել, ի՜նչ տեսակ ձևով ասես, որ մերժում չեմ ստացել, և, իհարկե, այսպես էլ շարունակվում է:

          – Բայց... չէ որ ես բանաստեղծ եմ, ազգիցն էլ դեռ թոշակ եմ ստանում – ի՞նչու չեմ գրում, ինչո՞ւ չեմ տպում – ինչո՞ւ եմ լռել...

          Այսքանը բավական էր, Արսեն, իզուր ինչու քեզ ավելի տխրեցնեմ: Միայն, հոգիս, միանգամ ընդմիշտ համոզված եղիր, որ գրողը ձեռքով չի գրում, որ նրա երևակայության միջից հալածված կլինեն ստեղծագործական ամեն տեսակ գաղտնիքներ, քանի որ նրա մեջ խռնված կվխտան 57 պարտքատերեր, քանի որ նրա ականջներն ազատ չեն լինիլ պահանջների աղմուկից, նյութական պահանջների, որոնց ոչ մեկին պատասխան չի կարող տալ [... ]

          Սիրելի Արսեն! նամակս հենց այստեղ ընդհատեցին, և ինչ ես կարծում – մի շաբաթից հետո եմ շարունակում: Էլ այն տոնով չեմ շարունակում, բայց խոսքը իմ մասին լինելով մի կարճ բան կասեմ: Այստեղ – Թիֆլիսում կան մարդիկ (ձեռնհաս), Բաքու կան մարդիկ, և առհասարակ որտեղ որ կան իմ մոտիկ ընկերներն ու բարեկամները ցանկություն են հայտնում, պատրաստակամություն են հայտնում – կամենում են ինձ նպաստել, որ ես կարողանամ գրականությանն անձնատուր լինել և չշվարել ու շշկլվիլ իմ ճանապարհին: Նույնիսկ արդեն բավականին օգնություն եմ ստանամ – այստեղի գրական ֆոնդից ստանում եմ, Բաքվի Մարդասիրական Ընկերությունից ստանում եմ. և եթե մի չլսված լրբություն չլիներ – այս տարի ավելացնելու էին մինչև 450 (Բաքու): Հետևյալ նամակում այս մասին կգրեմ, որ քստըմնես – ինձ համար էլ նոր է բոլորովին պարզվել: Դու չկարծես, թե այն է ինձ վրդովում, որ թոշակս չեն ավելացրել – բոլորովին, չէ – այլ այն ցած երևույթը, որ հետո կպատմեմ – թե ինչպես մեկը լավ տեղյակ լինելով իմ դրությանը – մանավանդ այն օրերում, երբ բաժանվել էի նոր – գնում է հավատացնում Ընկերության խորհրդին, թե ես ապահով մարդ եմ, կարիք չունիմ նպսատ ստանալու և այլն: Այս գուցե մինչև անգամ Աղայանցը քեզ պատմած լինի: Այս երրորդ ամիսն է մի անանուն ծրար եմ ստանում – մեջը 10 ռուբլի – մի անգամ, առաջին նամակում գրել էր, թե ամեն ամիս, մինչև միջոցներս կներեն, ինձանից կստանաք ամսական 10 ռուբլի: Այս էլ մի նոր սյուրպրիզ: Ինչևիցե, խոսքս այն է, որ այս բոլորը կարող են և ընդունակ այնպես անելու, որ ես կարողանամ իմ նպատակներս իրագործեմ – գլուխս ազատեմ – մի քիչ պտտվեմ մեր գավառներում – ժողովրդի մեջ, թարմանամ ու հարստանամ տպավորություններով: Խելացի նպաստողը պետք է այնպես անի, որ գրողը յուր ուժերի երիտասարդ ժամանակը բան շինի, ոչ թե սպասի վերջում – ընկած ժամանակ օգնելու: Եթե սկզբում օգնություն լինի – վերջում օգնության կարոտ չի լինիլ գուցե գրողը: Այժմ էլ դու ես գրում – Աղայանն էլ էր գրել քո այդ մտադրության մասին – թե ուզում ես մի բան անել, ես հիմա այնտեղ եմ հասել, որ պետք է ասեմ, թե բան եք անում արեք, թե չէ այս անորոշ ու անհաստատ դրության մեջ չի կարելի դիմանալ մի մեծ ընտանիքի հոգսեր շալակած և դառնալ գրող:

          Հոգեկան վրդովմունքների, տանջանքների ու հոգնածության հետ միաժամանակ ֆիզիկապես էլ քայքայվել, ընկել եմ բոլորովին – մի քիչ ժամանակ էլ որ անցնի, կարծեմ օգնությունն էլ զուր կլինի, օրհնությունն էլ:

          Անհամբեր սպասում եմ քո կենսագրական գաղտնիքներին, դրանք ինձ համար շատ կարևոր կլինեն:

          Նամակս ուզում եմ այստեղ վերջացնել: Բարև Օլյայից և իմ գերդաստանից:

          Այս երկու օրս գուցե գնանք Շուլավեր, թեև ասում են այնտեղ էլ շատ շոգ է, բայց ինձ համար ավելի լավ է – Թիֆլիսից հեռանամ, թեկուզ դժոխքն ընկնեմ: Այստեղ ամեն օր շոգից մարդիկ են ընկնում փողոցներում:

          Հա՛, մի անգամ միտքս գցիր քեզ գրեմ իմ տեսակցությունները կաթուղիկոսի հետ: Նամակիս պատասխանը գրիր Большие Шулаверы (заказное գրիր):

Քո Հովհաննես