Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Դսեղ – Թիֆլիս

1895 թ. սեպտեմբերի 27, 95.

սեպ. 27. Դսեղ

Սիրելի Ֆիլիպ!

          Ես երբ որ եկա, մտադիր էի քեզ մի շարք նամակներ գրել, որոնք պետք է լինեին իմ նոր տպավորությունները և արածներիս հաշիվը, բայց այդպես չեղավ: Այս ամառ շատ աղմկալի եղավ ինձ համար, թեև. ես սաստիկ ցանկանում էի մի քանի լուռ ու միայնակ օրեր անցկացնել մեր անտառներում և թարմանալ, կազդուրվել հոգով ու մարմնով: Շարունակ նոր – նոր մարդիկ, նոր հյուրեր, այս կողմ, այն կողմ, տեսություններ, պատիվներ (պատիժներ), հարայ հրոց – մի խոսքով զահլես գնաց: Մի ահագին սնդուկ լիքը գիրք էի բերել հետս, ոչ մինը չկարողացա կարդալ. միայն «Մծիրի» – ի2 շուրջն եմ բոլորել, մի քանի բաների նայել և այլն:

          Ինչ վերաբերում է նոր տպավորություններիս ու դիտողություններիս – դրանք շատ են և նոր են, թեև առարկան հին է և միևնույնը: Ֆիլիպ, մի շպար ունի մեր կյանքը, նրա ետևը սոսկալի է: Մեր կյանքը շատ նման է իմ անցկացրած մի գիշերին: Մեր գյուղից ոչ շատ հեռու մի գյուղում հյուր ընկա մի տուն: Այդ տունը առատ, լիքն օջախի և անվան հռչակ ունի մեր գավառում: Երեկոյան ինձ նստացրին սրահում, այդ չեմ նկարագրում – իրանք ներսը, տան մեջ պատրաստություն էին տեսնում ինձ հյուրասիրելու: Ես կիսաբաց դռան միջով լսում էի նրանց խոսակցությունը: Ինձ համար ձվածեղ էին պատրաստում: Երեխաները թրթռում էին, ըստ երևույթին ուզում էին կրակը թափել ձվածեղի հոտից, մայրը նրանց զսպում էր անիծելով ու ծեծելով, երեխաներից մեկը՝ ավելի չարաճճին ձեռքը կոխել էր թավի մեջ – նա էլ սկսեց աղիողորմ ճչալ: Այս ժամանակ տան մեծ աղջիկը իմ առաջով անցավ, յուր ցնցոտիների ետև պահած երկու հաց ներս տարավ: Նոր աղմուկ բարձրացավ ներսը. երեխաները լաց լինելով պահանջում էին նոր բերած հացից – դու մի ասիլ իրանք գարեհաց են ուտում (սիպտակ, փափուկ... ըստ Գ. Քաթիպայի)3, ինձ համար գնացել ցորնի հաց են բերել: Այս հացին կարոտ երեխաները ուզում էին խլել քրոջ ձեռքից, ուտել: Վերջապես ձվածեղը դուրս բերին, հետն էլ ցորնի հացերը, որոնց չորս կողմից երեխաները ճանկռտել էին: Եկան երեխաները հեռու կանգնած, ագահ աչքերով կլանում էին ձվածեղն ու հացը, նրանցից մեկի ձեռքն էլ փաթաթել էին. այդ նա էր, որ ձեռքը կոխել էր ձվածեղ հափշտակելու: Ես, իհարկե, չկարողացա ուտել, և այնպես վերադարձրի, պատճառաբանելով – թե կուշտ եմ, նոր եմ հաց կերել, եկել: Ներս տարան, երեխաները թմփթմփալով իրար ետևից վազեցին և լացով, ճիչով, աղմուկով իրարից խլեցին, կերան: Մի՞թե այս է այն լիքը տունը, որի մասին այնքան լսել եմ ես...

          Ես երկար մտածում էի սրա մասին, երբ ներս մտավ տան տղամարդը: Բարևելուց, իմ յուր տունը գնալու համար յուր ուրախությանը հայտնելուց հետո – սկսեց հայհոյել աջ ու ձախ, որ բոլորն էլ «աղքատ շներ» են, ձեռով փող է տալիս ու ոտով ետևից ման գալիս չի կարողանում ստանալ: Բանից երևաց, որ այդ «անվանի» մարդը մի տուն է վեր գրել տվել 150 մանեթով – տանըցոնց նստացրել չոր քարին: Բայց ինչ է տվել դա յուր պարտապանին – 8 տարի առաջ 10 մանեթ փող: Ութ տարվա ընթացքում պարտապանից ստացել է մի խալիչա, մի կով, 20 օրվան մշակություն և այլն – այժմ էլ տունը վեր է գրել 150 մանեթով: Սա սկսեց մի զարմանալի չարախնդությամբ ու պարծենկոտությամբ նկարագրել, թե ինչպես «ղանջղը»* (պարտապանի կինը) որ տեսավ դուռը կտրեցին, ուզում էր ծածուկ շորերից հարևանի տունը փախցնել, բայց ինքը յուր ղարաուլներով իսկույն բռնեց, և նա նստելով յուր ձեռքի շորերի վրա սկսեց ղարաչու** նման ծղրտալ... կամ թե ինչպես էին լակոտները լվլվում տան միջին ու փախչում դես ու դեն... այդ բոլորը յուր ուժիցն էին պատեպատ ընկնում: Իհարկե, ես համաձայն էի նորա հետ, որ բոլորը պատմեր և նա շատ բաներ պատմեց: Եվ պատմեց և տեսա – թե ինչպես յուր կինը համաձայն էր (այդ խնդիր է) յուր հարևանի կնոջ հետ մարդու ունեցած հարաբերությանը, որ կատարվում էր յուր, համարյա թե ներկայությամբ, և այդ բանն էլ գիտեր յուր հարևանը (մարդը): Ես սկզբում չէի հավատում – բայց շուտով ականատես եղա և հավաստիացա: Նա ինձ հետ ուրիշ շատ բաներ խոսաց, ես էլ շատ բաներ տեսա, որ այժմ չեմ գրում: Բայց այն գիշեր իմ քունը չտարավ: Անկողնից ելա, շատ ման եկա դուրսը – մի՞թե սա է այն բարոյական, անվանի տունը, անդադար գլխումս մուրճի նման զարկում էր այս հարցը: Այս ժամանակ դարձյալ մի այլ տեսարան, որ կպատմեմ հետո, լրացրեց ամեն բան: Այս մի դեպք է, թերևս, սովորականներից մեկը, բայց շատ խոր ազդեց ինձ և շատ է բնորոշում մեր ապականված, ստոր կյանքը: Ինչ լավ բան է եղել, հիմար աղմուկը, անմիտ զվարճությունը, անհոգ, անփույթ վայելքը, եթե ոչ, մարդ կարող է խելագարվել: Որ ասում եմ խելագարվել, դու չկարծես այս և սույնանման դեպքերն եմ հիշում – ուրիշ շատ ու շատ հիշողություններ ու մտածմունքներ կան գլխումս խառնված:

          Մի լավ ամենօրյա զվարճություն ունեմ – այդ որսորդությունն է – իսկապես թափառելը անտառներում, սար ու ձորերում: Մտնում եմ մենակ ամենավտանգավոր տեղեր, և այդ ինձ մի առանձին բավականություն է տալիս: Մի տեղ էի գնացել, երբոր իմացան տանըցիք ու գյուղացիք արգելեցին, որ մյուս անգամ մենակ չմտնեմ այնտեղ, որ հայտնի արջանոց է և կասկածավոր տեղ է: Ես մյուս օրը թաքուն դարձյալ գնացի այնտեղ – թեև մի քիչ էլ մի բանից վախեցի: Այստեղն ինձ համար մի սիրելի զբոսավայր է դարձել:

          Լսեցի, որ իմ գրած վաճառականությունը չես ընդունել: Ինձանից ավելի խելոք ես եղել: Բայց եթե դու այստեղ ունենայիր մի այլ հավատարիմ, հմուտ ու փորձված մարդ, դարձյալ խորհուրդ կտայի, որ այստեղ մի գործ բռնեիր: Այսպիսի դեպքեր քիչ կպատահեն:

          Արդեն պատրաստվում ենք կամաց – կամաց, այսօրվանից մեր գալը հազիվ երկու շաբաթ տևի: Ավելի շուտով էինք գալու, բայց մեր փոքրիկը (Արտավազդը) հիվանդացավ, սպասեցինք նրա առողջանալուն:

          Տանըցիք արդեն վերադարձած կլինեն, ուստի բարևիր մեր կողմից մայրիկին, տիկին Շուշանիկին, օր. Մարիամին, Ստեփան Խրիստաֆորիչին, Գրիգոր Խրիստաֆորիչին4, Լևոն... իչին և Աքելին5: Բարևում ենք նույնպես տիկին Լիգային6 ու պ. Սանդրոյին7 իրանց գերդաստանով: Իսկ ինչ վերաբերում է քեռուն – ես կգամ կբարևեմ: Առաջնորդը8 մեր տանն էր. մազալու բաներ կպատմեմ, գրելու տեղ չկա: «Հորիզոնն» ուզեց. «Բորչալվում»9 հոդվածը կարդաց ու հիշատակարանում նկատողություններ արավ:

          Ի վերջո համբույրս:

Քո Հովհաննես

* անզգամ կին

** աներես