Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Թիֆլիս – էջմիածին

1893 թ. նոյեմբերի 18.

93 Х1/18 Թիֆլիս

Մեծարելի բարեկամ.

          Բաց նամակիս չպատասխանեցիք. – չգրեցիք, թե ինչ է գրքի գինը, որերորդ տպագրությունն է կամ ինչ անեմ գրքերը1: Գրաշարն ասում է, որ երես չկա ուրիշ, իսկ գինը չկա, որովհետև բաժանորդների համար է: Կազմարարին արգելել եմ գրքերը կազմելու, մինչև Ձեզանից պատասխան ստանամ:

          Հ[այր] Բեկնազարյանին շատ անհաջող փորձերից հետո հազիվ տեսա այսօր, ասաց, որ ինքը չի կարող Տեր – Ղևոնդյանից փող ստանալ, դուք գրեցեք, թողեք Տեր – Ղևոնդյանը վաղը բերի տա իրան:

          Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ» – ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությանը2 նորից կնայեմ:

          «Խավարամիտների գլխացավը» հանձնեցի «Մշակ» – ի խմբագրությանը և խմբագրատանը կարդացի այն տողերը, որ իրանց էր վերաբերում3: Առհասարակ Հայրիկի4 և Արիստակեսի5 հաշտության լուրը ուրախացրեց տրտմած կուսակցությանը: Գրել եք, թե կուսակցության կարոտը քաշում եք և տխուր եք: Տխրում ենք Ձեր տխրության համար, իսկ ինչ վերաբերում է կարոտին, կարող եմ հավատացնել, որ կուսակցությունը չի մոռանում յուր սիրելի Քյոռօղլուն. հիշում է ամեն խնջույքում, մանավանդ երբ տողերիս գրողն էլ վեր է անում յուր գազարակերի ձայնը և հանդգնում է Քյոռօղլու երգը երգել...

          Ֆիլիպը6 շնորհակալ է շնորհակալության համար: Այժմ Ֆիլիպը ուրիշ գործ է սկսել, հրատարակում է տարեկան 2 – 4 ժողովածու, գրքեր և բրոշյուրներ: Առաջին ժողովածուն հունվարին դուրս կգա: Ձեր խոնարհ ծառան էլ, որ խմբագրական ժողովը կազմող երեքից մինն է, խնդրում է ի դիմաց նույն ժողովի՝ Ձեր աշխատակցությունը – հրապարակախոսություն, վեպ, ոտանավոր, ինչ որ լինի: Աշխատակիցները վարձ են ստանում:

          «Բանաստեղծություններս» շուտով կուղարկեմ Հայրիկին ընծա, որ կարդա սիրտը ցնծա, որ կներկայացնեք, ասացեք էս հալա ոչինչ, կեսը գդալամանումս ա դեռ... ի դեպ, ասեմ, որ ետ եմ նայում հիմա և հին գրածներս ուղղում, առաջին հատորից արդեն ուղղել եմ «Լոոեցի Սաքոն» և «Արևն ու Լուսինը»: Եթե հիշում եք, «Լոռեցի Սաքոյի» մեջ դուք մի սխալ էիք ցույց տալիս, այդ սխալը ես այժմ եմ գլխի ընկել և ուղղել, այդ պոեման կլավանա:

          Այստեղի նորությունների մեջ նշանավոր է մի անպիտան տերտերի արարքը, որ զայրացրել է ժողովրդին: Դորա իսկական անունը հակառակին մոռացել եմ այս րոպեին, բայց նա ավելի հայտնի է «Գագորդի» մականունով: Դանոս է տվել նահանգապետին, թե հայոց վանքում կայսերական տոնի օրը մաղթանք չի կատարվել և թե հայոց կոնսիստորում չեն ընդունում ռուսերեն գրած խնդիրներ: Այս անզգամը դեռ հերիք չէ որ քահանա է, կոնսիստորի անդամ էլ է: Անցյալ օրը կոնսիստորի անդամները այս գործի համար կոչված էին պոլիցիայում:

          «Տարազ – Աղբյուր – Անոնսի» գործն էլ արդեն կգիտենաք: Ուզում էին Ֆիլիպի վրա ծախեն – գլուխ չեկավ: Բայց ես մի բան չպարզեցի. դուք կհարցնեք, թե ինչպես թույլ կտան Ֆիլիպին մի տարում վեց կամ ավելի ժողովածու հրատարակել մի անունով: Այո՛, այդ չի կարելի, դորա համար էլ ամեն մեկիս անունով երկուսը կհրատարակվեն: Ժողովածուների մեջ կապ պահելու համար գույներով ենք որոշել անունները – երկուսը կապույտ, երկուսը կանաչ, երկուսը կարմիր: Ես կարմիր խմբագիրն եմ:

          Նոր – դարականները նոր առաջնորդին7 նոր խանդով օվսաննա են երգում հին գործերի համար: Գրել էին, թե նա շինել է երկսեռ դպրոց Ագուլիսում. Պոոշյանցը աշխարհքն ու ամբողջ Ագուլիսը վկա է կանչում, որ ինքն է շինել այդ ուսումնարանը:

          Չեմ ուզում Ձեզանից ծածուկ մնա, որ Ձեր ինքնակենսագրության վրա շատ են խոսում: Երևի մինչև անգամ Ձեր դեմ գրողներ կլինեն: Ոչինչ, դա կփոխարինի հոբելյանին... 8

          Բարևեցեք տիկնոջը, օրիորդներին և Մուշեղին:

Ձեր Հ. Թումանյան

          Հ. Գ. Ձեր և իմ կնքահայր պ. Ս. Պառավյանցը խնդրում է հետևեք և, թե կարելի է շտապեցնեք յուր շինած ուսումնարանի գործը, որ սինոդումն է այդտեղ: Երեկ Ձեր կենացը խմեցինք նրա տանը նոր թեմական տեսուչ отец Лисицов – ի հետ (հ. Մելյան9):

Նույն