Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<Հ0Կ – ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ>

          Մեծ պատերազմից առաջ մենք – հայերս մեր եկեղեցու բակով սահմանափակած մի կրոնական համայնք էինք (միլլեթ):

          Մեզ հասած հալածանքների ու հարվածների ժամանակ ստիպված էինք խնդրելու մեր եկեղեցու պետին, որ մեզ համար զուր բողոքներ, աղերսներ անի աշխարհի մեծերին:

          Մենք ստիպված էինք մեր խղճուկ դպրոցները զետեղել եկեղեցիների բակերում: Եվ եկեղեցիների բակերում էլ նրանք ազատ չէին հալածանքներից:

          Մենք ազատ չէինք նույնիսկ աղետների ժամանակ օգնելու մեր դժբախտ եղբայրներին:

          Եվ էսպես անվերջ:

          Վերջացավ մեծ պատերազմը:

          Թե ինչպես – էդ ուրիշ խնդիր է, բայց մեր հայրենի հողի վրա, թեկուզ և մի մասի վրա, մենք արդեն ունենք Ազատ Հայաստանի Հանրապետություն:

          Այժմ արդեն մեզ վրա եկող հարվածների դեմ՝ աղերսարկու եկեղեցականի փոխարեն՝ կարող ենք մեր հանրապետական բանակը հանել:

          Կարող ենք կառուցանել՝ ինչ դպրոցներ էլ ցանկանանք և ուր ցանկանանք:

          Էդպես էլ ամեն մի քայլափոխի զգալու ենք, որ մենք այժմ ազատ քաղաքացիներ ենք և ոչ թե երեկվան անազատ կրոնական համայնքի ծխականները:

          Եվ ահա մեծ պատերազմի ու նրա հետ կապված աղետների

          հետևանքով հայ աշխատավոր ժողովուրդը, հայ գյուղացին ընկել է ծանր կացության մեջ:

          Իր բերանի հացից սկսած՝ նա շատ բան է կորցրել էս մի քանի տարվա ընթացքում:

          Շատ բան է կորցրել, բայց ձեռք է բերել մեր դարերով երազած ազատությունը:

          Եվ որովհետև ունի ազատություն ու իր շինարար բազուկը – շուտով կունենա ամեն բան:

          Սակայն նրա էս ծանր օրերին օգնության գալու և նրա շինարար աշխատանքի մասնակիցը լինելու պարտավոր է ամեն մի հայ – մոտիկից սկսած մինչև հեոավոր գաղութները:

          Էս օգնությունը երեկվան բարեգործությունը չէ, երբ դեռ կրոնական համայնք էինք միայն:

          Էստեղ ամեն մի հայի պետք է առաջնորդի ոչ թե խղճահարությունը, այլ քաղաքացիական պարտքի խոր գիտակցությունը:

          Ամեն մի հայ պետք է զգա, որ ինքն ազատ Հայաստանի քաղաքացին է և գալիս է գործակցելու իր երկրի կառավարությանը:

          Ահա էդ գործակցության համար է, որ Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվեց Հայաստանի Օգնության Կոմիտեն, անկուսակցական հասարակական մի մարմին:

          Եվ դարերից ի վեր առաջին անգամն է մեր կյանքում, որ էս տեսակ մի մարմին հաստատվում է իր սեփական պետության դեկրետով և իրավունք ունի ազատ շարժվելու իր երկրում, ինչպես իրավունք ունի նաև ամեն մի հայ, որ գալու է իր ժողովրդին ու իր երկրին օգնության:

          Նշանակալից երևույթ է, որ՝ իրարից անկախ ու անտեղյակ՝ նման մարմիններ են առաջ գալիս և մեր գաղութներում: Էս նշանակում է, թե կենդանի է հայությունը:

          Կենդանի է և ուժեղ: Երևանից սկսած մինչև հեռավոր գաղութները շարժվում է նա – դեպի հայրենիք:

          Ինչքան էլ խոչ ու խութեր, ինչքան էլ դժվարություններ ու թշվառություններ հանդիպեն ճանապարհին – նա հասնելու է իր նպատակին:

          Հայաստանի ազատ հողի վրա նա շինելու է իր ազատ ու առատ տունը, Հայկական բարձրավանդակի վրա զարգացնելու է

          իր ազգային հանճարը և իր խոսքն ասելու է աշխարհքին:

          Նա կարող է և իր կարողությունով նա իրավունք ունի:

          Եվ Հայաստանի Օգնության Կոմիտեները, որ առաջ են գնալու ամենուրեք, մեծ դեր ունեն կատարելու էս մեծ շինարարության մեջ: