Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ՀՕԿ–Ի ԿՈՉԸ>

          Աշխարհի ամեն կողմը ցրված հայոց ժողովուրդ.

          ԼՍԻ՛Ր:

          Քեզ է կանչում Հայաստանի Օգնության Կոմիտեն: Քեզ է կանչում Հայաստանի մայրաքաղաքում գումարված ամեն հոսանքի հայ գործիչների ու գրականագետների ժողովը:

          Եվ գուցե երբեք դու չես լսել նրանց ձայները էսպես միացած ու միահամուռ:

          Եվ էսքան մեծախորհուրդ մի վայրկյանի:

          ԼՍԻ՛Ր:

          Դարավոր մաքառումներից հետո, համաշխարհային թոհուբոհից, լայնածավալ ալեկոծությունների և աղետների ծովից գերագույն ճիգերով բարձրանում է ազատ ու անկախ Հայաստանը:

          Պատմական էս մեծ օրերին տենդային իրարանցումով նրա շուրջն են խռնված հայության կենսունակ տարրերը, և Այրարատի նվիրական հողի վրա մի իշխանություն տեղի է տալիս մյուսին:

          Սակայն՝ Հայաստանի Օգնության Կոմիտեն այսօր գալիս է հայտարարելու ի լուր համայն հայության, թե խաղաղությունը արդեն հաստատված է մեր հայրենիքում և հաշտ ու համերաշխ հարաբերության մեջ է նա իր հին հարևան ժողովուրդների հետ:

          Եվ արդեն անցնում է նա իր վերքերը դարմանելու և կազդուրելու աշխատանքին:

          Կառավարությունը առոտք է հանել իր բոլոր ուժերը ժողովրդին ազատելու տիրող և մանավանդ առաջիկայում սպառնացող սովից և վերաշինելու քանդված երկիրը:

          Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին:

          Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին:

          Նա բազմաթիվ զոհեր է տվել և տալիս է տակավին, բայց չի լքում պապենական օջախը, և իր գութանի մաճին ապավինած՝ կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան:

          Եվ երբ հարևան աշխատավոր ժողովուրդները երեկվան արյունահեղության փոխարեն այսօր եղբայրական օգնության ձեռք են մեկնում հայ աշխատավոր ժողովրդին, մի՞թե կարող է պատահել, որ նրա տառապանքների ու շինարար ճիգերի հանդեպ անտարբեր մնաս միայն դու, նրա տարագիր եղբայրը, պանդուխտ հայություն: Դու՝ որ հեռու ես հայրենիքից, բայց ուշք ու միտքդ միշտ դեպի ետ, դեպի հայրենիք:

          Այո՛, Հայաստանի Օգնության Կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ ես բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ:

          Ահա՛, Կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից:

          Բայց նա լավ գիտե և էն, որ հայ ժողովրդին սովից ազատելու և քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից և քաղաքական տարաձայնություններից:

          Էսպես էլ մտածելով՝ ամենքը եկել միացել են այս վսեմ գործի շուրջը, կազմել են ազատ ու անկուսակցական մարմին և գործունեության են հրավիրում ամենքին, ամեն կողմից:

          Էսպես է մտածում և ինքը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետական կառավարությունը, որ ո՛չ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլև աջակցում է ամեն մեկի և ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա, աչքով տեսնի և տնօրինի իր օգնությունը:

          Արդ, լսիր հայություն, ուր էլ որ լինես, Եվրոպայից մինչև Հնդկաստան, և ամենուրեք:

          Լսի՛ր քեզ կանչող հայրենիքի ձայնը և շտապիր օգնության ամեն բանով, ինչով կարող ես, որ ունենաս էն՝ ինչ որ երազել ես դարերով – ազատ ու շեն հայրենիք:

Նախագահ՝ Թամանյան Հովհաննես