Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՆՏՅՈԻՐԱՅԻ ԴԵՄ>

Նամակ խմբագրության.

          Սրտի խորին կսկիծով հաստատ աղբյուրից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում»1 կոչված ավանտյուրան կատարողները կույր գործիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ հայ ժողովրդի և նրա դատի դեմ, և որ հեղաշրջումը կատարվել է արյունալի ոճիրներով: Էսպիսով մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետներից:

          Խորասիրտ բողոքելով էս թշվառ դեպքի և կատարված խժդժությունների դեմ, իբրև հայ ժողովրդի բանաստեղծը, որ էնքան հավատ է տածել դեպի նոր Ռուսաստանը, խնդրում եմ Խորհրդային Ռուսաստանին հեռացնել էդ վերջին տանջանքի բաժակը արյունաքամ հայ ժողովրդից, նոր վերքեր չհասցնել նրա անհամար թարմ վերքերին, Խորհրդային Ռուսաստանի մեծահոգությամբ և բանվորա – գյուղացիական Կարմիր Բանակին հատուկ եղբայրական զգացմունքով ու ներողամտությունով մոտենալ Երևանին ու աշխատավոր հայ ժողովրդին, որ անշուշտ անմեղ է ու անպարտ գրեթե իր ամբողջությամբ, և բարկությունը չթափել անմեղների վրա, որովհետև մեղավորներին նա չի էլ գտնելու իրենց տեղը: