Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄԵՌԱՎ

          Երբ գրական մարդը Մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությունների մեջ:

          Այո՛, ճշմարիտ է:

          Գրական – գեղարվեստական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է: Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքը – ստեղծագործողը:

          Բայց դժբախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում: Գրողների մեծագույն մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ:

          Ղ. Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ: Չկարողացավ: Ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.

           – Ահա՛, իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղ. Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով: Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ:

          Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա: Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը:

          Էդ պատճառով էլ ինչ որ նրա գրվածքների մեջ կա ու մնում է – դա Ղ. Աղայանի մեծության ու շնորհքի մի չնչին մասն է:

          Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող: Բայց նրա կյանքը անգիր անցկացավ:

          Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքա՛ն բան ուներ նա ու ինչքա՜ն բան տարավ իր հետ:

          Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը – ահագին:

          Էդ է պատճառը, որ ասում եմ – նա մեռավ:

          Ով չի տեսել նրան – էլ ճանաչել չի կարող, պատմելով էլ չի կարելի ծանոթացնել:

          Այո, պատմելով չի կարելի ծանոթացնել գոնե էն տեսակ մարդկանց հետ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սիրտ ու հոգի:

          Էնպես, ինչպես վաղուց երգված ու լոած մի երգ, որ պատմելով չի կարելի վերականգնել: Էնպես, ինչպես վաղուց ցնդած մի բուրմունք, որ նկարագրելով չի կարելի նորից հավաքել ու տալ: