Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԳՆԱՆՔ

          Վրացի գրողների համագումարը որոշել է մայիսի 7 – ը դարձնել վրաց բանաստեղծության և գրականության ազգային տոնի օր:

          Մի վսեմ տոն, երբ մի ժողովուրդ տոնում է իր սիրտն ու հոգին, իր ցեղի հանճարը:

          Եվ վրացի ժողովրդին շատ է սազում էդ տեսակ ազգային տոն ունենալը: Նա մի բանաստեղծական ժողովուրդ է, համակված գեղեցկի բնածին զգացումներով:

          Ինձ ծանոթ ժողովուրդներից և ոչ մեկի մեջ ես չեմ նկատել էն երևույթը, ինչ որ տեսել եմ վրացիների մեջ: Նրանց գործիչներից շատերը հանկարծ կհանեն իրենց որևէ բանաստեղծի ոտանավորը, որ պահում են իրենց գրպանում և կամ կարտասանեն անգիր՛ Նրանք մինչև վերջին ժամանակներս իրենց աղջիկների բաժինքում Ռուսթավելու պոեմն էին տալիս:

          Էսպես է գեղեցկուհիների ու քեֆ անողների հայրենիքը: Էսքան բանաստեղծական ու կենսուրախ, ինչպես միշտ հայտնի էր, և միաժամանակ էսքան լուրջ ու խիզախ, ինչպես երևաց այժմ, երբ հնար ունեցավ:

          Ես ամեն անգամ հրճվանքով եմ վերադառնում հայ և վրացի ժողովուրդների դարևոր անօրինակ լավ հարևանությանը, և խորին վիշտ է պատճառում ինձ մեջտեղի եղած թյուրիմացությունը:

          Այո՛, թյուրիմացություն եմ ասում, որովհետև շատ են խորն ու խորհրդավոր էս հին եղբայր ժողովուրդների կապերը, որ չկարողացան կտրել նույնիսկ կառավարությունները իրենց արյունոտ սխալով1:

          Եվ ահա, երբ վրացին մայիսի 7 – ին տոնում է իր ոգու տոնը, իր ազգային բանաստեղծության օրը, անկարելի է, որ հայը էնտեղ չլինի: Եվ էնտեղ կլինի հայը, ու կլինի ամենից առաջ:

          Արդեն որոշել է հայոց գրական, կրթական ու կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչների ժողովը:

          Եվ շատ լավ է արել: Ժողովուրդների որոշումներն ու քայլերն ավելի արժեք ունեն, քան նրանց կառավարությանների2:

          Կառավարություններն ժամանակավոր են ու փոփոխելի, ժողովուրդները մշտական ու անփոփոխ:

          Գնանք էդ գեղեցիկ օրը մեր եղբայր ժողովրդին այցելելու և նրա պայծառ հանճարը հարգելու: