Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՎՐԱՑ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

          Վրացու անմիջական և սրտաբաց բնավորությունը, նրա սրտի ազնվությունը, բնական մաքրությունն ու անարատությունը, ազատության և գեղեցկության սերը, այս բոլորը ամեն կողմից լուսավորված կյանքի սիրով և նուրբ վշտով, առհավատչյան են այն բանի, որ վրաց բանաստեղծությանն սպասում է մեծ ապագա:

          Այս հատկությունները զարմանալիորեն երևան են եկել Շոթա Ռուսթավելու մեջ, և նա իր ամբողջ էությամբ վրացի բանաստեղծ է:

          Հին Թիֆլիսը, Սայաթ – Նովայի նման, թեև սինթեզ է արևելյան շատ ժողովուրդների կյանքի և հոգևոր հզորության, այնուամենայնիվ, գերազանցորեն կրում է վրացական ոգի:

          Այս ոգին ամբողջ էությամբ երևաց վրաց ժողովրդի սրբի՝ ս. Նունեի խաչի մեջ, որ շրջապատված է խաղողի որթով և աղջկա մազերով: Սրանով նա ներդաշնակորեն միացնում է երկնային վեհությունը և կյանքի ուրախությանը:

          Բանաստեղծական բնավորությունն այնքան է հատկանշական վրացուն, որ ամեն վրացի ինձ թվում է բանաստեղծ: Սա վրացուն դարձնում է գրավիչ նույնիսկ իր թշնամիների համար:

          Այս աստվածային շնորհքը, որ ավելի կաճի ազատ և անկախ Վրաստանում, աստիճանաբար Վրաստանը կդարձնի բանաստեղծության երկիր: