Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՊԱՅԾԱՌ էՋԵՐ

          1904 թվին, անհաջող պատերազմի հետևանքով, Ռուսաստանը ծայրից ծայր սկսել էր ալեկոծվել:

          Հեղափոխության ուրվականից վախեցած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց, ցանկանալով բաժանել նրանց և դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը:

          Էդ ուղղությամբ նա գործի ձեռնարկեց և Անդրկովկասում:

          Անդրկովկասում պետք էր իրար դեմ հանել երեք ժողովուրդ – հային, վրացուն ու թուրքին:

          Անցյալ փորձերը ցույց էին տվել, որ անկարելի էր հայ – վրացական ժողովուրդների ընդհարումը գլուխ բերել:

          Այո՛, եղել են տխուր միջադեպեր, բայց դրանք կարողացել են միայն պաղեցնել, պղտորել, թունավորել ժամանակավորապես էդ ժողովուրդների հարաբերությունները, էն էլ միշտ վերին խավերում, և շատ – շատ թույնը հասցնել մինչև գործիչների ու հրապարակախոսների լեզուն, բայց էդ թույնը հասցնել մինչև հայ և վրացի ժողովուրդների հոգու խորքը – չի հաջողվել երբեք: Եվ մնացել են անսասան մեծագույն հիշատակներով լեցուն էդ հոգիները:

          Եվ էն երկու ժողովուրդը, որոնք իրենց պատմությունը սկսում են նրանով, թե Հայկոսը (Հայկ) և Քարթլոսը եղբայրներ էին, մնացել են ու մնում են անսասան՝ կապված իրենց փոթորկալից պատմական ճակատագրով և մեծագույն հիշատակներով:

          Նրանք միաժամանակ են հնարել իրենց գիրը, միաժամանակ են ընդունել քրիստոնեությունը, միասին մշակել թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ գրականությունն ու գիտությունը, միասին կռվել իրենց ազատության և կուլտուրայի համար և միասին նույնիսկ իրենց մեծ տառապանքների մեջ ու միշտ բախտակից:

          Նրանք միասին հաղորդակից են եղել հունա – հռոմեական կուլտուրային և շարունակ միասին պաշտպան կանգնել արևմտյան քաղաքակրթությանը:

          Եվ էն հայ գործիչը, որ չէր պաշտպանում Վրսատանին, չէր հասկանում իր ժողովրդին ու իր պատմությունը, և էն վրացին, որ չէր պաշտպանում հային ու Հայաստանը, չէր հասկանում վրաց ժողովրդին և Վրաստանի պատմական ճանապարհը: Էնպես որ, հայ թե վրաց պատմության մեջ լավագույն վրացին պաշտպանում է Հայաստանին, հայը՝ Վրաստանին:

          Նույն հայը կամ վրացին, որ լավ գիտեր և հասկանում էր իր ժողովրդի բախտն ու բնավորությունը և ն՛րա գերագույն շահերը, միշտ պաշտպանում էր իր հարևանին, ինչպես ինքն իրեն: Հենց էդ պատճառով էլ հայոց պատմության մեջ կարելի է կարդալ, օրինակ, էսպիսի մի վկայություն վրաց թագավորի մասին.

          «Եւ էր Դաւիթ արքայ այր սուրբ և առաքինի, զարդարեալ ամենայն աստուածպաշտութեամբ և բարի արդարութեամբ, և սա երևեցաւ ընդունող և սիրող ազգին հայոց: Առ սա ժողովեցան մնացեալ զօրքն հայոց. և սա շինեաց քաղաք հայոց ի յաշխարհն վրաց, և հաստատեաց եկեղեցիս և վանորայս բազումս և անսանեաց զանուն քաղաքին Գառայ... և ունէր մեծաւ ուրպխութեամբ և ցնծութեամբ զամենայն ազգն Հայոց» («Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», 1869, Երոաաղեմ, էջ 447):

          Կամ էն պատմությունը, թե վրաց թագավորն ինչպես ազատեց հայոց մայրաքաղաքը թշնամու ձեռից և թե ինչքան նեղություններ են քաշել հայերը վրաց թագավորի մահից հետո (նույն, էջ 451, 459):

          Էդ տեսակ վկայություններ է տալիս նան վրաց պատմությունը հայերի մասին.

          «Օգտվելով մահվամբ հայոց Աշոտ թագավորի, որ այդ ժամանակ միակ հետևողն էր Վրաստանի խաղաղության, Պադլան, Դինաուրի Գաբրիել քորեպիսկոպոսի հաջորդը գրավեց Գարդաբանի մի մասը, Քարթալինիային պատկանող շրջանները, իսկ աբխազական Բագրատ թագավորը մտավ բուն Քարթալինիա»: («Վրաստանի պատմություն» իշխ. Ս. Բարաթովի. Ս. Պ. Բ. 1871. էջ 18):

          Սրանք, իհարկե, եզակի դեպքեր չեն, որ կարելի է բերել հայոց կամ վրաց պատմությունից: Եվ էդ դեռ տիրողների՝ թագավորների և իշխանների կյանքից: Իսկ ժողովուրդը... սովորաբար ասում են, թե ժողովուրդը քիչ է երևում անցյալում, պատմության մեջ:

          Ո՛չ, ես կարծում եմ, ժողովուրդը կա, երևում է, նա խոսում է հազար ձևերով ու արտահայտություններով, միայն հարկավոր է կարողանալ էդ գտնել, նկատել և տեսնել:

          Ահա՛ հայ ժողովուրդը, խտացած իր ազգային էպոսի – Սասունցի Դավթի մեջ:

          Եվ էսպես էլ, հայկական էպոսի մեջ մշտապես անսասան կանգնած են հայոց հսկայի – Սասունցի Դավթի և վրացի հսկայի – Գեորգիի (այլ վարիանտով՝ Համդոլ) հսկայի դեմքերը իրար կողքի, ուր Դավիթը Գեորգիին է տալիս իր բարևը, Դեորգին էլ միայն Դավթի բարևն է առնում, նա է Դավթին զգուշացնում վերահաս վտանգի հանդեպ, և նրան է հավատում Դավիթն անվերապահ: Նրանց սրերը երբեք չեն խաչաձևվում, և բացառապես սիրո և բարեկամության համար է Դավիթը Գեորգիի երկիրը գալիս:

          Ահա՛ ձեզ ամբողջ ժողովրդի արտահայտած կարծիքը, սերունդներով ամրապնդված կապը, հավերժորեն գծված ճանապարհը: Հայ լինի թե վրացի, եթե շեղվում է էդ ճանապարհից, նա դավաճանում է իր ցեղի ոգուն...

          Սակայն հենց նույն էպոսը հրաշալի կերպով խնդիրը պարզում է և բաց անում գեղեցիկ ապագայի հեռանկարը: Երբ Սասունցի Դավիթը հարձակվում է և սկսում է կոտորել թշնամու զորքին, մի ծերունի է առաջ գալիս և ասում – Դավի՛թ, ինչո՞ւ ես մեզ կոտորում, մենք խեղճ ռանչպար մարդիկ ենք, թագավորն է զոռով հավաքել մեզ կովի բերել, մենք քո դեմ բան չունենք, թագավորն է քո թշնամին, կռիվ ունես նրա հետ արա: Քո թուր – կայծակով ինչո՞ւ ես կոտորում խեղճ ժողովրդին: Եվ հսկայի թուր – կայծակին մնում է օդում կախված:

           – Լավ ես ասում դու, ծերունի, – պատասխանում է Սասունցի Դավիթը, և թողնելով հասարակ ժողովրդին, դարձնում է իր ձիու գլուխը և ուղղում դեպի թագավորի վրանը:

          Էսպես:

          Եվ ահա – էն գլխից մինչև էս գլուխը: Ինչ կռիվ ու կոտորած ուզում է լինի՝ հնագույն բռնապետներից մինչև դեմոկրատիկ հասարակապետությունները՝ միշտ սարքված են երկիրները կառավարողների և ղեկավար շրջանների ու ղեկավար մարդկանց ձեռքով: Եվ միշտ էդ արվել է հասարակ ժողովրդի, աշխատավոր մարդու կամքի ու ցանկության հակառակ:

          Եվ հենց դրա մեջն է էն մեծ ու հաստատ մխիթարանքը, որ էդ բոլոր աղետների մեջ ոչ թե հասարակ ժողովուրդն է մեղավոր, այլ նրա իշխանավորները, և քանի շատ էդ վերջինները թուլանան, իսկ իրենք՝ ժողովուրդները դառնան ավելի գիտակից ու անմիջականորեն մոտենան իրար, և քանի իրավունքն ու իշխանությունը անցնի ժողովրդին, հասարակին, ընդհանուրին, աշխատողին – էնքան էլ մեղմանալու են էդ աղետները և վերջապես վերանալու: Իսկ թե ժողովուրդն անմեղ է ամեն կռվի ու կոտորածի մեջ և հակառակ՝ դրա ամենալավ ապացույցներից մեկը հենց 1905 – 06 թվականների հայ – թուրքական ընդհարումներն էին, որոնցից ես մի քանի փաստեր առաջ կբերեմ, էնքան պայծառ ու լուսավոր փաստեր, որ ինձ իրավունք են տալիս իմ հոդվածի վերնադիրը դնել – պայծառ էջեր:

          Էդ անսասան հավատով ես նպատակ դրի մեր կյանքի ամենասև և մռայլ էջերից բերել պայծառ փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես ժողովուրդներն ու ժողովրդի մարդիկ կարողանում են պաշտպանել մեկը մյուսին՝ ընդդեմ նրանց ընդհանուր իշխանավորների: Եվ ես իմ այս հոդվածների ընղհանուր վերնագիրն եմ դնում «Պայծառ էջեր», որովհետև պայծառ եմ նայում մեր ժողովուրդների ապագային: