Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

          Ես մեր բանաստեղծների, վիպասանների ու դրամատուրգների գործերը տարիներ առաջ եմ կարդացել:

          Սխալ կանեի, եթե մեր գեղեցիկ գրականության վրա կարծիք հայտնեի հին տպավորության տակ:

          Էն ժամանակից շատ են փոխված իմ գրական ճաշակն ու հասկացողությանը և իմ աշխարհայացքը: Ինչ որ էն ժամանակ թվում էր գեղեցիկ ու հերոսական, այժմ տգեղ է ու բարբարոսական: Ես վերջին տարիներս, երբ դեպք է լինում՝ վերադառնում եմ իմ հին կարդացածներից մեկին կամ մյուսին՝ հիասթափվում եմ հաճախ: Ընդհանուր տպավորությունս ու կարծիքս էն է, որ մեր գեղեցիկ գրականությունը առողջ ու ամբողջական գործեր շատ չունի:

          Մինչև այժմ մեր գրականությունը հարազատ հող չի ունեցել իր ոտի տակ, մեծ մասով գաղութային գրականություն է եղել: Բանաստեղծի ոտը հարազատ ու իրական հողի վրա պիտի լինի, նրանից հետո միայն կարող է բարձրանալ, թեկուզ գլուխը մինչև երկինք հասնի:

          Հայոց ապագա գեղեցիկ գրականության զարգացման գրավականը ապագա Հայաստանն է, ազատ, հարազատ հողը, ժողովուրդը.

          Էդ ապագա Հայաստանն էլ կտա մեր գրականության ուժեղ ու կենդանի լեզուն, որ լինելու է ժողովրդական բարբառների, գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը: Հայ ժողովրդական կենդանի բարբառների ազդեցությունն է լինելու տիրական:

          Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը – ի և ում – ի մեջ: Էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բարբառը: Էս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն: