Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ

I

          Իմ թանկագին ընկեր, իմ հոգու ընկեր, Լևան Դավիդովիչ: Ձեր հրապարակական նամակներում դուք ինձ առաջարկներ եք անում ու հարցեր եք տալիս, և ինձ ինչքան հետաքրքրում ու զբաղեցնում են ձեր արած առաջարկներն ու հարցերը՝ ևս առավել զմայլեցնում է էն պարզ, անկեղծ ու բարի սիրտը, որ երևում է ձեր տողերում, էն ազնիվ, բանաստեղծական հոգին, որով համակված են ձեր հոդվածները: Լավ վրացու, իսկական վրացու սիրտն ու հոգին:

          Եվ էդ տեսակ մարդը դեռ հարց է տալիս, թե ի՞նչ պետք է անենք, որ մոտենանք իրար:

          Ես ձեզ կսաեմ. – էդ տեսակ սիրտ պիտի ունենանք:

          Եվ տեսնու՞մ եք, որ ունենք: Եվ դեռ էդպես շատ սրտերի տեղ գիտեմ ես: Բայց, իհարկե, դուք ձեր սիրտը չեք տեսնում և ոչ էլ հաշվի եք առնում, ինչպես և ձեզ նմանները, ճիշտ էնպես, ինչպես երեխաները տեղեկություն չունեն իրենց անմեղության մասին և առանձին նշանակություն էլ չեն տալիս:

          Դուք էլ երկյուղով եք նայում էն անդունդին, որ փորել են մեր ժողովուրդների մեջ մեր կառավարող շրջանները: Սակայն չէ՞ որ ժամանակն աշխարհքին նոր լոզունգ է տվել, – էդ տեսակ դեպքերում երես դարձնել կառավարող շրջաններից և նայել հասարակ ժողովրդին, ամեն մի ազգի ընդհանրությանը, և իսկույն ձեր երկյուղը կանցնի:

          Դուք հատկապես խոսում եք հայ և վրացի ժողովուրդների մասին: Նայեցեք հասարակ ժողովրդին: Ես ձեզ մի կոնկրետ օրինակ բերեմ նորանցյալ հայ – վրացական դժբախտ ընդհարումից: Ականատեսներն են պատմում:

          Լոռու ձորում մի կամուրջ կա: Էդ կամուրջի մի ծերին կանգնեցրել են հայ պահակ զինվորին, մյուս ծերին՝ վրացի: Նրանք երկուսն էլ հրացաններն ուսներին բռնած՝ համառ նայում են իրար: Բանից դուրս է գալիս ընկերներ են, կռվի դաշտում տարիներ շարունակ կռվել են միասին, միասին տառապել, միասին ուրախացել, միասին կերել ու միասին քնել: Այժմ բերել են իրար դեմ ու դեմ կանգնեցրել իբրև երկու թշնամու, և հրացաններն ուսներին բռնած նրանք համառ նայում են իրար: Մեկ էլ դիմում են իրենց կողքին գտնվող գյուղացիներին և խնդրում են տեսնել ու իրենց հայտնել, թե արդյոք իրենց մեծավորներից մոտիկ կան, թե չէ, հսկում են իրենց, թե չէ: Երբ իմանում են՝ որ չկան՝ վազում են, գալիս կամուրջի մեջտեղը, գրկվում, համբուրվում, նորից հետ վազում իրենց տեղերը կանգնում ու դարձյալ հրացաններն ուսներին համառ նայում են իրար:

          Էսպես է, իմ անգին Լևան Դավիդովիչ. թշնամությունը, որ ստեղծված է մեր ժողովուրդների մեջ՝ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը բնական և շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում:

          Ժողովուրդներին խորթ է կաբինետում նստած պոլիտիկոսի նեղսրտությունը և վայրկյաններով ապրող կառավարիչների հիվանդ նյարդայնությունը: Նրանք բնության մեջ ու բնության հետ ձուլված են ապրում, և դարերով ապրած կյանքն ու փորձն է նրանց առաջնորդում: Էդ է պատճառը, որ նրանք էսքան էլ կարողանում <են> դիմանալ էն բոլոր թույներին, որ ներարկում են նրանց տանջված մարմնի մեջ հազար ու մի տեսակ կառավարիչներ ու ղեկավարներ ամեն տեսակ բարձր գաղափարի անունով և կամ ուղղակի բարբարոսաբար:

          Ես ձեզ ավելին կասեմ, ոչ միային մեր երկու ժողովրդի մեջ է ուժեղ ու կենդանի էդ փրկարար շունչն ու զգացմունքը, այլև առ – հասարակ ժողովուրդների մեջ: Առեք հենց թուրքերին ու հայերին: Ես ձեզ էն տեսակ սրտառուչ դեպքեր կպատմեմ, և շատ ու շատ դեպքեր թուրքերի ու հայերի հարաբերություններից, էն տեսակ սրտալի եղբայրական վերաբերմունք թե' թուրքի, թե' հայի կողմից, որ կզարմանաք: Եվ էդ էլ էն ժամանակ, երբ վատությունն ու կոտորածը ամեն կողմից քաջալերվում է ու բորբոքվում, իսկ լավություն անելն արգելվում, նույնիսկ մահվան սպառնալիքով արգելվում:

          Այո՛, ժամաբակն է, թանկագին ընկեր, որ հայտնվեն ու ավելի թափով գործի անցնեն և էդ լավ զգացմունքների պաշտպաններն ու արծարծողները:

          Դուք ճիշտ եք նկատում, որ էդ ժողովուրդների բանաստեղծները պետք է լինեն: Ես համաձայն եմ: Եվ նրանք արդեն սկսել են, նրանք արդեն եկել են կամուրջի մեջտեղը, գրկվում ու համբուրվում են ի տես բոլոր ժողովուրդների, և նրանց գրկախառնությունն ու համբույրը պիտի ընդհանրանա:

          Դուք առանձնապես ինձ վրա մեծ պարտականություն եք դնում: Ես շատ երջանիկ կլինեի և իմ բանաստեղծություններից ավելի բարձր կդնեի, եթե կարողանայի գործ տեսնել էս ասպարեզում: Եվ ինձ թվում է, որ մեզ կհաջողի: Կհաջողի, որովհետև մի կողմից՝ կատարյալ է մեր բոլոր ժողովուրդների բանաստեղծների ոգևորությունն ու լուսավոր միաբանությունը էս գործի մեջ, մյուս կողմից շատ է մեծ մեր ժողովուրդների մեջ փափագը, – թողնել սուրն ու թշնամությունը և իրար մոտենալ, կապվեք համերաշխության ու եղբայրության կապերով:

          Վերջերս, իմ ծննդյան հիսնամյակի առիթով եղած շնորհավորանքների ժամանակ ես համոզվեցի, որ գործն արդեն շատ է հասունացած:

          Տեսա, որ մեր հարևան ժողովուրդների ներկայացուցիչները ինչքան իրենց հարևան ժողովրդի գրականությունը հարգելու համար են գալիս, բայց շատ ավելի նրանց շարժել է էն հանգամանքը, որ ես կողմնակից եմ եղած ժողովուրդների համերաշխությանը:

          Մեր հայ հասարակությունն էլ երբեք էնքան բուռն չծափահարեց իմ բանաստեղծությունը, որքան իմ էդ զգացմունքը և ազգերի եղբայրության խոսքը: Մեր նոր երիտասարդությունը ոգևորված ծափերով ընդունեց, երբ իմ՝ իրեն ուղղված խոսքի մեջ իբրև կտակ խնդրում էի թողնել հին ճանապարհը, խրատ առնել հին սերնդի փորձերից և փոխադարձ երջանկության համար համերաշխության կապեր հաստատել հարևան ժողովուրդների հետ: Եվ պետք է տեսնել, թե ամեն անգամ ինչ ոգևորություն է տիրում մեր հասարակությանը, երբ իր բանաստեղծների հետ միասին նրա առջև հայտնվում են հարևան ժողովուրդների և առհասարակ օտար ժողովուրդների բանաստեղծները: Սրանով մեր ժողովուրդներն իրենք արդեն ցույց են տալիս ճանապարհը և հրամայում են գնալ էդ ճանապարհով:

          Ժամանակ է, որ մեր կառավարող շրջաններն էլ հասկանան ժամանակի ու ժողովուրդների պահանջները, իրենք էլ մի քիչ բանաստեղծ դառնան, իրենք էլ բանաստեղծների ու հասարակ ժողովուրդների հետ միասին գան եղբայրության կամուրջի մեջտեղը եղբայրորեն համբուրվելու: Այլապես նրանց էլ կհասնի էն վատ կառավարիչների ճակատագիրը, որոնք խորտակվում ու անեծքով են կորչում իրենց վատ ճանապարհին՝ եղբայրության, խաղաղության և արդար աշխատանքի դրոշը տանող ժողովուրդների ոտների տակ:

          Էս համոզմունքով ու էս զգացմունքով մենք իրար կգանք, և մեզ հետ բոլոր նրանք, որոնք բանաստեղծ են հոգով:

          Ավելի թափով ու միաբան կանցնենք գործի, մեր լուսավոր ու փրկարար գործի: