Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ>

          Թանկագին ուսուցիչներ ու սիրելի աշակերտներ, դեռ փոքր, պատանեկական հասակում ես տաղ էի ասում մեր մեծերի մոտ, որոնք ինձ ասացին՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք... ». սակայն անցան տարիներ և ես նորից պիտի ասեմ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք գրքերում էինք կարդում ու հեքիաթներում լսում մարդկանց գազանությունների մասին, սակայն այսօր մենք մեր աչքերով տեսանք, որ դեռ չի վերացել կռիվը, պատերազմը:

          Շատ ճակատներ կան պատերազմում, սակայն ամենավսեմը ձերն է, որովհետև դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս ու արդարություն: Դուք պիտի պայքարեք՝ վերացնելու ժողովուրդների վրայից տանջանքներն ու թշվառությունները: Ես մի համեստ գործիչ եմ, և այսօր ձեր այդ վառ զգացմունքները ապացուցում են, որ դուք պիտի ձեր գործը սրբությամբ կատարեք:

          Ծերանալուց հետո՝ ես նորից կրկնում եմ ձեզ, սիրելի աշակերտներ՝ «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Մենք, հին սերունդը դժբախտ եղավ, մաղթում եմ, որ դուք ստեղծեք երջանիկ կյանք: Հայտնում եմ ձեզ բոլորիդ իմ խորին շնորհակալությունը՝ ինձ ցույց տված զգացմունքների համար: