Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՁՈՆ

          Երիտասարդընկերնե՛ր:

          Վաղուց ի վեր մենք բաժանված ենք եղել երկու մեծ հատվածի – Ռուսահայ և Տաճկահայ, ու միշտ ձգտել ենք նորից միանալու, իբրև մի պատառված ամբողջության երկու մասեր: Բայց աշխարհքի չար տիրողները ամեն անգամ սրերով են կտրատել մեր՝ եղբայրական գրկախառնության համար իրար տարածած բազուկները:

          Էսօր էլ եթե միացել ենք, միացել ենք համաշխարհային թոհուբոհի հետևանքով, կենդանին ու մեռելն իրար խառնված, երբ հույսի ու հուսահատության շափառուկները անդադար հետևում են իրար մեր տակավին սևակնած երկնքում:

          Սակայն անխորտակելի է մեր ժողովրդի կուլտուրական հակումն ու ձգտումը և ստեղծագործության տենչն ու կարոտը անդիմադրելի:

          Մեր ամեն ինչ կորցրած գաղթականը օտարության մեջ հենց կանաչ խոտի վրա կրակ արավ թե չէ՝ իր առաջին հոգսերից մեկն եղավ գրադարան հիմնել, դպրոց թանալ ու թերթ հրատարակել:

          Այժմ էլ, երբ մի կողմի արյունն ու արցունքը չեն ցամաքել իսկ մյուս կողմը երերում է տագնապի դաժան շնչից, մեր երիտասարդ գրողները երկուստեք իրար են եկել իրենց՝ անցյալի տխրության ու ապագայի խնդության արցունքները միացնելու մի նոր – հոգևոր Հրազդանի մեջ սասանած հայության ոգին ոռոգելու և

          կազդուրելու համար: Ես ուզում եմ մեր անմահ Նահապետի – Հրազդանի երգչի անուշ խոսքերով բացականչել –

                               – Ա՛յ դրախտի ջրեր, իջե՛ք, իջե՜ք,

                               Զերկիրն Հայոց արբեցուցեք1...

          Բարով ես գալիս, ո՛վ նոր Հրազդան, բարով եք գալիս, ո՜վ նորեր, ո՜վ լավեր: Դու՜ք, որ բազմատանջ հայության երկար ժամանակով բաժանված ու իրար կարոտ հոգիները առաջին անգամ միացնում եք ձեր՝ թեկուզ և համեստ, բայց գեղեցիկ գործի մեջ: Օրհնված լինիք և դուք և ձեր ազնիվ գործը: Եվ թող ձեր երիտասարդ կյանքի վրա բացվի էն երջանիկ արշալույսը, որ մեր – նախորդներիս երիտասարդությունը երազեց իր փոթորկալի ու մութ գիշերի ն: