Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿՈԻՆ

          Թանկագին Սերգեյ Միտրոֆանովիչ.

          Մեծ պատերազմի ընթացքում բոլոր ժողովուրդներն աշխարհի առաջ, համարյա ամբողջությամբ, արտահայտեցին իրենց էությունը, և ամենից ավելի, թերևս, ռուս ժողովուրդը, որովհետև նա, պատերազմից բացի, կատարել է և հեղափոխություն: Պարզվեց, որ այդ ժողովուրդը մի կենտավրոս է և նրան իր ամբողջությամբ մենք չէինք տեսել և չգիտեինք:

          Մինչև այժմ մենք տեսել էինք միայն նրա գլուխը, ի դեմս նրա գրողների և մտավորականության, իսկ ժողովուրդն ինքը – մարմինը – մնում էր մթության մեջ և մեզ անծանոթ:

          Եվ ես այժմ եմ միայն ըմբռնում ռուս գրականության համար այնքան յուրահատուկ, իսկ ուրիշ ժողովուրդների գրականություններին օտար, ձգտումը՝ «ճանաչել իր ժողովրդին»:

          Հիրավի մեզ անծանոթ էր այդ մարմինը, որը սակայն ինքն էր աճեցրել այդ գլուխը, որ ընդունակ է այնքան բարձրանալու և ազատ հայացքով ընդգրկելու լայն ու հեռու տարածություններ: Իսկ լայնն ու հեռուն՝ հենց դա էլ ժողովրդի հայրենիքն է:

          Եվ ես կարծում եմ, որ բոլշևիզմի մեծ խիզախումները խորթ չեն ռուս մարդու հոգուն: Իսկ ասս ժողովուրդը առհասարակ մեծ միսիա ունի կատարելու ժողովուրդների կյանքում:

          Այսպես նայելով Ռուսաստանին և այդպես հասկանալով նրան, ես իմ խոսքը սահմանափակում եմ Կովկասով, և ուզում եմ մի հարցում անել, որին Դուք, թերևս, կպատասխանեք որպես ռուս բանաստեղծ և ռուս ժողովրդի հոգու մեկնիչ:

          Ձեր աչքերի առաջ այստեղ Կովկասում տեղի է ունենում չափազանաց տարօրինակ երևույթ:

          Այն ժամանակ, երբ Կովկասի բոլոր ժողովուրդները մեկը մյուսի ետևից ողջունում են նոր, ազատ Ռուսաստանը և իրենց ազգային համագումարներում որոշում են մնալ ազատ, մեծ ռուսաստանյան հանրապետության կազմում, հենց այդ ժամանակ ռուսական բանակը, որ հաղթանակորեն մտել է թշնամու երկրի խորքը և դարձել դրության տերը, սկսում է նահանջել ո՛չ միայն ռազմադաշտից, այլև լքել նույնիսկ Կովկասը:

          Հավատա՞լ արդյոք, որ ռուսներն այդքան հեշտ կտրող են թողնել իրենց գրաված վայրերը և Կովկասը:

          Հավատա՞լ արդյոք, որ ռուսները միայն ցարերի կամքով էին Կովկաս գալիս, և այժմ, երբ այդ կամքը չկա, վերադառնում են տուն:

          Մի՞թե Ռուսաստանը միայն մի ռետինե զանգված է, որին ձգեին այնքան շատ և այժմ ազատ մնալով, կծկվում է ետ, թե՞ ռուս ժողովրդի այդ պատմական առաջընթացն ուներ իր ներքին, ժողովրդի մեծ ոգով պայմանավորված, իմաստը:

          Կովկասի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նվաճման ժամանակ ռուս լավագույն մարդիկ այն միտքն էին հայտնում, որ Ռուսաստանը կոչված է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կյանք, արդար իրավակարգ և լինել կուլտուրայի և լուսավորության կրողը:

          Ի՞նչ եք կարծում, այղ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, և մենք, որ մինչև այժմ հավատում էինք, սխալվե՞լ ենք:

          Ռուսաստանն ավելի քան մի հարյուրամյակի ընթացքում միլիարդներով վաղ է գործադրել և անհամար հերոսական պատերազմներում միլիոնավոր կյանքեր զոհաբերել և ստեղծել լայնածավալ մի պետություն, որ այժմ դարձել է ռուսական մեծ հանրապետություն:

          Ի՞նչ եք կարծում ՝ ոչ մի կապ չկա՞ այն միլիոնավոր ռուս մարդկանց և այժմյան ռուսների միջև: Եվ մեր օրերի ազատ ռուս մարդիկ, որ դեռևս կանգնած են պատմական եղբայրական շիրիմների վրա, մի՞թե այժմ հրաժարվում են իրենց ժառանգությունից, Արևելքում իրենց գրաված դիրքից և իրենց ազգային մեծ միսիան կատարելուց:

          Մի՞թե այս նոր երրորդ Հռոմի փլուզումը ցավալի արձագանք չի գտնում նրա որդիների սրտերում, և մի՞թե մեծ հայրենիքը պաշտպանության չի գտնի իր բազում գնդերից, և չի առաջանա մի նոր հզոր շարժում Ռուսաստանի վեհության, ազատության ու պատվի պաշտպանության համար:

1918 թ. Հունվար