Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՈԻՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

          Մայիսի 11 – ին Մոսկվայի Մեծ թատրոնում մի նշանավոր ժողով է գումարվել, ուր հանդես են եկել մի շարք ռուս հռչակավոր ակադեմիկոսներ, պրոֆեսորներ ու գրողներ: Բոլորը միաձայն իրենց ճառերում Ռուսաստանի հիմնական դժբախտությունը որոնում են ու գտնում են ետամնացության մեջ, որի մեջ պահում էր հին բռնապետական կառավարությունը: Ցույց են տվել, որ գերմանական մի մեծ գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան բովանդակ Ռուսաստանում: – Գիտություն, տեխնիկա, կուլտուրա, – ահա թե ինչի մեջն է Գերմանիայի ահռելի ուժը, որով կռվում է գրեթե ամբողջ աշխարհքի դեմ, և միայն այժմ է խեղճանում, երբ իրեն դեմ էլ Անգլիան, Ֆրանսիան ու Ամերիկան դուս բերին նույն գիտության, տեխնիկայի ու կուլտուրայի անպարտելի ուժը:

          Առանձնապես խոր տպավորություն են արել Ն. Մորոզովի և Մաքսիմ Գորկու ճառերը:

          – Ազատությունը դեռ ամեն բան չի, և դեմոկրատիան դեռ ամեն բան չի, ասել է Ն. Մորոզովը, նշանավոր հեղափոխականը, Շլիսելբուրգի 23 – ամյա կալանավորը2: Նախնական վայրենին էլ ուներ անսահման ազատություն: Նա, անշուշտ, ամենաազատ դեմոկրատն էր: Բայց նրա բնակավայրում կատարած պեղումները երևան են հանում մարդկանց կրծած ոսկորների կույտեր: Էսպես էր տոնում իր տոնը հին ազատ դեմոկրատը – իր մերձավորին ուտելով: Մարդակեր էր նա:

          Չի կարելի անգույն բազմությունը դարձնել անսխալական աստվածություն: Фառք ու պատիվ բանվորի կոշտացած ձեռքերին, բայց փառք ու պատիվ և ռուսական մեծ ինտելիգենցիային, որի գաղափարներով վերափոխվում է Ռուսաստանը:

          Առանց գիտության ու կուլտուրայի մենք՝ էսպես ներքև գլորվելով դեռ երկար ժամանակ վայրենի կմնանք:

          Ավելի խորն է ցնցել Մաքսիմ Գորկու ճառը3, որ մի կրակոտ ջատագովություն է գիտությանը: Նա եղած ազատությունը անվանում է արտաքին ազատություն, ասում է հոգեպես դեռ ստրուկ ենք: Հոգեկան ստրկությունից մեզ միայն գիտությունն է ազատելու: Եվ ռուսական երազկոտությունը, տգիտությունն ու ծուլությունը ձաղկելուց հետո, որոտընդուստ ծափերի մեջ իր խոսքը վերջացնելով՝ առաջարկել է հիմնել գիտության ինստիտուտ 1917 թ. փետրվարի 27 – ի հիշատակին: Տեղն ու տեղը տվել է իր հասցեն, որ գործին օգնել ուզողները իրենց օգնությունը իրեն հասցնեն: Մարդու ծանր մտածմունքների մեջ են ընկղմում էս գեղեցիկ հավաքույթն ու էս ընտիր մարդկանց անկեղծ խոսքերը:

          Ուզենք չուզենք՝ անալոգիայով վերադառնում ենք դեպի մեզ ու մտածում, եթե սրանք հայտարարում են, թե գերմանական մի գործարանում ավելի շատ քիմիկոսներ կան, քան թե ամբողջ Ռուսաստանում և սարսափում են իրենց ետամնացությունից՝ ինչ պետք է անենք մենք, երբ հաստատ գիտենք, որ ետամնաց Ռուսաստանի էս մի ժողովում, ուր ողբում են իրենց տգիտությունը՝ ավելի շատ գիտնականներ կան, քան թե ամբողջ հայոց ազգի մեջ...

          Բայց ի՞նչ եմ ասում, ոչ թե ժողովում, այլ էս ժողովի միայն մի շարքում... իհարկե մեր խոսքը հայ գիտնականի մասին է:

          Մի զարմանալի զուգադիպությամբ հենց էս միևնույն օրը, մայիսի 11 – ին նշանակված էր Հայ Գրողների Ընկերության փակ երեկույթը, ուր ես մի համառոտ զեկուցումով պետք է ցույց տայի մեր գրականության ու գեղարվեստի խեղճությունը և գիտության կատարյալ բացակայությունը, որ մենք արտաքուստ ազատվելով, հոգեպես մնում ենք ստրուկ և պետք է խորհրդածեինք Հայոց Համալսարանի ու Հայոց Ակադեմիայի մեծ կարևորության մասին: Էնպես պատահեց, որ էդ օրը դահլիճը բռնեց հայ ուսուցչական համագումարը և, զեկուցում կարդալու փոխարեն, նույն խեղճության ու հոգեկան՝ ստրկութոսն՝ մասին ես ստիպված էի շատ ավելի սեղմ շեշտել Հայ ուսուցչական Համագումարի առջև իմ ողջույնի խոսքի մեջ՝ իսկական, ներքին ազատությունը ակնկալելով ազատ դպրոցից ու ճշմարիտ լուսավորությունից:

          Այո՛, մենք – շատ ու շատ ավելի ենք ետամնաց և ավելի խոր էլ պիտի զգանք մեր հոգևոր ստրկությունը, ավելի ուշադիր էլ ականջ դնենք աշխարհքի առաջավոր ժողովուրդների ու նրանց լավագույն զավակների կոչին, հետևենք նրանց, հիմնենք ու ազգովին պաշտպանենք Հայոց համալսարանը, Հայոց Ակադեմիան, զարգացնենք ու ծավալենք գիտությունը, գրականությունն ու գեղարվեստը մեզանում: Եվ մենք ամեն՝ կողմից ընդունակ ենք էս բարձր նպատակներին հասնելու, լավագույն ազգերի բարձրությանը հասնելու, իսկ էս ամենին հասնելու համար արդեն ճանապարհը բաց է մեր առջև, ուղիղ ու պայծառ: