Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

          Հիմնադրվում է Հայկազյան Ընկերությանը1:

          – Ինչի՞ համար է հիմնադրվում:

          Ահա թե ինչի համար:

          Ազգ ենք և մինչև էսօր չունենք մեր ազգային պատմությունը: Մեր ազգային պատմության նյութերը ցրված են վանքերում փակված ձեռագիրներից ու մեր շուրջը փռված հիշատակարաններից սկսած մինչև հեռավոր երկրների արխիվներն ու թանգարանները:

          Էս բոլոր նյութերը պետք է հավաքել գիտնականների, պատմագետների ձեռքով, ուսումնասիրություններ կատարել, մենագրություններ գրել (մոնոգրաֆիա), և հետզհետե պատրաստել մեր ազգի գիտական ճշմարիտ պատմությունը:

          Սա մի դժար ու մեծ գործ է, վեր ամեն անհատական և նույնիսկ մասնավոր ընկերության ուժերից:

          Եվ էս գործը կատարելու համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը՝ հենված համայն հայության բարոյական ու նյութական ուժերի վրա:

          Գրականություն ունենք, բայց դեռ մի ընդհանուր գրական լեզու չունենք: Եղածն էլ աղքատ ու աղճատ և անկազմակերպ: Պետք է հավաքել հայոց բարբառների, բովանդակ հայության լեզվական գանձերը, բառերն ու ոճերը, ամբարել, ուսումնասիրել ու օգտագործել, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, ստեղծել հայոց ազգային գրական լեզուն:

          Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

          Գիտություն չկա մեր մեջ: Եվ դպրոց, և գրականություն, և հրապարակախոսություն, և հասարակական ու ազգային գործեր մեծ մասամբ հիմնված են տգիտության վրա: Կենտ ու հատիկ հայ գիտնականներն էլ փախչում են մեր մթնոլորտից, զբաղվում են ուրիշ գործերով, կամ հեռանում, օտարանում են ու օտար լեզվով են զբաղվում գիտությամբ: Եթե մի Նորայր Բյուզանդ էլ, թեև դարձյալ օտարության մեջ, գիտությունով պարապում է հայերեն՝ էն էլ վերջը անիծում է իր վիճակն ու կտակ է անում, որ իր աշխատանքը կրակի մատնեն:

          Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերեն լեզվով և հայ գիտնականների կաճառ, գիտության օջախ, Հայկական Ակադեմիա:

          Եվ պետք է ստեղծել Հայոց Համալսարանը, ոտ կարելի լինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորել հայերեն լեզվով: Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ, – Հայկական Համալսարան:

          Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

          Ամեն մի նշանավոր հայ գրողի հորելյանի կամ թաղման օրը մի էնտեսակ ընդհանուր, համազգային վայնասուն է բարձրանամ, որ ամոթով կարող է ծածկել ամեն մի հետամնաց ժողովրդի. թե՛ նա տառապանքներից մեռավ, չկարողացավ ծառայել իր կոչումին, և այլն, և այլն... Եվ, հիրավի, գրեթե առանց բացառության, ոչ մի հայ գրող չի կարողացել գրականությամբ պարապի: Ամենքն էլ գրականությամբ պարապել են ի միջի այլոց, պատահաբար, ոտի վրա: Ամենքն էլ եղել են խանգարված գրողներ, և ամբողջ մեր գրականությունն էլ խանգարված գրողների խանգարված գրականություն է:

          Պետք է ազգովին պաշտպանել հայոց գրականությունը, գրողներին կապել իրենց գործի հետ և միանգամ ընդմիշտ վերջ տալ էս անառողջ ու անպատվաբեր դրությանը:

          Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

          Գեղարվեստը՝ իր ամեն ճյուղերով՝ թատրոն, երաժշտություն, նկարչություն և այլն՝ մեր մեջ ընկած է երեսի վրա և թողած մասնավոր մարդկանց խնամքին ու հոգացողությանը, այսինքն անտեր: Մինչդեռ բարձր քաղաքակիրթ ժողովուրդ դառնալու և կոչվելու համար առանց գեղարվեստի՝ ճար ու ճանապարհ չկա: Պետք է ուժեղ կերպով հովանավորել ու զարգացնել գեղարվեստի ամեն մի ճյուղը մեր մեջ:

          Ահա թե ինչի համար է հիմնադրվում Հայկազյան Ընկերությունը:

          Հայկազյան Ընկերությունը հիմնադրվում է էնպես, որ ամենքս միասին, միասնական ուժերով կարողանանք պաշտպանել ու առաջ տանել էս ընդհանուր մեծ գործը՝ մասնակցելով ու տալով մեր ունեցածից՝ շատից – շատ, քչից – քիչ: Ունևորը միանվագ վճարում է հինգ հազար ռ. և դառնում է մշտական իսկական անդամ, իսկ նախանձախնդիր անդամները տալիս են տարեկան տասը ռ.: Իհարկե, նախանձախնդիրն էլ միանվագ կարող է վճարել մի քանի հարյուր ռ., փոխանակ ամեն տարի 10 ո. վճարելու: Եվ մեր ունևորներն ինչքան էլ առատ մոտենան գործին՝ այսուամենայնիվ տասը ռուբլանոց անդամները ահագին ազդեցություն են անելու գործի վրա, հարկավ, եթե ամեն տեղ էլ զգան գործի մեծությունը, ամենքն էլ արձագանք տան ու տարեկան տասը ռուբլուց ձեռք քաշելով՝ մտածեն էս տեսակ մի մեծ ազգային գործ ստեղծելու, ինչի համար որ հիմնվում է Ընկերությունը:

          Եվ նա հիմնվում է ընդհանուր հայության ազգային դրոշմով – Հայկազյան անունով: Իսկ եթե հիմնվում է էս տեսակ ծանր օրերին, դա միայն պատիվ է բերում մեզ: Եթե իտալացին կարող է պատերազմի դաշտում – խրամատում համալսարան բաց անի և զբաղվի գիտությունով ու գեղարվեստով՝ մենք ինչո՞ւ չենք կարող խրամատներից էսքան հեռու զբաղվել նույն գիտությունով ու գեղարվեստով:

          Չմոռանանք, որ հայ ժողովուրդը ինչ բարձր բան կատարել է՝ միշտ կատարել է՝ չնայելով նեղ ու դառն ժամանակին...

          Եվ սրա մեջն է մեր ցեղի մեծությունն ու մեր կյանքի մեծ դրաման:

          Ինչ որ մենք կլինենք՝ մեր Համալսարանն էլ մեզ հետ: