Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ

          Մենք, ռուսահայերս, սովորաբար Հայաստան անվանել ենք Տաճկահայաստանին: Նույնիսկ Այրարատյան կամ Շիրակի դաշտից Տաճկահայաստան գնացողն էլ ասում է՝ Հայաստան եմ գնում: Էլ չեմ քննում, թե ինչ է սրա պատճառը, բայց էսպես է:

          Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան: Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մյուս անգամ Վան: Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՜նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից, ես, որ համարվում եմ նրա ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար...

          Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում:

          Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա: Պտտվեցի նրանց մեջ էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի ժողովներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությունս ու մի խորին վիշտ, թե մենք ի՜նչքան ենք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ. տկար ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես...

          Հապա նրա – Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը...

          Ի՜նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը...

          Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա: Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը:

          Բավական էր:

          Հայաստանը պետք է խոսի վերջապես:

          Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կտրող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար: