Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԽՈՍՔ ՍԿՍՆԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

          Երիտասարդ ընկերնե՛ր:

          Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել: 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը – Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան»1 անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել աոաջին շրջանի բանաստեղծության:

          Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների աոաջին գիրքը2, ու սկիզբն աոավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը:

          Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները»3 ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ:

          Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը: Մտերիմ ընկերներ եմ ունեցել աոաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ: Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կտրող է ընկերներ ունենալ աոաջին գրողներից մինչև նորագույնը:

          Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմանքով խոնարհվելով աոաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում:

          Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը: Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է:

          Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել:

          Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջներով ու նոր վերաբերմունքով: Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել: Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել: Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային: Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար:

          Եվ ահա՝ ողջունելիով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգեվորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում4 խոսք է անում ու մտածում իր գրականությունը պաշտպանելու մասին:

          Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ:

          Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը: Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը: Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և, մի շփոթվեք բնավ, որովհետև, ամենից շատ և ամենից լավ բանսատեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ու ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը: Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել: Նա միայն մեկնաբանում, տարգում ու բացատրում է: Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է:

          Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում: Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդնեից:

          Ազդեցությունը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը: Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում: Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ: Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է: Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի: Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ:

          Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս: Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք: Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը: