Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ՀԵՆՐԻԿ ՍԵՆԿԵՎԻՉԻ ՄԱՍԻՆ>

          Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհքի ամենատանջված ժողովրդներից մեկի՝ հայ ժողովրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը:

          Դո՛ւ, որ ազատ, լավագույն օրերի արշալույսը վառեցիր քո ցեղի հոգու մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրիմիդ վրա, փառաբանում է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողովրդի գրականությանը:

          Դո՛ւ, որ ընդհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի – ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ ու հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության ու սիրո էնքան կարոտ հայ ժողովրդի գրողն ու ընթերցողը:

          Եվ դու, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ու գեղեցկության մեծ քուրմերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք ձոնում քո հիշատակին աշխարհքի հնագույս գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից: