Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՏՈՆԸ

          1616 թվականի ապրիլի 23 – ին Անգլիայում վախճանվեց Շեքսպիրը, միևնույն օրը Իսպանիայամ վախճանվեց Սերվանտեսը:

          Մի օրում գերեզման իջան երկու գրական հսկա, որ ոգեպես հարություն առնելով ու բարձրանալով համաշխարհային գրականության հորիզոնի վրա կանգնեն ու մնան ընդմիշտ՝ այլ մեծերի շարքում՝ երկու պայծառ արեգակ կամ բանաստեղծության ամենատես աչքերը՝ հավիտյան բացված մարդկային կյանքի ու բնության վրա:

          Էս տարի, ապրիլի 23 – ին՝ լրանում է սրանց մահվան երեքհարյուրամյակը:

          Համաշխարհային աղետալի պատերազմի ընթացքում շատ տոներ եկան ու անցան չտոնված, բայց էս մի տոնը պետք է տոնի ամբողջ կուլտուրական աշխարհքը: Պետք է տոնեն և՛ պատերազմից հեռու կանգնած ժողովուրդներն իրենց խաղաղ քաղաքներում, և՛ կռվող ազգերը իրենց խրամատներում, և՛ անգլիացին, որ Շեբսպիր է ծնել, և՛ գերմանացին, որ Շեքսպիր է սիրել ու որդեգրել, և՛ ռուսը, և՛ ֆրանսիացին, և՛ իտալացին, և՛ ավստրո – հունգարացին, – ամե՜նքը, ամե՜նքը, մինչև ուր հասել է Դոնքիշոտի ազնիվ խելառության համբավը, մինչև ուր հասնում է Շեքսպիրի աստվածային բռնակալությունը, որ մարդկային հոգին ազատագրելով ամեն տեսակ բռնակալություններից՝ միայն ստեղծագործական ոգու իշխանությանն է ենթարկում:

          Էս տոնը վրա է հասնում սգավոր մարդկությանը՝ որպես մի համաշխարհային միություն, թե՝ ազգերը միայն ավերիչ թնդանոթներ չեն ղրկում իրար, այլև ստեղծագործող հանճարներ թե նրանք միայն իրար չեն ծվատում ու իրարից խլում, այլև փոխադարձաբար իրար տալիս են է՛ն ամենաբարձրը, ինչ որ կարող է մարդը երագել, թե նրանք ունին էն տեսակ կապեր, որոնք միշտ մնում են սրբազան, ամուր ու անսասան, նույնիսկ և էն ժամանակները, երբ պատառոտված ու ոտնակոխ են եղած արքայական կնիքներով կնքված ամեն դաշնագիր:

          Շեքսպիր ու Սերվանտես...

          Համլետ ու Դոնքիշոտ...

          Նրանք էին, որ հունականի ֆատալիզմից ու միջնադարյան միստերիայից, այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին ցիփ մերկացրին ժողովուրդների առջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը կյանքի ամենակողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը: Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ էն թարմ, առողջ օդը, որ վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները:

          Մենք էլ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին պետք է տոնենք էս մեծ տոնը:

          Հայոց գրական Ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն, հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի մահվան քսան հինգամյակը: