Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

          Գրականության միջոցով հոգեկան կապ է հաստատվում հայ ու ռուս ժողովրդի միջև, և էն անարյուն, բարոյական նվաճումները, որ անում է ու պիտի անի հայ ժողովուրդը թե՛ Ռուսաստանում, թե Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նոր են ու, անկասկած, շատ թանկ: Եվ լուրջ է գործի սկզբնավորությունը:

          – Ռուսաց գրողներից շատերն այժմ զբաղված են հայոց գրականության ուսումնասիրության ու թարգմանության գործով: Օրեցօր ավելի ու ավելի են ճանաչում Տեր բանաստեղծությունն ու ձեզ, և ահա թե ինչեր են գրում իրենց նամակներում, ասում է ռուս մեծանուն բանաստեղծը՝ Վ. Բրյուսովը, որ էդ գործի գլուխն է կանգնած Մոսկվայում, և հայտնում է ռուս նշանավոր գրողների կարծիքները՝ լիքը հրճվանքով ու սիրով:

          Եվ իր դասախոսությունը «Հայ բանաստեղծության մասին» ընդհանուր առումով թերևս կարելի լինի ռուս գրողների էդ հրճվալից վերաբերմունքի արտահայտությունը համարել:

          Այժմ պ. Բրյուսովը հայոց բանաստեղծությունից անցնում է պատմությանը:

          Հայոց պատմությանը...

          Նախանցյալ դարու վերջերն էր, որ ռուսները նոր ոտք դրին Վրաստանի սահմանները: Շատ ցավալի պատկերներ բացվեցին նրանց առաջին էդ գեղեցիկ ու դժբախտ երկրում: Էդ տխուր պատկերներից մեկն էլ նոր ավերած Թիֆլիսն էր2, ուր շատ դիակների թվում կար և մի սրահար ծերունի կրոնավորի դիակ՝ օրերով բերդի եկեղեցու դասն մեջտեղը ընկած: Սայաթ – Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր Դավիթ անունով և թեմի առաջնորդը: Սայաթ – Նովան – որ կնշանակի երգի թագավոր, երաժշտության տեր: Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ:

          Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ – Նովայի նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը – նրա պատմությանը:

          Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ...

          Եվ երբեք չցամաքեց էդ արյունոտ դաշույնը, ոչ նրանից առաջ, ոչ էլ նրանից հետո մինչև էսօր...

          Հայոց պատմությունը դարերի անվերջ մաքառում եղավ, որ կարողանար ետ մղել էդ սպանիչ դաշույնը իր սրտից, և իր լավագույն զավակներն էդ կովի մեջ մաշեց ու սպառեց: Էսօր էլ իր զավակները միացած ռուսական մեծ բանակին ու լավագույն ժողովուրդներին՝ ասես թե հազար – հազար ձեռքերով ձգում են ու ճգնում են հանեն էդ դաշույնը մեծ Սայաթ – Նովայի սրտից:

          Բայց պետք է ճանաչել Սայաթ – Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում...

          Գնանք լսելու մեր լավ, մեր հռչակավոր բարեկամին, թե ի՞նչ է ասում հայոց պատմության մասին, հայի դարավոր տառապանքի ու մաքառումի մասին և հայի ապագայի մասին...