Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԽՈՍՔ՝ ՈՒՂՂՎԱԾ Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻՆ

          Էս ւոարվա սկզբին մեր անմոռանալի բարեկամն ու ընկերը՝ Վ. Բրյուսովը, երբ Թիֆլիսում մեզ մոտ հյուր էր1, զրույցների ժամանակ հայոց բանաստեղծության հանդեպ միշտ կրկնում էր իր անկեղծ հիացումը և զարմանքով ու ցավով հարցնում, թե ի՞նչպես են իրենք մինչև էսօր անծանոթ մնացել մի էս տեսակ հարուստ գրականության ու արվեստի:

          Ու մի օր էլ, խնջույքի մեջ, դիմելով նրան, ես էսպես բացատրեցի նրա համար զարմանալի երևույթը, թե ինչպես է եղել, որ իրենք անծանոթ են մնացել մեր բանաստեղծությանը: Ասի՝ մինչև էսօր Ռուսաստանից մեզ մոտ ոստիկաններ են ուղարկել, թե գնացեք գողեր բռնեցեք ու սրիկաներ: Նրանք էլ եկել են՝ ավազակներ, գողեր ու սրիկաներ են գտել: Դատախազներ են ուղարկել, թե մարդասպաններ ու ոճրագործներ երևան հանեցեք ու դատապարտվեցեք: Նրանք էլ եկել են, մարդասպաններ ու ոճրագործներ են գտել: Ժանդարմներ են ուղարկել, թե արթուն հսկեցեք, հեղափոխականներ գտեք: Նրանք էլ եկել են՝ հեղափոխականներ են գտել. Եվ այլն, և այլն: Ու լուրը գնացել է Ռուսաստան՝ թե Կովկասում՝ ավազակներ կան, գողեր ու սրիկաներ կան, մարդասպաններ, խաբեբաներ ու ոճրագործներ կան, հեղափոխականներ կան...

          Բայց բանաստեղծներ չեն ուղարկել, թե գնացեք Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն որոնեցեք: Ահա, առաջին անգամն է ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ հատկապես մեր բանաստեղծության համար: Աոաջին անգամն են ռուս նշանավոր բանաստեղծները մեր բանաստեղծությանը մոտենում – և գտնում են լիուլի, և այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում կամ հայերի մեջ բանաստեղծություն էլ կա, բանաստեղծներ էլ կան...

          Մեր ազնիվ հյուրը պատմում էր, թե առաջին անգամ, երբ նրանց ուշադրությունը խնդրել էին հայոց բանաստեղծության վրա, նրանք ինչ զարմանքով ու անլուրջ էին վերաբերվել էդ առաջարկին, իսկ երբ ծանոթացանք, ասում էր, գրեթե հենց առաջին ծանոթությունից, հենց առաջին գիշերից միանգամից ամենքս հիացանք ու դարձանք հայասեր: Եվ առաջ էր բերում էն տեսակ ականավոր բանաստեղծների կարծիքները, ինչպես Բայլմոնտ, Վ. Իվանով, Բլոկ և այլն: Բայց ամեն թյուրիմացություն փարատելու համար՝ էստեղ պետք է ասեմ, որ միշտ մեր միջնադարյան բանաստեղծությունն է եղած հիացման գլխավոր առարկա ն:

          Էն ժամանակ նրանք էին հիացած, այժմ հերթը մերն է: Ես քննադատելու չեմ «Поэзия Армении» գիրքը: Քննադատներ շատ կան, նրանք կքննադատեն: Ամենաշատը ես ինչ – ինչ նկատողություններ եմ անելու, մեծ մասամբ մեր հին բանաստեղծության մութն ու վիճելի կետերի վրա: Սակայն չեմ կարող իմ բուռն ու անկեղծ հիացումը չհայտնել հրապարակով մեր լավագույն բարեկամների ու ընկերների էն շնորհքի ու սիրո հանդեպ, որ նրանք հանդես են բերում էս գեղեցիկ գործի մեջ, հաճախ անհաղթելի դժվարությունները հաղթահարելով: Մարդիկ կան, որ բանաստեղծների անհաջող գործերն են որոնում ու նրանցով են զբաղվում: Դրանք անգետ ու անճաշակ մարդիկ են, և նույնիսկ վատ՜ հոգու տեր մարդիկ: Թերությունները պետք է նկատել, բայց բանաստեղծին իր հաջող գործերի մեջ պետք է ճանաչել, նրանցով պիտի գնահատել:

          Եվ էս ճշմարիտ է ո՛չ միայն ինքնուրույն գործերի համար, այլև թարգմանության: Չէ՛ որ բանաստեղծության թարգմանությունը, էն էլ առանձին համ ու հոտ, շունչ ու ոճ ունեցող բանաստեղծության թարգմանությունը շատ է դժար ու հազվագյուտ բան: Բանաստեղծության նույնիսկ լավ թարգմանության համար ասված է, թե նա մի վարդ է, որ ապակու տակ է դրված: Այսինքն թե՝ ձևը կտեսնես, բայց բուրմունքը չես զգալ: Ինչքա՜ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձևը ցույց տա, այլև ինքնուրույն բուրմունքը հաղորդի: Եվ շնորհքի հետ ի՜նչքան սեր...

          Եվ ի՜նչ խնամքով կազմած ու ճաշակով տպած գիրք է, ինչքան շքեղ իր պարզության մեջ: Դրա համար էլ ամեն մի ձեռքն առնող, – հայ լինի թե օտար, – համակվում է սիրով ու հարգանքով դեպի մեր շատ թշնամի ու քիչ բարեկամ տեսած ցեղը:

          Այժմ ամենքի համար պարզ է «Поэзия Армении» գրքի նշանակությունը: Էն ժամանակ Բրյուսովին իրեն էլ էինք ասում:

          Եվ բնավ չափազանցություն չէին էն բոլորը, ինչ որ դարձրին բրյուսովյան շաբաթը Թիֆլիսում՝ տոնական շաբաթ:

          Եվ ահա էս ամենի համար պարտականություն եմ զգում եղբայրական համբույր ուղարկելու նրանց, Ռուսաստանի լավագույն զավակներին, որ կյանքում լավագույնն են փնտրում, ընտրում ու սիրում:

          Վերջապես եկավ վաղուց սպասված գիրքը – Поэзия Армении – ն, Հայաստանի բանաստեղծությունը: Եվ ռուսերենից ու ռուսախոս հայերից նրանք, որ միայն Հայաստանի թշվառությունն էին լսել, կոտորածներն ու սարսափները գիտեին, այժմ կտեսնեն և նրա բանաստեղծությունը ու կսիրեն: Զեն կարող չսիրել, որովհետև ինքը ամբողջ սեր է. իսկ, մեր անզուգական Սայաթ – Նովայի խոսքով ասենք, «Սերը սեր կու բերե... » և

                              «Աշուղի լեզուն բլբուլ է,

                              Օրհնանք ունի, նալաթ չըկա... »: