Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ԽՈՍՔ Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՑԱՆ ԱՌԹԻՎ>

          Էս օրերին, երբ՝ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վ<ալերի> Բրյուսովը և խոսում է մեր բարոյական – հոգեկան ուժի ու մեծության մասին – «Հայոց բանաստեղծության մասին»:

          Նա հայոց բանաստեղծությունը անվանում է հայ ազգի ազնվականության վկայական:

          Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ու ամենաքնքույշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել աստծո իրեն հետ երես առ երես:

          Եվ նույնիսկ էսօր էլ՝ թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ՝ միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում:

          Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ:

          Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել.

          – Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը: Սա էն գիրն է, որի մասին մեր Սայաթ – Նովեն ասում է.

          Ամեն մարթ չի կանա կարթա իմ գիրն՝ ուրիշ գըրեն է...

          Դուք եղաք էն հազվագյուտ մարդկանցից մինր, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհքի առջև: Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում և մանավանդ Ռուսաստանում: Ռուսաց նշանավոր գրողներից առաջինն

          եք դուք, որ ձեր հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունը ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ:

          Էս բարձր ու գեղեցիկ գործի համար Հայոց Գրողների Ընկերության անունից հայտնում եմ Ձեզ մեր լիասիրտ շնորհակալությունը: Ողջունում եմ Քեզ, որպես ռուսական գրականության խոշոր ներկայացուցիչի, և սիրով ու պատկառանքով խոնարհում եմ ռուսական մեծ ազգի հոյակապ գրականության առջև – Պուշկինի, Լերմոնտովի, Գոգոլի, Դոստոեսկու, Տուրգենևի, Չեխովի, Տոլստոյի և իրենց արժանավոր ժառանգների գրականության առջև, որի վրա կրթվել են մեր գրողներից ու մտավորականներից շատ շատերը: Մենք ինքներս մեր կողմից վաղուց ենք կապված ձեր գրականության հետ, այժմ է՛լ ավելի ուրախ ենք փոխադարձ կապի համար, որ հաստատում եք դուք, և աստված տա՝ դուք միակը չլինեք, որ ռուս բարձր մտավորականության կողմից գալիս եք մեզ մոտ սիրո ու հարգանքի խոսքերով: