Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ

          Լրագրական տեղեկություններից արդեն իմացանք, թե ինչ խանդավառությամբ է Բաքվում թատրոնը լցվել հայ հասարակությունը ռուս հայտնի բանաստեղծ Վ<ալերի> Բրյուսովի դասախոսությանը «Հայոց բանաստեղծության մասին»:

          Հայ գրողների Ընկերության հրավերով նա հանձն առավ գալ Թիֆլիսում էլ կրկնելու նույն դասախոսությունը: Դասախոսությունը նշանակվեց, և, դեռ աֆիշաները չտպված ու չտարածված, տոմսակները գրեթե վերջացան:

          Ինչո՞վ բացատրել էս բացառիկ ոգևորված վերաբերմունքը:

          Անշուշտ հասարակությունը մեծապես փափագում է տեսնել ու լսել իրեն – մեծանուն բանաստեղծին, որին ծանոթ է ու հարգում է հեռվից, բայց մեծ համակրություն է առաջ բերել նաև նրա ու նրա ընկերների ձեռնարկած գործը: Աոաջին անգամն է, որ անվանի ռուս գրողները հայ ու վրաց գրականությունները դարձնում են լուրջ ուսումնասիրության առարկա, առաջին հարգանքի խոսքն են արտասանում և էնքան հաջող ու էնքան մեծ ծավալով թարգմանում:

          Հանում են, թեև փոքր, բայց հին, կուլտուրական ժողովուրդների հոգևոր գանձերր, հիացմունքով ցուցադրում՝ սեր ու հարգանք առաջ բերելով ոչ միայն ռուս հասարակության մեջ, այլ հենց էդ փոքր ժողովուրդների միջև միջնորդ հանդիսանալով, իրար հետ ծանոթացնում ու կապում փոխադարձ սիրո կապերով:

          Եվ անկասկած մեծապես շոյում է մեր ժողովրդի ազգային ինքնասիրությանը և մխիթարում է նրա վշտացած սիրտը էս հարգանքով ու սիրով լիքը վերաբերմունքը՝ մեծ գրականության կողմից:

          Ողջունում ենք մեր հռչակավոր կոլեգային ու իր գեղեցիկ գործը:

          Բարի գալուստ: