Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՔՈՒՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՎ ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ՌՈՒՍԵՐԵՆ

ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

          «Русская мысль» ամսագրի սեպտեմբերի № – ում1 տպված են մեր Քուչակ Նահապետի և Սայաթ – Նովայի երգերից մի քանիսի թարգմանությունները, որ կատարել է ռուսաց նշանավոր բանաստեղծ Վ<ալերի> Բրյուսովը: Հարգելի թարգմանիչը իր թարգմանություններին կցել է մի հառաջաբան, որի մեջ մեծ սիրով ու հարգանքով է խոսում հայ ազգի և նրա հին գրականության վրա:

          Ասում է՝ «Ժամանակակից պատերազմը նորից հերթի հանեց էն ժողովրդի վիճակի հարցը, որ գրեթե երկու հազար տարի «Եվրոպայի առաջապահն է եղել Ասիայում» : Իհարկե, ոչ ոք չի երկբայում, որ հայերը արժանի են կարեկցության էն անպատմելի տանջանքների համար, որ արդեն մի քանի դար է քաշում են թուրքական լծի տակ: Բայց հայ ազգը ուշադրության առնվելու բարձրագույն իրավունքն ունի, և դա բարձր – կուլտուրական ժողովրդի իրավունքն է՝ խոսքի ամենալավ իմաստով:

          Հայոց գրականությունը, որ իր գոյությունը հազար հինգ հարյուր տարու է հասցնում՝ սրա ամենալավ ապացույցն է: Հայոց բանաստեղծությունը, Ֆետի խոսքով ասենք, հայ ժողովրդի «ազնվականության վկայականն է» 2...

          Ապա թե կանգ առնելով մեր երկու հին բանաստեղծների4 Քուչակ Նահապետի ու Սայաթ – Նովայի վրա, որոնց երգերից թարգմանություններ է տալիս, շեշտում է, թե՝ հենց միայն էս երկուսը հերիք են, որ նրանց ծնող հայ ժողովուրդը միանգամ ընդմիշտ մտնի էն կուլտուրական ժողովուրդների շարքը, որոնք միասնաբար մասնակից են մարդկության ստեղծագործությանը, և հարակցում է, թե ինչ աոանձին խնամքով է վերաբերվել նրանց երգերի թարգմանությանը: Դժբախտաբար էս պատկառանքով լիքն զգացմունքի ու վերաբերմունքի հանդեպ խոչընդոտներ կան, որ մեծ չափով ի դերև են դարձնելու ամեն ջանք ու աշխատանք: Դրա համար էլ ուզում եմ իմ մի քանի դիտողություններն առաջարկել ազնիվ թարգմանչին ու իր աջակիցներին՝ թե Քուչակի և թե Սայաթ – Նովայի երգերի բնագիրների տպագրական և բացատրական ինչ – ինչ սխալների ու մութ տեղերի վրա և նախազգուշացնել, քանի դեռ գործի սկիզբն է: Գուցե թե ավելի զգուշավոր վերաբերմունքով ավելի շատ կարողանան խուսափել ակամա սխալներից:

          Սկսենք տպագրած թարգմանական կտորներից:

          Իմ կարծիքով սխալ է թարգմանված Քուչակ Նահապետի հետևյալ քառյակը: .

                               «Իմ եար բարձրագնայ լուսին, յո՞ւր կ'երթաս գիշերդ անհուն.

                               Շատ յերդիք 'ի վար, հայիս, կու տեսնես շատ կիւզէլ 'ի քուն

                               Եւ զկոճկիկս ալ արձակ արեր, լոյս դիպեր 'ի մէջ ծըծերուն,

                               Շառաւիղ յերկինս տուեր, խաւարեր լոյսն աստղերուն» :

                                                                         (Քուչակ Նահապետ, էջ 49)3:

          Թարգմանած է.

                               Скажи, мой милый месяц, мне: куда спешишь, дробясь в волне?

                               Сквозь окна много милых дев ты видишь, дремлющих во сне:

                               Оне, полураздеты, спят; ты их ласкаешь в тишине,

                               И после, в небе покраснев, ты звезды гасишь в вышине.

                                                                         (Русск. Мысль, стр. 3).

          Ռուսերեն թարգմանության մեջ լուսինն է շառագունում ու աստղերը մարում, այնինչ հայերենի մեջ ծըծերի շառավիղն է երկինք տալիս ու աստղերի լույսը խավարեցնում:

          Նույնպես սխալ է թարգմանած «Կռունկի» էն տողը, որ ասում է,

                               «Զարկած է զիս շամփուրն, բռնած կրակին».

                               «Вертель бьет меня, на огне согрет».

          Հայերենի պարզ միտքն էն է, թե ինձ շամփուրն են անցկացրել ու բռնել կրակին, ոչ թե տաքացրած շամփուրը ծեծում է ինձ:

          Սայաթ – Նովայի

                               «Մեչկըղ սալբու չինարի պես...» 4

          Թարգմանած է.

                               «Твой стан – чинарный кипарис»...

          Ճիշտ է, սալբուն կիպարիսն է (նոճին), և էդպես էլ բացատրել է հանգուցյալ Ախվերդյանը, բայց սալբու փոխաբերաբար կնշանակի բարեկազմ, վայելչահասակ, ուղղաձիգ, стройный:

                               «Կրակե ծովեմեն դուրս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա» 5:

          Թարգմանած է.

                               «Օ, дочь огня! крылатый конь, степная лань ты для маня».

          Մինչդեռ Սայաթ – Նովեն ակնարկում է կովկասյան առասպելների, հեքիաթների հրեղեն ծովից դուրս եկած հրեղեն ձին ու հրեղեն ջեյրանը:

                               «Շուխկըդ աշխարըս բռնիլ է՝ արեգակի դեմըն փար իս»... 6

          Թարգմանած է.

                               «Ты блеском озаряешь мир, ты солнцу – щит средь синевы!»

          Ախվերդյանն էլ է բացատրտթյան մեջը փար – նշանակել վահան, բայց փար իսկապես կնշանակե լույս, փարեղեն – լուսեղեն, սրանից էլ փարի, փերի: Ինչպես մի ուրիշ տեղ էլ գործ է ածում Սայաթ – Նովեն ավելի պարզ.

                               «Արեգագի նըման՝ փարա իս, գոզալ» (էջ 88)7

          Եվ Ախվերդյանն էլ, թեև ասում է բառի միտքը չի իմացվում, այսուամենայնիվ նշանակում է, թե՝ պարսկերեն փեր, փերթեվ նշանակում է լույս, ճառագայթ: Էսպեսով էլ Սայաթ – Նովայի միտքն էն չի, թե արեգակի դեմը վահան է իր սիրուհին կամ արեգակի վահան, այլ թե՝ արեգակի դեմը նույնիսկ՝ լուսավոր ու լուսեղեն է, իբրև մի այլ արեգակ:

                               «Հենց իմացի՛, յա՛ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ» 8:

          Թարգմանած է.

                               «Причти меня к своим рабам, верь, что твоя лампада я»...

          Էստեղ չըրաղը лампада չի և բնավ ճրագի նշանակություն չունի: Ախվերդյանը, ճշմարիտ է, բացատությունների մեջ դրել է ճրագ, բայց նշանակել է և բառ երկրորդ նշանակությունը, թե՝ մեկի չրաղը էն մարդն է, որին նա նվաստ վիճակից առաջ է քաշում, պահպանում ու մարդ շինում: Սայաթ – Նովեն էլ իր յարին ասում է՝ հաշվի՛ր, թե դու ես ինձ մարդ շինել, ՛թե ոչնչութունից՝ քո ստեղծած մարդն եմ ես ու «թող դըրանըտ նընգած ըլիմ»... 9:

          Էս տեսակ սխալների մեջ կարող են ընկնել տեղ – տեղ նաև մեր բանաստեղծների մյուս երգերը թարգմանելիս, եթե թարգմանեն էնպես, ինչպես տպագրված ու մեկնաբանած են թե Քուչակը, թե Սայաթ – Նովեն, թեպետ և երկու գիրքն էլ շատ բարեխիղճ ու հմուտ մարդկանց ձեռքով են անցել:

          Օրինակ.

          Քուչակի մեջ 66 երեսում ասված է.

                               «Ով իմ եարիս պագ առնու, նա պակսի՛ աղջկանցն ի լուսոյն» :

          Ես կարծում եմ, պետք է լինի.

                               «... աչացն ի լուսոյն» :

          68 երեսում ասում է.

                               «Երթամ չի կենամ ի հոս, ուր երթամ հոն ալ չի կենամ.

                               Երթամ քանց Հռոմն ի վար վտարիմ, այլ իսկի չի գամ.

                               Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա հեռու եմ, այլ հեռանամ:

                               Թէ գան ու զիմ տեղն ասեն, նա զընճիլն եմ, կտրեմ ու գամ» :

          Ես կարծում եմ պետք է լինի.

                               «Թե գան ու քո տեղն ասեն, նա զնճիլն իմ, կտրեմ ու գամ» :

          Սայաթ – Նովայի 59 երեսում ասված է.

                               Իմ հուքմի հեքիմըն դուն իս, ես էլ ուրիշ Շահ չ'իմ ասի:

          Շահը դրված է թագավորի իմաստով, էնպես էլ հասկանում են: Պետք է լինի փոքրատառով շահ, որ կնշանակի օգուտ, օգնություն, դեղ, ճար10:

          64 երեսում ասում է.

                               Չ'իմանա քալագըն, չիմանա ղալըն:

          Քալագն ու ղալըն նշանակված են իբրև մութը բառեր, մինչդեռ քալագըն Թիֆլիսի քաղաքն է նշանակում, ղալըն – բերդը:

          74 երեսում խար, բացատրած է փուշ: Խար, որ շատ հաճախ գործ է ածվում Սայաթ – Նովայի երգերի մեջ, էն բողոճն է, որ ուտում ու փչացնում է վարդը:

          81 երեսում ասում է.

                               «էրած, խորված ման իմ գալի, մե տիղ չը կա մար ունենամ».

          Եվ մար նշանակած է իբրև մաթն ու անհայտ բառ. մինչդեռ հասարակ գրչի սխալ է, և պետք է լինի

                               ... մե տիղ չըկա մարդ ունենամ» 11... 108 երեսում ասում է.

                               «Թե վար քաղաք տիղ հանդիբիս՝ կու քանդիս, – վար չ'իս անի» :

          Պետք է լինի վառ12 չիս անի, այսինքն չես շենացնիլ, չես պայծառացնիլ: Իր սիրուհու անգթությանն է ակնարկում:

          Սայաթ – Նովայի հայերեն երգերը գրած են վրացական տառերով, իսկ վրացական տառերի մեջ ռ տառը չկա, և ամեն տեղ ռ – ի տեղ գործ է ածած ր: Հանգ<ուցյալ> Ախվերդյանը որտեղ ր – ռ է կարծել, փոխել է գրել ռ, որտեղ չէ՝ թողել է ր: Եվ հենց դրանից է առաջացել վերևը բերած վար չիս անի – սխալը, որի դեմը գրել է՝ շինել և տարակուսանքով հարցական է դրել: Իսկ մի արիշ տեղ, 142 երեսում գրել է.

                               «Սայաթ – Նովա բաղըն դուն իս, –

                               Կարոտ իմ, բառ իմ ասում» :

          Բարը շինել է բառ, մինչդեռ հենց էստեղ պետք է մնար բար, որ պտուղ, բերք կնշանակի: Իր բաղից պտուղ է ուզում:

          Կարծում եմ նույնպես սխալ է բացատրած հետևյալ տողը և վտանգավոր է թարգմանության համար:

                               «Սայաթ – Նովեն ասաց՝ դարդըս քանց մե ճարըն շատացիլ է...»18:

          Բացատրած է վրաց այբուբենի ճար – ճ տաոով, որ կնշանակի հինգ հազար, իբր թե՝ դարդս քանց հինգ հազարն՝ շատացել է: Մինչդեռ ճարը՝ դեղ կնշանակի, և ասում է՝ դարդս էնքան շատացել է, որ էլ ոչ մի դեղ չկա, շատացել է1 ամեն մի ճարից վեր:

          Իհարկե՝ սրանք իմ կարծիքն ու բացատրությունն են և կարող են նույնպես սխալ դուրս գալ, սակայն եթե ոչ բոլորը՝ գոնե էս կամ <էն> նկատողությունը կարող են ճշմարիտ լինել և դարձյալ ես հասած կլինեմ իմ առաջադրած նպատակին, որ է – թե Քուչակ Նահապետի, թե Սայաթ – Նովայի և թե նրանց նմանների գործերի բառացի թարգմանությանը ռուս բանաստեղծներին տալիս՝ տալ շատ զգուշավոր ու ստուգված, քանի որ հարգելի թարգմանիչները իսկի ժամանակակից հայերեն լեզուն չգիտեն, ուր մնաց նրա միջնադարյան բարբառները և կամ գրաբարը: Եվ մանավանդ, որ էսքան մեծ արժեք ու նշանակություն ունին էդ երկերը թե մեզ համար, թե օտարոտի աչքում, և գործի գլուխ էլ կանգնած է հայտնի գործիչներից ընտրված մի հասարակական մարմին – Մոսկվայի Հայկակւսն Կոմիտեն:

          Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում, առաջինը Պոլոնսկին է եղել, որ ուշք է դարձրել Սայաթ – Նովայի վրա ու հիացել: Պոլոնսկին հանգ[ուցյալ] Ախվերդյանի մոտիկ բարեկամը՝ թերևս ընկերն է եղած: Նրա մոտ է տեսել Սայաթ – Նովայի երգերի տետրակը և, ծանոթանալով, 1851 թվականին «Кавказ» թերթի №№ 1 – 2 – ում մի ոգևորված հոդված է գրել, բնորոշել, գնահատել ու երգերից էլ մի քանիսը թարգմանել:

          Նրանից հետո էլ են մի քանի անգամ ռուսերեն թարգմանել, բայց առաջին անգամն է, որ պ. Բրյուսովը թարգմանում է վարպետի ձեռքով՝ աշխատելով հաղթել գրեթե անհաղթելի արգելքների և՝ ինչպես Սայաթ – Նովայի, էնպես էլ Նահապետ Քուչակի երգերը տալ ռուսերեն խորապես ճանաչելով նրանց մեծությունը և ինքնուրույն շունչն ու երանգը, և նրանց գործերը անվանելով հայ ժողովրդի ազնվականության վկայական:

          «Այո՛, ճշմարիտ է՝ գեղեցիկ գրականությանը, իբրև հոգու պարզ ու կատարյալ արտահայտություն, ժողովուրդների անխարդախ վկայականն է, և ինչքան բարձր է գրականությունը, էնքան բարձր վկայական է մի ժողովրդի կուլտուրականության, բայց միաժամանակ նաև բարձր հոգեկան կապ է ժողովուրդների մեջ

          Մենք ունեցել ենք էդ բարձր վկայականը, բայց էդ վկայականը մնացել է մեր գրպանում, կարդացող չի եղել, դրա համար էլ չունենք էն մեծ փոխադարձ շաղկապը ուրիշ ժողովուրդների հետ: Մենք ենք միայն օտարների հանճարները ճանաչել սիրել ու սրտով

          կապվել նրանց հետ, իսկ մեր ցեղի հանճարը ոչ ոք չի ճանաչել, դրա համար էլ մեզ ոչ ոք չի գնահատել, չի սիրել ու հոգեպես չի կապվել մեզ հետ:

          Խոսքիս ամենապերճախոս ապացույցը հենց ռուս ամսագրի էս համարն է, որի մեջ ռուս բանաստեղծը հրճվանքով է նկատում, որ մեր երգիչներն էլ են սավառնում էն «եթերային բարձրունքներում» ուր Հաֆիզն է սավառնում: Իսկ «եթերային բարձունքը» էն երջանիկ աշխարհքն է, որ բոլոր հայրենիքներն ու

          կրոնները միացնում է գեղեցկության, ճշմարտության ու արդարության մեջ, ուր այլևս խտրություն չկա և ամենքից հավասար սիրվում է ամեն մեկը, ով էնտեղ կհասնի:

          Վերջապես ժամանակն է, թող իմանան մեր ռուս եղբայրները, էնպես էլ ավելի հեռուները թող իմանան, որ եթերային բարձունքները» երբեք խորթ ու անմատչելի չեն եղած հայի հոգուն, որ հայի հանճարն էլ է միշտ սավառնացել էն վսեմ, էն սուրբ ու նուրբ ոլորտներում, թեև նա ինքը՝ հայը միշտ լողացել է արյան ծովի մեջ, ահա ճիշտ էնպես, ինչպես մի Սայաթ – Նովա: