Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ

          (Հայ օպտիմիստի խորհրդածություններից – մեծ պատերազմի

          ու հայկական խնդրի առիթով)

          «Բնությունը կենդանի է ստեղծել, – մարդը հառաջադիմության արդյունք է» :

          Էսպես են որոշել մարդկային իմաստությունն ու գիտությունը:

          Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ՝ անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանամ է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը՝ տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում, է մի դժբախտ դեպք, որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով:

          Դեռ սրանից էլ ավելին: Տեսնում եք՝ նրա մեջ արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմի – այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությանը:

          Եվ դեռ սրանից էլ դենը: Նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտվում

          ու հաստատվում է կենդանասիրության խոր ու վսեմ զգացմունքը, որ տանում է դեպի տիեզերական մեծ կյանքը:

          Եվ, անշուշտ, ուրախականով պետք է նկատեինք էս հառաջադիմությունը, եթե մեր հեռավոր գեղեցիկ երազները չլինեին ու մեր ազնիվ անհամբերությունը:

          Այո՛, մենք շատ ենք հեռու էն լավ մարդուց ու լավ կյանքից, որ երազում են լավագույն երազողները, բայց ակներև հառաջադիմությունը դեպի նրանց է տանում:

          Էսպիսով առաջադիմությունը, ամենակողմանի կերպով առած, մի աստվածային աշխատանք է, որ կատարում են ընտիր անհատներն ու ազգերը, լավ մարդն ու լավ կյանքը ստեղծելու համար: Եվ անհատը կամ ազգը ինչքան ազնիվ է՝ էնքան էլ շատ է նախանձախնդիր հառաջադիմության ճանապարհը շատով բռնելու և էնքան էլ ուժեղ թափով ու սրտով է շարժվում էդ աստվածային գործը կատարելու:

          Սակայն ամեն հառաջադիմություն պայմանավորվում է ինքնուրույն քայլեր անելու, ունեցած լավագույն ձիրքերը մշակելու և լավագույն զգացմունքները զարգացնելու ազատության պայմանով: Մի ժողովուրդ, որ կլանված լինի իր գլխապահության հասարակ խնդրով, ինչպես մեր ժողովուրդն է եղել կլանված ասիական բռնակալությունների տակ «կյանքի, գույքի ու պատվի» մշտական բռնաբարումի խնդրով, էլ նա ի՞նչպես կարող է մասնակից լինել մարդկության ընդհանուր հառաջադիմաթյան գործին: Մեր կյանքը դժոխք են դարձրել նրանք, մեզ համար մարդուն անվայել ստոր վիճակ են ստեղծել ու ստոր խնդիրներ, մեր ուշքն ու միտքն էլ հետը ցած տարել: Դառնացրել են մեր հոգին, նրա մեջ զարգացրել են վրեժի ու թշնամության զգացմունքները, ստիպել են երգել «Արյան երգեր», և մեր լավագույն մարդիկն էլ չեն կարողացել դուրս գան մեր իրականության անձուկ ու արյունոտ շրջանակից, հեռու նայեն ու մասնակից լինեն համաշխարհային մեծ խնդիրների մշակումին՝ գրական լինի, գիտական, թե հասարակական:

          Այժմ համաշխարհային մեծ ցնցումով՝ շատ ու շատ բան է հեղաշրջվում ազգերի հոգում ու կյանքում, չտեսնված մեծ պատերազմը խոստանում է չտեսնված մեծ էլ բարեփոխություններ: Մեծ պետությունները իրենց սրերը մերկացրել են նաև հանուն ճնշված ազգերի ազատության: Սրանով նրանք գալիս են վերացնելու էն անվերջ ու արդար խռովաթյունը, որ հարուցանում են հալածված ազգերը իրենց վիճակի հանգամանքով և էսպեսով էլ խռովարարների փոխարեն նրանք, մեծ պետությունները ստեղծում են իրենց համար բարեկամներ ու գործակիցներ խաղաղ աոաջադիմության ասպարեզում:

          Մենք՝ հայերս էլ էդ փոքր ազգերից մինն ենք: Տաճկական բռնակալության անկամով ու հայկական հարցի բարեհաջող լուծումով մեր առջև էլ նոր հորիզոններ են բացվում: Հնարավորություն ենք ստանում ապրելու շատ ավելի գեղեցիկ ու խոր զգացմունքներով, զբաղվելու մեծ խնդիրներով, մտնելու հառաջադեմ ազգերի եղբայրության մեջ ու նրանց հետ միասին նրազելու կյանքի վսեմ երազները, նրանց հետ միասին մասնակից լինելու համամարդկային մեծ խնդիրների մշակույթի ազնիվ գործին ու նրանց հետ միասին գնալու դեպի մեծ կյանքը:

          Եվ մեր բախտավորությանն այն է, որ մենք միանգամայն ընդունակ ենք սրան, ու էստեղ է, որ կարող ենք ասել՝ փոքր ժողովուրդ չենք մենք:

          Եվ սրանով է թանկ մեր հարցը, սրանով է իմաստալի մեր կռիվը, սրա մեջ է մեր իրավունքի ամբողջ վսեմությունը: