Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏՆԵՐԸ

          Թեև դեռ շարունակվում է պատերազմը, բայց Ալաշկերտի հայ ժողովուրդը, որ հեռացել էր ռուսաց զորքի նահանջի ժամանակ, նորից ռուսաց զորքի հետ վերադառնում է իր տեղը – Եփրատի հովիտը:

          Էսպես է եղել ռուս – տաճկական և ռուս – պարսկական բոլոր պատերազմների ժամանակ: Հայ ժողովուրդը միշտ ետ ու առաջ է խաղացել ռուս զորքի հետ միասին, ինչպես և պարսիկ, քուրդ ու թուրք ժողովուրդը պարսիկ ու թուրք զորքի հետ միասին: Քանի ռուս զորքը հաջողություն է ունեցել ու առաջ է անցել, էնքան էլ ետ է գնացել պարսիկ, քուրդ ու թուրք տարրը Հայաստանի հողի վրա և տեղի է տվել հայ ժողովրդին: Սա մի հանգամանք է, որ պետք է լավ իմանանք միանգամ ընդմիշտ:

          Էսպեսով է կարողացել և էսօր էլ էսպեսով է կարողանում մեր ջախջախված, ցաք ու ցրիվ եղած ժողովուրդը հանգիստ նստելու տեղ գտնի իր հայրենիքում: Էսպեսով էր, որ Արարատյան դաշտում, Արաքսի հովիտում, որ ռուսներից առաջ գրեթե ամբողջովին պարսկաբնակ էր, առաջ եկավ, ստեղծվեց և էսօր նստած է մի հոծ հայ զանգված:

          Նույնը պետք է լինի և Եփրատի կամ Ալաշկերտի հովիտում: Էդ երկու հովիտները, Արաքսի ու Եփրատի հովիտները, մեր սրբազան հովիտներն են:

          Մեկը մեր Մայր Գետն է, մյուսը մեր Սրբազան Գետը: Մեկի հովիտում մեր անցիալ քաղաքական կյանքն է զարգացել ու անցել, մյուսի հովիտում մեր հին ու նոր կրոններն են ծաղկել, մեր ազգային սրբությունները, մեր ազգային դպրություն – գրականությունը:

          Էջմիածնից թերևս, ավելի հեշտ լինի դուրս անել հայ ժողովրդին, քան թե Արաքսի ու Եփրատի հովիտներից:

          Ահա էսօր էլ մեր աչքի աոջև՝ տեսնում ենք թե ինչպես մերթ ռուս զորքի հետ հայն է առաջ շարժվում ու լցվում Արևելյան Եփրատի կամ Արածանու հովիտը, Ալաշկերտի շրջանը, մերթ թուրքն ու քուրդն են լցվում թուրք զորքի հետ միասին: Եվ հենց էս րոպեին, երբ գրում եմ, էս տողերը, թուրք բանակն ու քրդական ալայները, որ մի քանի օր առաջ գազանաբար հոշոտեցին Զեթկանի, Մոլլա Սուլեյմանի, Խաստուրի և այլ, գյուղերի իրենց ձեռքն անցած հայ ժողովրդին, ռուս զորքի առջև նորից ետ քաշված՝ երախներն արյունոտ, Ղլիջ – Գյադուկի բարձրությունները բռնած, նորից հառել են իրենց արյունակալած աչքերը ներքև, Եփրատի հովիտի վրա: Էն հովիտի վրա, ուր հեթանոս հայը Վարդավառ ու Ծաղկազարդ պաշտել է իր Անահիտն ու Աստղիկը, իր Արամազդն ու Վահագնը. էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը իր Մեծ Տրդատի հետ միասին մկրտվել է Արածանու սուրբ ջրերում, քրիստոնեություն է ընդունել, ու իր մկրտության տեղը տաճար է կանգնել, ճակատին դրոշմել – Ով կընկնի էս վեմի վրա՝ կջախջախվի, իսկ ում վրա սա կընկնի՝ կհոսի ջրի պես: Էն հովիտի վրա, ուր հայ ժողովուրդը դարերով ճակատ – ճակատի է զարկել հին Պարսկաստանի ու Արևելքի բոլոր աշխարհակալների հետ: Էն հովիտի վրա, ուր փռված է Ձիրավի դաշտը, որի վրա էնքան ու էնքան հաղթանակներով խոյացել են Արշակունիները, Բագրատունիները, Մամիկոնյաններն ու Արծրունիները: Էն հովիտի վրա, որին շրջապատել են Ծաղկանց լեռները, Բարթողի շղթան, Նպատն ու Սուկավետը, որի վրա, իր ալևոր գլուխը մինչև երկինք բարձրացած՝ հսկում է Ազատ Մասիսը:

          Էն հովիտը շարունակ լցվել է հայի արյունով ու արտասուքով, ավերակով ու դիակով: 1878 թվին էլ եղած հոծ հայությունը դուրս եկավ, գաղթեց ռուս զորքի հետ և միայն մի մասը նորից ետ դարձավ: Էդ մի մասն էլ էսօր է հոշոտվում, դիակները դեռ չեն թաղված, կենդանի մնացածների գլխին էլ դեռ ոռնում են Ղլիջ – Գյադուկից քուրդն ու իր գնդակը, բայց դարձյալ դեպի էն հովիտը... Անդիմադրելի դեպի էն հովիտն են ձգտում մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները: Էնտեղ են մեզ համար էն ամենը, ինչ որ մի ժողովրդի դարձնում են մեծ ու գեղեցիկ, էն ամենը, ինչ որ մի ժողովրդի կյանք ու ոգի են տալիս: Դեպի մայր Արաքսի ու Եփրատի հովիտները: