Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԿՈՎԿԱՍԻ ՄԵԾ ՈՐԴԵԳԻՐԸ

          Մեծ է Կովկասը, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի մեջտեղը կանգնած հին հսկան: Աստվածների բնակավայրեր են եղած նրա երկնահաս բարձունքները: Նրանց ստորոտների վրա հանգչում են հին դարերի ու հին ժողովուրդների գերեզմաններն ու ավերակները, տներն ու տաճարները, իսկ գագաթները շողշողում են ամպերից վերև, արևին ու աստղերին ճակատ առ ճակատ:

          Մեծ բան է՝ լինել Կովկասի որդեգիրը:

          Հազար հազարավոր մեծ մարդիկ են եկել անցել Կովկասից, բայց նրանք բոլորը Կովկասի համար եղել են անցվորներ, ախոյաններ, բարեկամներ կամ հյուրեր, իսկ որդեգիր4 նա շատ քիչ է

          ունեցել:

          Էդ երջանիկ քչերիցն եղան երկու մեծ ռուս բանաստեղծները – Պուշկին և Լերմոնտով: Արդյոք հարավի ու լեռնաստանի ժառանգական արյո՞ւնն էր, որ խոսեց նրանց մեջ, թե՞ ջինջ ու հստակ մեծություններին ձգտող բանաստեղծի ոգին, ո՞վ գիտի, թերևս և՛ մինը և՛ մյուսը, բայց նրանք Կովկասը սիրեցին, Կովկասը նրանց, ու մեծ Կովկասին մեծ որդեգիրներ եղան հավիտյանս հավիտենից:

          Եվ ահա էսօր լրանում է ռուս ժողովրդի մեծ զավակներից մեկի և Կովկասի մեծ որդեգիրներից մեկի – Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակը1, բայց պատերազմի պատճառով հետաձգվում է էդ պայծառ, էդ ցանկալի տոնը, որ Ռուսաստանի մի ծերից մինչև մյուսը պետք է խնդացներ ու թնդացներ շատ միլիոնավոր սրտեր ազնիվ ու խոր զգացմունքներով առանց ազգի ու ցեղի խտրության:

          Հետաձգվում է:

          Ամենքս էլ հետաձգում ենք: Բայց բոլորովին լռել չի կարելի: Եվ ինձ էսօր համակում է մի խոր տխրություն:

          Ես մտածում եմ. ինչպես էսօր ժամանակը չի, որ Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակի տոնը գար, էնպես էլ հարյուր տարի առաջ ժամանակը չէր, որ Լերմոնտովը ծնվեր, բայց ծնվեց, ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեռ մանկաց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի առաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ ամուր սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման:

          Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման:

          Լերմոնտովն էլ ունեցավ իր մեծ ընկերի – Պուշկինի ճակատագիրը: Մինը եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափառող մենակ մի ամպ:

                              Последняя туфа рассеянной бури!

                              Одна ты несешься по ясной лазури,

                              Одна ты наводишь унылую тень,

                               Одна ты печалишь ликующий день2.

          Մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող մենակ մի նավ:.

                              Белеет парус одинокий

                              В тумане моря голубом3...

          Եվ երկուսն էլ Ռուսաստանի լայնածավալ տափաստանների վրա չհասկացված ու հալածված մենակ հոգիներ...

          Բայց ինչո՞ւ էին նրանք հալածված իրենց հայրենիքում: Մի՞թե իրենց հայրենիքը չէին սիրում: Մի՞թե Լերմոնտովը իր հայրենիքը չէր սիրում:

          Սիրում էր, այո՛, բայց «տարօրինակ» սիրով, ոչ էն սիրով, ինչ սիրով որ սիրում էին մնացած շատերը: Եվ ինքն էր խոստովանում հրապարակով, թե՝ ոչ արյանով գնած փառքը ոչ գոռոզ ինքնավստահությունով լիքը հանգիստը, ոչ խավար անցյալի նվիրական ավանդները. – ուրախության ոչ մի զգացմունք չեն շարժում իր մեջ: Իսկ էն «տարօրինակ» սերը, որով սիրում էր, և որը չէր մկրտում ոչ մի անունով, սակայն շռայլորեն փռում էր իր երկերում ու երգերում, ոչ հասկացող կար, ոչ գնահատող: Կյանքի ասպարեզը բռնած էին կամ ոչնչությունները և կամ նրանք. որոնց մասին ասում է՝ «իրենց սրիկայի սիրտը ծածկած էին մունդիրով»: Հասկացող, գնահատող հասարակության չկար, և «տարօրինակին» հազարավոր աչքերով հետապնդում, հազարավոր ձեռքերով մերժում, քշում էին իրենց շրջանից: Մի շրջան, որից Պուշկինն ուզում էր մինչև Չինաստան մին փախչի, որից զզված Գրիբոյեդովը Պարսկաստան՝ ընկավ....

          Էս ամենի վրա ավելացավ, և էն ամենամեծ վիշտը որ Լերմոնտովը ունեցավ իր կյանքում: Նա պաշտում էր Պուշկինին, և տեսավ Պուշկինին... բամբասված ու գնդակահար: Որոտաց մի հրաթափ, մի անուն, զայրույթով, որի անունն է «На смерть Пушкина»4, ամբողջ Ռուսաստանի երեսին նախատինքի ու դատապարտության էն տեսակ խոսքեր շպրտեց, որ մինչև էդ օրը Ռուսաստանը, դեռ չէր լսել, ու սրանով ամեն բան լրացավ:

          Պետք է հեռանար:

          Հեռացավ՝ մնաս բարով ասելով «տերերի» ու ստրուկների Ռուսաստանին, կապույտ մունդիրներին ու նրանց նվիրված ժողովրդին: Գուցե, ասավ, էնտեղ, Կովկասի սարերի ետևը կարողանամ ծածկվել քո (ժողովրդի) ղեկավարների ամենատես աչքերից ու ամենալուր ականջներից»6:

          Էսպես ժամանակը, երբ իրեն շրջապատող ամեն բան ընկած է մարդու աչքից ու սրտից, հիսաթափված մարդը կյանքի մեջ մի նեցուկ, մի ապավեն է որոնում ու նրան է փարում, նրան է փաթաթվում իր բոլոր հույսերով ու սիրով: Կովկասը էդ ապավենն ու մխթարանքը եղավ Պուշկինի ու Լերմոնտովի համար: Եվ երբ նրանք իրենց ժամանակի ռուսական կյանքի ու իրենց հիասթափության անապատից քշված, հալածված դիմում էին դեպի հարավ՝ նրանց խոցված ու գազազած սրտերին հեռվից, ամպերի միջից առողջ ու պայծառ ժպտացին Կովկասի ձյունափառ գագաթները՝ հոյակապ ցնորքների նման, նրանք էլ իրենց հոգու ամբողջ ուժով ու աշխուժով փաթաթվեցին Կովկասին, որդեգրվեցին Կովկասին ու ախպերացան մեզ – Կովկասցիներիս:

          Եվ երբ կգա Լերմոնտովի հարյուրամյակի կատարման օրը, մենք, կովկասցիներս, կտոնենք՝ ոչ միայն որպես մի մեծ ռուս բանաստեղծի տոն, որին, ինչպես և առհասարակ ռուս գրականությանը,, շատ բան ենք պարտական, այլն որպես մի բանաստեղծի, որ հոգով հարազատ է մեզ, որ մեր ընդհանուր մոր – Կովկասի աննման որդեգիրն է, որ դեռ մանուկ օրից երկինքն ու Կովկասի կապուտ սարերը է երազել: