Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԿՈՎԿԱՍՅԱՆ էՆՑԻԿԼՈՊԵԴԻԱՆ

          Պարբերաբար խոսք է լինում հրապարակում, թե ոչ միայն ռուսները, այլև մենք, կովկասցիներս էլ մեր երկիրը չենք ճանաչում: Անծանոթ ենք նրա իրար կողքի ապրող ազգերի ու ցեղերի անցյալ պատմությանն ու ներկա կյանքին. անտեղյակ ենք նրա անբավ բնական հարստություններին ու գեղեցկություններին, նրա բուսական ու կենդանական աշխարհներին, և ոչ միայն անգետ ենք էս ամենին, այլն շուտով գիտենալու հույս ու միջոց էլ չունենք: Եղած կովկասագիտական գրականությունն էլ միանգամայն անմատչելի է մի քիչ ավելի ընդարձակ շրջաններին և նույնիսկ սպառված է մեծ մասամբ ու հազվագյուտ: Եվ, վերջապես, դեռ շատ բան էլ չի ուսումնասիրված կանոնավոր կերպով:

          Եվ հենց էն ժամանակ, երբ զգում ենք էս մեծ պակասը, վրա է հասնում ռուս հայտնի գրական գործիչ Գ. Պ. Ռուկավիշնիկովի միտքն ու առաջարկը մեզ, կովկասցիներիս – կազմել ու հրատարակել Կովկասյան էնցիկլոպեդիան: Ու էսպեսով լուրջ ցանկություններից հետո կանգնում ենք լուրջ հոգսերի առջև, որովհետև ի՞նչ կնշանակի կազմել Կովկասյան էնցիկլոպեդիա Կնշանակի մոտ կես միլիոն ռուբլու ծախքի հոգացողության հետ միասին կազմակերպել ու կանոնավորել կովկասագիտական գիտությունները, կամ գրեթե ստեղծել Կովկասյան գիտությունների ակադեմիա:

          Այո՛, շատ լուրջ և ամենագեղեցիկ գործերից մինը, ինչ որ հայ, ռուս, վրացի ու մահմեդական միասին կարող են կատարել Կովկասում: Եվ իր գիտական – բարոյական մեծ արժեքի հետ միաժամանակ Կովկասյան էնցիկլոպեդիան Կովկասի համար կբերի նաև նյութական մեծ օգուտ:

          Կովկասը, աշխարհամիջի էս սքանչելի երկիրը, ասում է իր կոչի մեջ, պ. Ռուկավիշնիկովը, կտա մարդուն ամեն բան, ինչ որ կարող է զարդարել ու ճոխացնել մարդկային կյանքը, մեծացնել նրա երջանկությունը մինչև էն սահմանները, ինչ որ հնարավոր են աշխարհքում:

          Եվ ինչո՞ւ չպետք է էսպես լինի:

          Ամեն կողմից ասում են՝ Կովկասը դեռ անհայտ ու անծանոթ երկիր է...

          Եվ մինչդեռ իրենց երկիրն, ուսումնասիրելով ու հայտնի դարձնելով փոքրիկ Շվեյցարիան, ամեն ուրիշ օգուտ մի կողմ թողած, միայն տուրիզմից – ճանապարհորդություններից տարեկան ստանամ է 400 միլիոն ֆրանկ, Իտալիան՝ 300 միլիոն, և կամ Ավստրիան՝ Բոհեմիայի ու Տիրոլի համար 160 միլիոն, Կովկասը, նրանցից ավելի ճոխ, հարուստ ու գեղեցիկ Կովկասը, Ալպերից շատ ավելի հզոր Կովկասը, ոչինչ չի տալիս և մնամ է տակավին անհայտ ու անծանոթ երկիր:

          Իհարկե, միշտ էսպես չի մնալու: Եվ ահա ժամանակն է:

          Պ. Ռուկավիշնիկովի կոչին արձագանք տալով՝ վրացի ու հայ ինտելիգենցիայի նեղ շրջանների մեջ սկզբնական խորհրդակցություններ եղան, և, ամեն տեսակետից էլ շատ հավանելով առաջարկը, գործին ձեռնարկելու խորհրդակցություններ ու նախապատրաստություններ են լինում, իսկ մահմեդականներից պարսից պ. ընդհանուր հյուպատոսը հայտնեց իր պատրաստակամությունը ամեն կերպ նպաստելու և միջամտելու գործին:

          Եվ անշուշտ, կովկասյան բոլոր ազգությունների ինտելիգենցիան միասին մեծապես պիտի նպաստի էս շատ կարևոր գիտական ձեռնարկությանը թե՛ իր ունեցած հմտությունով և թե բաժանորդ գրվելով, և Կովկասի հասկացող ունևորներն էլ ուրախությամբ պետք է մոտենան գործին, մանավանդ զոհաբերության խնդիր էլ չկա մեջտեղը, որովհետև գործը դրվում է զատ առևտրական հիմունքների վրա: