Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԼՍԵՆՔ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ

          Արդյոք մի որևէ ձևով վճռվե՞ց հայկական հարցը: Արդյոք վերացա՞վ տաճկահայոց ամբողջ կյանքի ու մեր հոգու վրից էդ կարմիր մղձավանջը, և կարո՞ղ ենք այսուհետև հանգիստ սրտով նվիրվել կուլտուրական աշխատանքի ու ավելի լայն խնդիրների:

          Ո՞վ գիտի:

          Չնայելով հայոց կաթողիկոսի ու նրա ներկայացուցիչ Նուբար փաշայի շնորհավորական հեռադիրներին՝ հայ ժողովուրդն ամեն տեղ էս հարցի դեմը խորին լռություն է պահպանում, ծանր ու

          իմաստուն մի լռության, իսկ երիտասարդ թուրքերը Ռուսաստանի սահմանի վրա զորահանդեսներ են սարքում:

          Այո՛, գուցե վերջը չի հայկական հարցի, բայց վերջի սկիզբն է: Դրա համար էլ խորհրդավոր է և էն համատարած խլրտումը, որ նկատվում է մեր կուլտուրական կյանքում. – դպրոցի, գրականության, գիտության – ուսումնասիրության ու բանասիրության ասպարեզներում: Սա էլ սկիզբն է մի նոր վերածնության, որի համար մենք բավականաչափ ուժեր ու տրամադրության ունենք արդեն:

          Հինը ենթարկվում է վերագնահատության, առաջադրվում են նոր, ավելի լուրջ պահանջներ, և ամենամեծ պահանջը – պարզ հասկանալ...

          Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները: Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու, այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու, և էդ նպատակի համար են և Գրական Ընկերություն, և Ազգագրական Ընկերություն, և Պատմական Ընկերության, և Երաժշտական Ընկերության, և ուրիշ նման ընկերություններն ու մասնավոր ձեռնհաս անհատների ջանքերը:

          Էս ճանապարհին ինչպես կլինեն շատ հայտնություններ ու հիացումներ, էնպես էլ անխուսափելի են շատ հիասթափություններ, բայց էս է հաստատ ու ճշմարիտ ճանապարհը:

          Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու

          խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության – միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճգնությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ:

          Ահա՛ նրանցից մեկը – ճարտարապետ Թորոս Թորամանյանը, տասնումեկ տարի լուռ ու մունջ, հազար ու մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո՝ վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին: Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայության են տալիս սրա համար: Պրոֆ. Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պ. Թորամանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչն է: Իսկ պրոֆ. Ստրիժիգովսկին1 ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև:

          Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուսուցչին, թև ու թիկունք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական հանճարը հայտնագործող ու վեր հանող վաստակավորին: