Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ «ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ»

          Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»:

          Հարգելի գիտնականը թնդանոթներ անվանում է պ. Թորամանյանի ուսումնասիրած ու հավաքած հայկական ճարտարապետության էն նմուշներն, որոնք մոտիկ ապագայում իրենց լուսաբանություններով լույս պետք է տեսնեն Եվրոպայում: Ասում են, «դրանք նորություններ են Եվիոպայի համար» և առայժմ դրանց մասին ծանոթություններ են տալիս եվրոպացիներին, այսինքն՝ ճանապարհ են բաց անում Թորամանյանի թնդանոթների համար:

          Այո՛, դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ, և թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբևիցե հնարել է մարդը, իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործական հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրությունը, հարգանքն ու հիացումը:

          Հիրավի, գործիչները նման են զորավարների և նրանց գործերը թնդանոթներ են, որոնք տիրում են հեռավոր տարածություններ ու ժամանակներ:

          Բայց ինչպես ամեն, մի զորավար հաղթությունը տանելու համար իր թիկունքին պետք է ունենա մի ոգևորված ու հավատարիմ բազմություն, էնպես էլ ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը:

          Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն և հայկական ինքնուրույն ճարտարապետությանը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությանը» վերնագրով:

          Էդ նորություն է Եվրոպայի համար, ասում են եվրոպացիք, բայց էդ նորություն է և մեզ համար, հայերիս համար, պետք է խոստովանենք մենք:

          Ահա էդ շատ նշանավոր նորությունն է, որ շաբաթ երեկոյան Հայ Գրողների Ընկերության նախաձեռնությամբ կազմած հրապարակական երեկույթում Թիֆլիսի հասարակության առաջ պետք է պարզի ու լուսաբանի պ. Թորամանյանը, բազմաթիվ վկայություններով ու նկարներով:

          Թող գան. հայերը, տեսնեն ու համոզվին, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել, անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան: