Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

«Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՑԱՆ ԱՌԹԻՎ»

          Վերջին տարիներս մեզանում հաճախ է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել: Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափանցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությունը:

          Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

          Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում՝ մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն էլ անցյալի մեջ են: Անցյալի մեջն են և մեր արվեստները: Գեղեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին:

          Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, միանգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ:

          Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվի մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետության, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ոաումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից:

          Նոր է էս հայտնությանը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար: Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հայ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան:

          Մեր հարգելի պ. Թորամանյանը, որ վկայված է Պետերբուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և Վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը4 ավերակից ավերակ անցնելով: Տասն և մեկ տարուց հետո4 էսօր էնքան նյութ է հավաքեի որ Ստրիժեգովսկա նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ: «Պատիվ ձեր մեծ ազգին», բացականչում է հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև:

          Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգեվորված մեզ մեծ ազգ անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պ. Թորամանյանի մեծ ծառայությանը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությանը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է:

          Մոտիկ առաջիկայում Հայոց Գրողների Ընկերությանը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պ. Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն, իսկ առայժմ էսօր կանի ընդհանուր տեսությունը և տեղեկություններ կտա մեր նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից:

          Փառք ու պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքան շքեղ ժառանգության են թողել, և փառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես պ, Թորամանյանին, որ մեր ազգի մեծությանը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի: