Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

          Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է1, թե ինչու Հայ Գրողների ընկերությունը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թարքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ – Նովան, կոչվի Սայաթ – Նովայի հրապարակ: Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կրքեր է հուզում:

          Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос

          Кавказа» թերթը Խ. Աբովյանի արձանի համար, որ կանգնելու է Երևանամ, և հորդորում է իշխանությանը՝ ետ առնել իր տված իրավունքը:

          Սրանով, իհարկե, իբրև թե ամեն մեկն իր հայրենիքի ու ազգի ջահն է պաշտպանում հայերի դեմ: Մի կողմ թողնելով ավելի լայն հայացքը, ես ուզում եմ նկատել, թե էս մարդիկ լավ էլ չեն հասկանում, թե ինչի դեմ են խոսում, և հենց թեկուզ իրենց նեղ տեսակետից էլ եթե առնենք խնդիրը – դեմ չպետք է լինեին ո՛չ մեկը և ո՛չ մյուսը:

          Ահա թե ինչո՛ւ:

          Խ. Աբովյանը մի մոլեռանդ ռուսասեր էր, նրա «Վերք Հա՝ յաստանին» հայ ժողովրդի տանջանքի ու տենչանքի արտահայտությունը լինելով հանդերձ՝ միաժամանակ մի ոգևորված ջատագովություն է ռուս ազգին ու նրա պետական ուժին, ու առաջ քաշել Խ. Աբովյանին, կնշանակի հայերի մեջ արծարծել նաև սեր ու համակրանք դեպի ռուս ազգն ու ռուս պետությունը:

          Եվ հանկարծ... էս մարդու հիշատակին դեմ է մի ռուս թերթ:

          Ի՛նչ խոսք, որ սա չի հասկանում, թե որտեղ և ում դեմ է խոսում, և եթե չար է, նեղսիրտ ու փոքրոգի, ապա նաև անգիտակից է, և անգիտակից թշնամի ամենից առաջ իր ազգին ու հայրենիքին, որովհետև ուզում է ետ մղել իր ազգի ու հայրենիքի մեծ բարեկամներին և նրանց տեղը ստեղծել՝ թշնամիներ:

          Նույնը պետք է ասեմ և վրացական «Закавк. речь» – ին:

          Ո՞վ է Սայաթ – Նովան: Մի երգիչ, որ համազոր ուժով ու սիրով երգել է թե հայերեն, թե վրացերեն և թե թուրքերեն: Մի համակովկասյան երգիչ, որ, ամենից քիչ երգել է հայերեն: Մի երգիչ, որին վրաց գրականության պատմությունը անվանում է՝ Վրաստանի երգիչ: Բաց արեք վրացի պրոֆ. Ա. Խախանովի վրաց գրականության պատմության երրորդ գիրքը2, էջ 218, կտեսնեք Սայաթ – Նովա վերնագրով մի առանձին գլուխ, որ սկսում է հետևյալ տողերով.

          «Աղա Մահմադ խանի Թիֆլիսն առնելու ժամանակ սպանվեց Վրաստանի նշանավոր երգիչ Սայաթ – Նովան: Նա Հերակլ 2 – րդ թագավորի պալատական աշուղն էր (Трубадур) : Հարյուր տարի սրանից առաջ Սայաթ – Նովայի անունը հին Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը» 3:

          Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.

          «Սայաթ – Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ» 4:

          Սրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն:

          Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց – վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է Կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը:

          Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրաստանի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի – Սայաթ – Նովայի անվան ու հիշատակի դեմ:

          Այո, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը՝ ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու վրաստանին: Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ի՞նչ են անում: