Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՊԵՏՔ է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

          «Հորիզոնի» նախավերջին առաջնորդողը1 խոսելով մեր ուսուցիչների մտավոր ու բարոյական վիճակի վրա՝ երկու կողմից էլ գտնում է շատ անմխիթարական: Եվ հիշատակելով, որ նրանց մտավոր պատրաստությանը բարձրացնելու համար անցյալ տարվա ծրագրական խորհրդակցությունների ժամանակ որոշում է եղել թեմական դպրոցներին կից մանկավարժական լրացուցիչ դասարաններ բաց անել – կանգնում է երկրորդ ցավի առաջ, թե ի՞նչ պետք է անել հայ ուսուցչին բարոյական ախտավոր վիճակից հանելու:

          Նույն կենսական հարցին է նվիրված է պ. Ց. Խ. 2 «Մեդալի մյուս կողմը» հոդվածը «Բաքվի ձայնի» նախավերջին № – ի մեջ3:

          Պ. Ց. Խ. էլ նկատելով, որ մեր հոգաբարձուներն անբավարար են առհասարակ, շեշտը դնում է հիմնական կետի – հայ ուսուցչի վրա, որ դպրոցին հոգի ներշնչողն է, և, նույնպես գործը քննելով բարոյական ու մտավոր կրկին տեսակետներից, հաստատում է, որ հայ դպրոցը իր բարձրության վրա չի:

          Սակայն, ինչպես ճիշտ նկատում է պ. Ց. Խ., մեր դպրոցական գործի աննախանձելի դրությունը դեռ 60 – ական թվականներից սկսած հասարակության և մամուլի մտահոգության ամենակարևոր առարկաներից մեկն է եղել:

          Պատճառն ի՞նչ է, որ մինչև էսօր հայ դպրոցը, կամ հայ ուսուցիչը ոչ թե իր բարձրության վրա չի, այլ հրապարակ է հանում բարոյական թե մտավոր անկման էն տեսակ երևույթներ, որ առաջ են բերում հոդվածագիրները, և որոնցից ավելի սոսկալիները կարող է պատմել հենց տողերիս գրողը:

          Պատճառը պետք է փնտրել մի կողմից քաղաքական պայմանների մեջ, մյուս կողմից մեր ժողովրդի պատմական յուրհատուկ վիճակի մեջ, ասում է պ. Ց. Խ.:

          «Հորիզոնը» ավելի ընդհանուր բառ է գործածում: Ասում է՝ այն ճահճացյալ դրությունն է պատճառը, որի մեջ գտնվում է հայ ուսուցչությունը:

          Այո՛, պատճառները կարող են մի քանիսը լինել, և մինը էս պատճառի վրա կծանրանա, մյուսն էն, բայց ինչքան ծանոթ եմ հայ ուսուցչին ու նրա կյանքին, ես կարծում եմ ամենագլխավոր պատճառն էն է, որ հայ ուսուցիչը խեղդված է նյութական նեղ վիճակի մեջ, չի կարողանում ապրել, չի կարողանում հաստատ ու սրտալի կանգնել իր տեղը, իր կոչումի բարձրության վրա և հետզհետե չի կարողանում զարգանալ ու զորանալ թե մտավորապես և թե բարոյապես: Էս կամ էն անկյունը, ընկնելով, ընկնելով նեղ ու դժնդակ պայմանների մեջ, սպառում էր ի՜ր համեստ ուժերը և հետզհետե իջնելով ներկայացնում մի խանգարված ու ետ աճացած մարդ, և կամ, եթե կյանքի մեջ մի դուռն ու ճանապարն է գտնում, թողնում է փախչում հայոց դպրոցից, իր տեղը տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ էն տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորագրություն են առնում, թե էլ դանոս չգրեք: Եվ փաստ է սա:

          Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օ֊ տար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում:

          Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ:

          Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա դասագինը, նրա ռոճիկը: Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը: Էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հայոց դպրոցի ապահովության խնդիրը: Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահովության խնդիրը: Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումը – մեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե ծխական դպրոցներում, թե միջնակարգ:

          Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում: