Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

<ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

          Հայոց նորագույն գրականության պատմությունն ասում է՝ Ծերենցը եղավ մեր նոր պատմական վիպագրության հիմնադիրը: Եվ երբ ետ եք դառնում դեպի 60 ական թվականները՝ ճանաչելու՝ թե ո՞վ էր էդ հիմնադիր վարպետը – ձեր սիրտը լցվում է անկեղծ հրճվանքով: Չգիտեք նրա ազատասեր ոգու վրա հիանաք, նրա վառ հայրենասիրության ու ժողովրդասիրության վրա զարմանաք, նրա հոգու ազնվության մաքրության վրա ուրախանաք, թե նրա սրտի քնքշության ու ճաշակի նրբության վրա:

          Եվ ի՜նչ իմաստուն ու գեղեցիկ է դնում նա իր գործի հիմքը՝ իրեն հերոս առնելով Թորոս Լևոնին, բյուզանդական բանտում փակված հայ իխշանազնը, որ բանտից դուրս փախչելով, հասնում է իր հայրենիքը ազատասիրության շունչ է փչում, սիրտ տալիս, ոտքի է հանում իր ժողովրդին ու կանգնեցնում է ամուր՝ իր ազատ կյանքով ապրելու:

          Էսպեսով նա հանդիսանում է մի խորհրդանշան – հայ ժողովրդի ազատասիրության ոգին, մի ոգի, որ թագավորում է հայոց թե պատմական, թե ժամանակակից կյանքի վրա հիմնած գրականության մեջ և զորանամ ու ամրանում է ժողովրդական ուժով՝ հերոսական խորհուրդներից հերոսներ ծնելով:

          Հայոց Գրողների Ընկերությունը էսօր եկել է ծաղիկներով ու զարդարել Ծերենցի գերեզմանը նրա մահվան 25 – ամյակի աոիթով:

          Սակայն էս ծաղիկները չնչին զարդեր են նրա մեծ շիրմի համար: Նրանց բոլոր արժանիքն էն է, որ մեր զգացմունքների արտահայտությունն են էսօր: Սրանցով չպիտի զարդարվի նրա շիրիմը, մի շիրիմ, որ զարդարված է տաղանդի, ժողովրդասիրության ու մաքրության անթառամ զարդերով, թե լավ գրողի, թե ազնիվ մարդու վսեմ առաքինություններով: Եվ մենք չենք եկել մեր հանդեսով ու ճառերով նրան բարձրացնելու, այլ եկել ենք՝ նրան հիշելով՝ նրանով բարձրանալու:

          Եվ թո՛ղ օրհնված լինի նրանց հիշատակը, որոնք իրենց կենդանության օրով ժողովուրդներին կյանք և շունչ տալուց հետո էլ՝ չեն դադարում իրենց գործերով ու գերեզմաններով էլ ազնվացնելու և բարձրացնելու մարդկանց ու ժողովուրդներին:

          Թող օրհնված լինի Ծերենցի հիշատակը: