Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ.–Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

          Մի ժամանակ մի Դրամբյան դուրս եկավ: Էս Դրամբյանը մտածել էր, որ գրականությունն անտեր է մնացել, մեջտեղը «լուրջ կրիտիկա» չկա ու էդ ջափեն իրեն վրա առնելով՝ գլուխը տաքացրել էր ու Երևանի գյուղերի մեկից վեր էր կացել շիտակ եկել Թիֆլիս հայոց «գրական մեծություններին սանձահարելու» : Հենց էսպես: Եվ առաջին հարվածը հասավ իմ գլխին1:

          – Ա՜յ Դրամբյան, ախր ի՞նչ ենք արել:

          Թե՝ դուք վերցրել եք այսինչ հեքիաթը Հայկունուց և փող եք դիզում ու փառք վաստակում:

          Եվ «Մշակի» «լուրջ կրիտիկոսին» առաջնորդում էին երկու լուրջ հանգամանք – մինը տգիտությունը, մյուսը հոգու չարությունը:

          Այո՛ և հոգու չարությունը, նրա համար էլ ես լուրջ նշանակություն տվի ու մի քիչ էլ կոշտ բռնեցի:

          Եթե միայն տգիտությունը լիներ, էն առատ տեղեկություններից ու բացատրություններից հետո, որ էս փռեցի մեջտեղը, նա անպայման պետք է խոստովանել որ սխալվել է, կամ գոնե լռեր:

          Բայց որովհետև հոգու չարությունն էր, որ տաքացրել էր նրա շատ խեղճ գլուխը և չարության թույնն էր եռում նրա նեղ սրտում, նա տեղի չտվեց ոչ մի փաստի ու ապացույցի առջև. շարունակեց կատաղորեն ձեռին ոտին անել էնքան, մինչև ես բաց թողեցի, որ գնա սկի ջրի տակը.

          Ես նրան, իր էդ հատկության համար, անմահ էի անվանել Եվ ահա, ճշմարիտ որ՝ դարձյալ նա, թեև ուրիշ թերթում, ուրիշ կերպարանքով «Հովիտում» , Ս. Հ. տառեր ի տակ կուչ եկած: Բայց ի՞նչ նշանակության ունի թերթի անունը «Մշակ» է թե «Հովիտ» , կամ իրեն անունր Դրամբյան է թե Ս. Հ., էականը նույնն է, նույն բթության հետ նույն չար հոգին, նույն դառը շունչը:

          Սակայն սա ի՞նչ է գտել, էս «Հովիտի» չգիտեմ սարկավագ, տիրացու թե պարոն Ս. Հ – ն: Նույն բանը:

          Սա էլ գտել է, որ «Գառնիկ ախպեր» հեքիաթը ես թարգմանել եմ ռուսական «Сестрица Аленушка и братец Иванушка» հեքիաթից: Գտել է, որ ռուսական Ուլիկը դարձրել եմ Գառնիկ, հորթը – կով, – Алеиушка – ն – Մանուշ, Иванушка – ն – Մանուկ, և այլն և այլն:

          Եթե միայն էսքանը լիներ, այսինքն գործից բացարձակ անգետ ու անտեղյակ լինելը, ես էս «և այլն և այլն» Ս. Հ – ին կասեի, – տեր հայր, տիրացա կամ պարոն Ս. Հ, էդպես չի, դուք սխալվում եք, էդ հեքիաթը, որ ռուսներն ունեն, հայերն էլ ունեն, և հայերինը թերևս ավելի հին է, քան ռուսներինը: Գերմանացիք էլ ունեն, նրանցն էլ մինչև անգամ հին հայոց հրատարակչական ընկերությունը թարգմանել է, քրոջ ու եղբոր անուններն էլ փոխել, դրել Կարեն ու Մանեն: Թուրքերն էլ ունեն – ասում են Ասկյար ու Բիբլի, վրացիք էլ ունեն, էդպես և բոլոր ազգերը:

          Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել: Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ, կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպուրականինը կա, Տարոնինը կա, Շահրիարինը կա, Թիֆլիսինը կա – տպված: Դուք միայն ռուսականն եք տեսել, ինչպես երևում է Դրամբյանի նման դարձյալ «դիտվածով» և էն էլ ռուսական միայն մի տարբերակը գիտեք, որ ուլ է դառնամ, կան և ուրիշ տարբերակներ, ուր հենց գառն է դառնում: Եվ տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., ես ոչ ռուսական Аленушка – ն եմ փոխել Մանուշի, ոչ Иванушка – ն եմ փոխել Մանուկի, ոչ Ուլիկը Գառնիկի, էդ ամենը զուտ հայկական են, հայ ժողովրդական հեքիաթից, Վասպուրականի վարիանտից, որ գրի է առել հանգ<ուցյալ> Սրվանձտյանը և տպված է նրա «Մանանայում» 3, հեքիաթի անունն էլ հենց Գառնիկ ախպեր, ինչպես կոչվում է նաև հայկական ուրիշ շրջաններում, օրինակ Արարատյան երկրում:

          Էսպես կխոսեի ու կպատասխանեի: Բայց որովհետև նրա ոճից ու շնչից, տգիտության հետ կաթում է և հոգու վատությունը, չարությանը, ստիպված եմ էսպես ասելու:

          – Տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., գնացեք կարդացեք «Մշակի» 1910 թվականի 169 և 170 համարներում Դրամբյանին տված պատասխանս4, դա կլինի պատասխան և ձեզ, այլև իմացած եղեք որ միշտ միտներդ պահեցեք, որ եթե աստված ձեզ բերան է տվել նրա համար հո չի տվել, որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն – լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք: