Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԽՈՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՐԵԿՈՒՅԹԻՆ

          Հարգելի տիկիններ և պարոններ.

          Մեր սկսնակ գրողների ավագներից մինը, մեր տաղանդավոր սկսնակ պ. Սեյրին, բաց անելով էսօրվան իրենց գրական – երաժշտական երեկույթը, ջերմ հարգանքով և անկեղծ սիրով խոսեց Հայոց Գրական Ընկերության և հայ գրողների մասին ու նրանց հետ կապեց իրենց ջահել հայսերը:

          Էս դալար բազմությունը ու սրանց թրթռան զգացմունքը, սրանց ոգևորված վերաբերմունքը, ինչպես ամեն մի հայ գրողի՝ էնպես էլ ինձ համար էնքան բացառիկ կերպով թանկ են, որ ես ուզում եմ դեպի նրանց դառնալ:

          Մեր երիտասարդ և պատանի ընկերներ:

          Եթե գրականությունը ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ ամենասիրելի զավակներն եք:

          Դուք պատանեկան սրտալի սիրով մեզ մեծարելով անվանում եք հայոց ներկա գրականությունը:

          Եթե մենք էդ գրականության ներկան ենք, ապա կանգնած ենք մեջտեղը և նայում ենք մի կողմից դեպի նրա անցյալը, մյուս կողմից դեպի նրա ապագան:

          Անցյալը, որ շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած, համոզում է, ցույց է տալիս, որ գրականության ամենաանաչառ ու անողոք քննադատն ու գնահատողը [ժամանակն է]: Ժամանակի ընթացքում շատ շատերը կորցնում են իրենց հմայքն ու հռչակը, ոմանք էլ ընդհակառակը, և ամեն մինը վերջ ի վերջո գրական մեծությունների համաստեղության մեջ գտնում է իр տեղը՝ որը համեստ, որն ավելի պայծառ փայլով:

          Եվ ահա նրանք. անցյալի հեռվից, ժամանակների խորքից իրենց պայծառ ու մաքուր լուսով մեզ հրապուրում ու ոգևորում են լավագույն գործերի համար և ներշնչում են հիացում ու հարգանք:

          Մյուս կողմից նայելով ետ, թե ով է գալիս մեր ետևից, տեսնում ենք մեր գրականության ապագան, տեսնում ենք ձեզ, ձեր ոգևորված, զվարթ, ջահել խումբը, որ թարմ ոգևորությամբ ու հարազատ աղմուկով գալիս է մեր ետևից ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հայսերով ու անհուն հրճվանքով:

          Եվ սրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականությանը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով:

          Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ: Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է: Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն: Եվ արդեն ինքը, դասախոս պ. Իփեկյանը, իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ:

          Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ. և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա: Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությանը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել էն վեհ ու վսեմ, էն մաքուր և անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից:

          Եթե գրականությունը կյանքի հայելին է ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է:

          Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից: Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած: Որովհետև արևն է ինքը և իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից:

          Արևի նման նայեցեք աշխարհքին:

          Խոսքս վերջացնելով, սրտագին կցանկանայի. էդ ոգևորությունը, որ անեք էսօր ձեր պատանի հասակում, միշտ ձեզ հետ լիներ ձեր կյանքում, որ դուք չնկատեիք էն նեղություններն ու դժվարությունները, որ պահված են ձեզ համար և սիրով ու հրճվանքով անցնեիք էն անդարձ ու դժվար ճանապարհը, որ ընտրում ու բոնում եք ձեր կյանքի արշալույսից: Եվ որովհետև ձեզ անվանեցի մեր գրականության, մեր ազգի հոգու զավակները, ապա էն կցանկանայի ձեզ համար, ինչ որ կցանկանա ամեն մի սիրող ծնող իր զավակների համար, կցանկանայի, որ դուք ավելի բախտավոր լինեք և ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել: