Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԵՐԿՈՒ ՄԵԾ ԹԻՖԼԻՍԵՑԻՆԵՐ

          Թիֆլիսը: Բայց հին Թիֆլիսը:

          Էն մի առանձին, յուրատեսակ աշխարհք էր, որի մեջ եկել միացել էին կովկասյան ժողովուրդներն ամենքն իրենց առանձնահատուկ կյանքով ու երանգով և հորինել էին ազգերի մի վերին աստիճանի գրավիչ ու հետաքրքրական խառնուրդ ու կյանք: Եվ որովհետև էդ կյանքին տոն տվողը վրացական անհոգ ու զվարթ ոգին էր, էդ պատճառով էլ հին Թիֆլիսը իրարու խորթ տարրերի էտնոգրաֆիական մի ժողովածու չէր հանդիսանում, այլ մի ուրախ հարսանքատուն, ուր հրավիրված էին Կովկասի բոլոր ազգերն ու ցեղերը – քեֆ քաշելու:

          Եվ հիրավի, 1883 թվին, երբ ես առաջին անգամ Թիֆլիս եկա ուսումնարան մտնելու, ինձ թվաց, թե ընկա մի հսկայական հարսանքատուն: Զուռնա, դհոլ, դայիրա, նաղարա, ծափ – ծիծաղ, պար, երգ... էն էլ ոչ թե տներում, այլ դուրսը, դռներին, կտուրներին: Մանավանդ իրիկնապահերին: Կիրակի ու տոն օրերը հո – գլուխ բեր, որ դիմանա: Զուգված, զարդարված շրըխկում ու զրընգում էր ամբողջ քաղաքը:

          Տեսնողը զարմանամ էր, թե՝ էս մարդիկը ե՞րբ են աշխատում, որ էսպես շարունակ ուրախանում են ու պար գալի: Էսպես էր ապրում հին Թիֆլիսը – գժի նման: Եվ դեռ ես հին Թիֆլիսի վերջին օրերին վրա հասա: Ասում են՝ ութսունական թվականներից սկսած Թիֆլիսն սկսեց փոխվել – փչանալ, ուրիշ խոսքով ասում էին՝ վելիկի կնյազից (մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչից) ետը մեր քաղաքը խաբար էլավ:

          Մեր Րաֆֆին մի բանաստեղծության մեջ շատ հաջող արտահայտել է թիֆլիսեցու էս վիշտը.

                               «Վատ ադաթներ ներս բերավ

                               Միր քաղքումը Եվրոպեն,

                               Քեփն ու սափեն դիփ կորավ,

                               Փըչացավ էսղանց օբեն... » 1:

          Եվ ճիշտ որ փչացավ: Մի կյանքից եթե զվարթությունը – քեփն ու սափեն հանես, էլ տեղն ի՞նչ մնաց: Մնաց հոգսն ու ջափեն: Եվ գնա տարին տասներկու ամիս հոգս ու ջափի տակին տնքա – թե ապրում եմ: Եվ ամեն օր հաշիվ արա, թե սա իրեն ջուրը գցեց, նա կախվեց, մյուսը կարբոլկա խմեց, չորրորդը, ինչպես մեր լրագիրներն են ասում, ատրճանակից իրեն զարկեց, և... ետևից էլ զանազան դատողություններ, որոնք սակայն ինչքան էլ խելոք լինեն, կյանքին ոչ մի ժպիտ չեն տալիս:

          Դրա հետ միասին նկատեցեք, որ կորչում է ժողովուրդների

          անհատականությունը, առանձին ոգին, սեփական գույնն ու երանգը, էն ամենը, որ էնքան բնական են, ինչքան սրանց երկրի կլիման ու բնությունը և ինչով որ նրանք կենդանի են, գեղեցիկ են, մեծ են:

          Չէ՜ որ ամեն ուժ սնունդ է առնում, զարգանում ու մեծանում իր հարազատ կլիմայի մեջ, ու ինչքան էլ մեծանա, թեկուզ գլուխն էլ երկինք հասնի ու աշխարհքն առնի իր հովանու տակ – միշտ ոտը դրած է մի հողի վրա ու էդ հողը իր հարազատ հողն է, իր հարազատ աշխարհքն է:.

          Ասինք հին Թիֆլիսը, որ մի առանձին ինքնուրույն աշխարհք

          ու զվարթ կյանք էր ներկայացնում իր համով ու հոտով, լեզվով ու ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացով֊ – անցել է արդեն: Անցել է, և անդառնալի: Ինչ որ տվել է, էլ չի կրկնելու: Բայց ի՞նչ է տվել, ի՞նչ ժառանգություն է թողել գայիք սերունդներին, աշխարհքին, պատմությանը:

          Էս հաշիվը կտեսնվի անշուշտ, և կասվի թե՝ հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել – Սայաթ – Նովա և Գաբրիել Սունդուկյան: Հարազա՜տ – Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Թիֆլիսի հոգով:

          Եվ մեծ:

          Ու անվերջ մեծ Պեպոն կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական՝ Զիմզիմովի դեմը կանգնած իր հալալ աշխատողի կոշտ ծեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա. – քու սրտումն ի՞նչ է գրած... ու կվարի իր ազնիվ կռիվը, ոչ թե մուրհակի համար – այլ ճշմարտության համար, արդարության համար:

          Ու անվերջ կհնչի Թիֆլիսի բարբառով դժբախտ սիրո մեծ երգչի՝ Սայաթ – Նովայի ձենը իր «զալում» յարին, որ ինքն էլ է կրակ, հագածն էլ.

          «Կըրակե ծովեմեն՝ դուրս էկած՝ ռաշ, ջեյիրան իս ինձ ամա...» 2

          Էն բանաստեղծական խոստումը.

          «Թեգուզ անմահութին ուզիս՝ սիրով կու ճարիմ քիզ ամա... » 3

          Նրա փիլիսոփայական, խորիմաստ հորդորը

          «Անգաճ արա՛, մատաղ իմ քիզ, մէ քիչ կամաց գընա՜, գոզալ.

          Աշխարհըս ո՞ւմն է մընացի՝ վար ինձ ու քիզ մընա, գոզալ... » 4

                    Նրա առողջ հոյակապ տխրությունը.

                               «Սիրտըս փուրումս սըքվուր է,

                               Ալ աչկիրըս լաց է անում.

                               Ծովըն նընգած ամբի նըման

                               Դոշս ու եախես թաց է անում» 5

                    Վերջապես.

                               «Գո՛ւզիմ թռչի րըլբուլի պես. –

                               Բաղերումէն բեզարիլ իմ... » 6

          Եվ ահա էսօր էս երկու մեծ թիֆլիսցիների անունները գալիս են հրապարակ:

          Գ. Սունդուկյանի մահվան տարեիցն է7, ու Հայոց Գրական Ըկերութունը հարգանքի գրական երեկույթ է կազմակերպում Արտիստիկական թատրոնում. իսկ Սայաթ – Նովաի մահարձանի խնդիրն է մեջտեղը, և նույն ընկերութունը պատրաստել է տալի նրա մահարձանը ու գրական – երաժխտական երեկույթներ է նվիրում աննման երգչի ու նրա երգերը ամենակուլ ժամանակի բերшնից խլողի՝ Գ<եորգ>Ախվերդյանի հիշատակին: Հայ ժողովուրդը և հատկապես Թիֆլիսի ժողովուրդը էս անունները տալիս պետք է թնդա ու միշտ հարազատի սիրով հավաքվի ամեն տեղ, ուր խոսում են նրանց մասին, ու ամեն մինը անկեղծ ուզենա մասն ունենալ նրանց տված հարգանքի ու նրանց վրա դրած արձանի մեջ:

          Նրանք կան և մնալու են Թիֆլիսի, և հին Թիֆլիսի մեծ ու հարազատ զավակները: