Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՍԱՅԱԹ–ՆՈՎԱՅԻ ՇԻՐԻՄԸ

«Ամեն մարթ չի՛ կանա կարթա

Իմ գիրըն` ուրիշ գըրեն է:

Բունիաթըս ավազ չիմանաս`

Քարափ է, քարուկըրեն է...” 1

Սայաթ–Նովա

          Մեր սիրելի նկարիչ Գ. Բաշինջաղյանը անցյալները «Մշակում» 2 մի նամակ էր տպել ու հիշեցրել էր մեր անմահ երգիչ Նայաթ –Նովայի շիրմի խնդիրը:

          Եթե չեմ սխալվում` մի անգամ էլ, մի քանի տարի առաջ, մեր ազգայիններից մինը հրապարակ հանեց դարձյալ Սայաթ – Նովայի շիրմի խնդիրը, բայց էնպես անպատասխան էլ անցավ ու մոռացվեց թե հարուցած խնդիրը, թե ինքը` հոդվածագիրը:

          Հիրավի, ծանր է, երբ միտք ես անում, էսքան հոյակապ մի տաղանդ, էսքան խորունկ մի հոգի, էսքան ազնիվ ու կենդանի մի սիրտ ու էսքան մոռացված մի գերեզմա՜ն...

          Այո՛, էս ազգը դառը ժամանակների ու վայրենի հարվածների տակ ջախջախված, խանգարված ու խառնված մի խալխ է դարձել ու դեո ուշքի չի եկել նորից, մի ամբողջություն չի դարձել ու չի ապրում իր կյանքով, թե չէ ի՞նչպես կարող էր պատահել, որ Սայաթ–Նովայի երգերն ու գերեզմանը մնային մոռացված:

          Հայոց նորաբաց Գրական Ընկերությունը որոշել է մոտիկ առաջիկայում կազմակերպել հատուկ Սայաթ–Նովային նվիրված մի գրական – երաժշտական երեկո և շիրմի խնդիրն էլ էս անգամ կարգի կդրվի:

          Եվ արժե, որ հայ ժողովուրդը երբեմն–երբեմն էս հարազատ, գեղեցիկ ու մեծ անունները հանդես բերի ու ջերմանա նրանց մշտավառ հոգիների անշեջ կրակով: