Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

Ղ. ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»

          Մի քանի տարի սրանից առաջ պ. Լևոն Մանվելյանը Հայոց նոր գրականության վրա խոսելիս մի նկատողություն արավ, թե` Ղ. Աղայանը իր «Անահիտը» վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» գրվածքից:

          Ես նրան հայտնեցի իմ գիտեցածը, թե «Անահիտը» ժողովրդական հեքիաթ է, որի մի վարիանտն էլ «Փեշակը ոսկի ա» վերնագրով տպված է Նավասարդյանի հեքիաթների ժողովածուի մեջ1, էն էլ Լոռու վարիանտը, որ Աղայանը գիտեր մանկուց, իսկ վրացական վարիանտը` «Թագավորն ու արհեստավորը» անունով տպված է «Աղբյուրի» առաջին համարում2:

          Պ. Մանվելյանն էս ամենը հիշատակել է իր «Հայոց գրականության պատմության» առաջին գրքում, կցելով սակայն, թե էս նյութն առաջին անգամ մշակել է Թաղիադյանը, որին հետևեց Աղայանը: Եվ խոստացել էր «Վարսենիկի» ու «Անահիտի» համեմատությունն իր տեղն անելու:

          Աղայանը սպասում էր խոստացած համեմատության հրատարակությանը, որ ասի էս առարկայի մասին իր խոսքը, բայց դեռ համեմատությունը չտպված ինքը մեռավ: Այժմ դուրս է եկել խոստացված գիրքը, Հայոց գրականության պատմության չորրորդ պրակը, որի մեջ պ. Մանվելյանը իր համեմատությունը անելիս գրում է. «Աղայանը իր սյուժետը վերցրել է Թաղիադյանի «Վեպ Վարսենկան» վերնագրով հեղինակությունից» 4:

          Եվ ահա թե՛ իմ ողբացյալ ընկերի հիշատակի առաջ, թե գրականության պատմության առաջ ես իմ պարտականությունն եմ համարում էսօր գրելու էս մի քանի տողը` ճշմարտությունը պարզելու նպատակով, հայտարարելով միանգամայն, որ սրանով պ. Մանվելյանին չեմ վերագրում ճշմարտության դեմ դիտավորությամբ մեղանչելու որևէ միտք, անընդունակ ճանաչելով նրան էդ տեսակ վարմունքի:

          «Անահիտի» սյուժետը Աղայանը Թաղիադյանի «Վարսենիկից» չի վերցրել: Աղայանը մինչև անգամ պնդում էր, որ Թաղիադյանի վեպը փոխադրություն է իտալականից, տալիս էր իտալացի գրողի անունը և խոստանում էր ապացուցանել: Աղայանի «Անահիտի» և Թաղիադյանի «Վարսենիկի» մեջ չկա էն նմանությունը, ինչ որ կա հայ ժողովրդական հեքիաթի և Աղայանի գործի մեջ, որ նույնն է ամենայն հարազատությամբ: Աղայանը էդ նյութն առել է մեր ժողովրդական հեքիաթից, որ ջատագովում է արհեստը: Մի հեքիաթ, որ ամեն բոլոր ժողովուրդները, ըստ էության նույնը, մանրամասնությունների մեջ իրենց առանձնահատուկ երանգով ու կյանքով: Ինչպես գրեթե բոլոր հեքիաթները:

          Աղայանը գիտեր էդ հեքիաթի հայկական երկու վարիանտը: Էս րոպեին ես իմ ձեռքի տակ ունեմ նույն հեքիաթի վեց վարիանտը: Մի վարիանտ էլ կա, ռուսերեն լեզվով գրի առած իբրե հայ ժողովրդական հեքիաթ, որը ուրիշ բան չի, այլ հենց Աղայանի «Անահիտի» թարգմանությունը5: Վերջապես Աղայանը դեռ 1881 թվին «Անահիտի» հենց աոաջին հրատարակության մեջ հայտարարում է դրա ինչ լինելը և որտեղից առնելը: Էդ հրատարակության ճակատին գրած է. «Հին զրույց», «Ազգային բանավոր զրույցներից առած»: Հետն էյ դնում է Խորենացու խոսքերը. «Պատմեցից ձեզ... զրոյցս անգիրս, յաւանդութենէ ի մեզ հասեալ, զոր և բազումք ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ»:

          Իսկ թե ինչու է Աղայանը էս հեքիաթին տվել պատմական զրույցի կերպարանք ու փոխադրել Աղվանք Վաչագան թագավորի ժամանակները, էդ էլ կարելի է պարզ տեսնել էն «հավելվածքից», որ դրել է նույն հրատարակության վերջում հետևյալ վերնագրի տակ, «Մովսես Կաղանկատուացու պատմությունից մի ծանոթություն Վաչագանի ժամանակումն եղած չար և դիվական աղանդների մասին»: