Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

          Նորից ոռնում է հին ծանոթ գույժը – «Տաճկաստանում կոտորում են հայերին»

          Նորից կոտորածի մռայլ մղձավանջը ծանրանում է մեր հոգնած սրտերին և նորից ամենուրեք դալկանամ է Արևելքի հին տառապյալը – հայ ժողովուրդը:

          Ոմանք ասում են սուտ է, կոտորած չկա: Հայերի դատարկ սարսափն է միայն, որ աղաղակում է այդպես զարհուրելի: Բայց մեր աշխարքներին ու կիսավայրենի ժողովրդներին ծանոթ մարդը ամենայն հեշտությամբ պետք է հավատա կոտորածին:

          Եթե մինչև անգամ միայն սարսափն է գոռում այսօր, մի՞թե սարսափը դատարկ բան է, էն էլ սարսափելի երկրում ու սարսափելի ժողովուրդների մեջ: Էդ էն սարսափն է, որ աղաղակում է ամեն կոտորածից առաջ ի լուր աշխարհի:

          Մի՛ ասեք, թե սուտ է և ապարդյուն ու թշվառ քաղաքականության մի՛ դիմեք անհույս ու շատ փորձված կողմերում:

          Դիմեցեք հայոց պատմությանը, Կովկասի պատմությանը, Արևելքի պատմությանը – նրանք ձեզ կասեն. էդպես է եղել միշտ – սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած... իսկ վերջին դարերում սարսափի կոտորածի հետ միաժամանակ կկարդաք. «ս. պատրիարքը գնաց մեծ եպարքոսի մոտ, նրան հավաստիացրին, որ արդեն կարգադրություն է եղած խաղաղությունը վերականգնելու և չարագործներին պատժելու, կամ, թե չէ` պատրիարքը հրաժարական տվեց...” և դարձյալ սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած...

          Վերցրեք մեր պատմությունից ժամանակի մի որոշ տարածություն: Ահա ձեզ 1912 տարի:

          1912 տարի է մի անհավասար կռվի մեջ միսն ատամն առած մաքառում տանջվում է էս ժողովուրդը, կոտորվում ու փչանում է էս ծողովուրդը:

          1912 տարի է Արևելքի բոլոր հզորներն ու բարբարոսները արյունով ու արտասուքով հեղհեղում ու ողողում են էս երկիրը: 1912 տարի է սարսափ ու կոտորած, ջարդ ու գաղթ հետևում են իրար անընդհատ:

          Էս ամենը դարերով տեսնող ու տանող ժողովուրդը անշուշտ մի իմաստություն պիտի հաներ ու սովորեր էսքան դառը փորձությունից ու փորձանքների, մի քաղաքականություն պիտի ստեղծեր ու մշակեր իր համար էս դժոխք աշխարհքումը:

          Եվ հայ ժողովորդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահության քաղաքականություն:

          Բայց լավ փորձելով ու տեսնելով, որ անկարող է միայն ինքնապաշտպանությամբ իր գլուխը պահել, միշտ աշխատել է միաժամանակ ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտը – հովանավոր Արևմուտքի քրիստոնյա պետություններից, որովհետև նրան անդադար հոշոտում ու ծվատում էին ոչ թե միայն վաչկատուն ցեղերն ու ժողովուրդները Արևելքի, այլ հենց էն պետությունները` զրադաշտական թե իսլամ, որոնց հավատարիմ հպատակն էր նա:

          Եվ 1912 տարի շարունակ իր երկրի մերթ էս, մերթ մյուս կողմերում ինքնապաշտպանություն կազմակերպելով ու դիմագրավելով օրհասական տագնապների մեջ, նա` հայ ժողովուրդը երկար դարերով անդադար օգնություն ու պաշտպանություն է աղերսել քրիստոնյա Արևմուտքից, և էդքան դարերի ընթացքում միայն երկու անգամ է պատահել, միայն երկու անգամ, որ նա Արևմուտքից գտել է օգնություն և ուժեղ հովանավոր:

          Առաջինը եղել է արևելյան հռովմեական կայսրությունից – Բյուզանդիայից, երկրորդը – ռուսական կայսրությունից:

          Հայոց պատմությունը հոյակապ է նկարագրում էն տեսարանը, երբ Ձիրավի մեծ դաշտում մի կողմը պարսկական թշնամի զորքն էր ծփում «իբրև ծով իմն ահեղ», իսկ նրա դեմ Հայաստանին օգնության եկած բյուզանդական բանակն էր կանգնած իր խաչանիշ դրոշակով «իբրև լեառն ադամանդեայ»: Եվ մինչդեռ Արևելքի ու Արևմուտքի էս ահագին զորություններն իրար եկած վճոում էին հայ ժողովրդի ճակատագիրը` վերև, Նպատի նվիրական բարձունքին հայոց մեծ Ներսեսը գոչում էր. «Աո. Տէր` բազկատարած հայցմամբ խնդրելով ի նմանէ հայիլ ի խաչակիր դրօշակ իւրպ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց»:

          Թերևս ավելի սրտառուչ է, երբ շատ դարերից հետո էջմիածնին օգնության շտապող ռուսաց բատալիոնները1 Կրասովսկու առաջնորդությամբ Ապարանի լեռներից Պարսկաստանի գահաժառանգ Աբրաս Միրզայի տասնապատիկ ավելի ուժեղ բանակի կրակի միջով ձգվում էին դեպի հայոց մայր Աթոռը, և մինչդեռ ամբողջ օրը Արարատյան դաշտում, Օշականի ձորում, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի շուրջը որոտում էր պատերազմը, մի ուրիշ մեծ Ներսես2 սեղան էր հանել Հայաստանի սրբությունները և Լուսավորչի գերեզմանի առջև տարածված ամբողջ միաբանությամբ առ Աստված էր աղաղակում պատերազմի ելքի և պարսկական դժոխքի մեջ այրվող իր ժողովրդի փրկության համար, և աչքերը հանած, լեզուները կամ ոտներն ու ձեռները կտրատած հայ մարդիկ Մայր տաճարի զանգակների տխուր ղողանջյունի վրա սողում էին էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը:

          Եվ զուր չի էդ հողի վրա հայոց եկեղեցին արձան կանգնեցրել հայ ժողովրդի ապագա սերունդներին ի գիտություն:

          Այո՛, էդ ամենը պետք է իմանան ապագա սերունդները:

          Այսօրվա շատ մարդիկ, հայ թե ռուս, չեն էլ կարող երևակայել, թե ինչպես են իրար հանդիպել հայն ու ռուսը: Ականատեսներից մինը, հայտնի դեկաբրիստ Ե. Ե. Լաչինովը, իր «Խոստովանությունների» մեջ սաստիկ սրտաշարժ պատմում ու նկարագրում է անցյալ դարի սկիզբներում էդ հանդիպումները:

          Նկարագրում է տաճկական, պարսկական ու քրդական գազանությունները, պատմում է, թե ինչպես էին նրանց առաջ սարսափահար փախչում հայերը գեղահան ու տեղահան եղած: Պատմում է, թե ինչպես էին նրանք վազում դեպի ռուսական զորքերը` ծեր ու մանուկ, մարդ ու կին, աղաղակելով, русь! русь! здраси! здраси!...

          Եվ էդ մի բառով էին արտահայտում ամեն բան, և սարսափ, և աղաչանք, և սեր, և խնդիր, որովհետև լեզու չգիտեին: Իսկ մյուս կողմից. «Не бойтесь! не бойтесь!» ձեն էին տալի սարսափահար գյուղացիներին թշնամու դեմ վազող զինվորներն ու արագացնում էին իրենց վազքը:

          Ակներև էր, ասում է նա, Լաչինովը, որ գերազանց հանդիսանալու ցանկությունը չէր, այլ յուրաքանչյուրի սրտին հարազատ կարեկցության զգացմունքն էր տանում ամենքին: Մեզանից ամեն մինը մասնակցում էր դժբախտների վիճակին: Նրանք իրենց հանձնել էին մեր պաշտպանությանը, մենք տեսնում էինք նրանց լիովի վստահությունը ռուսական բնավորությանը. նրանց երախտագիտությանը շարժում էր մեզ, հարուցանում էր մեր մեջ ազգային պատվասիրության բարձր ու ազնիվ զգացմունքը: Վերջապես վտանգի միջի կինը, էն թույլ ու անպաշտպան արարածը, որ սակայն ամեն ժամանակ ու ամեն տեղ մեծ ազդեցություն է ունեցել սխրագործությունների վրա, ասպետական ոգու վրա, – ահա թե ինչն էր պատճառը, որ մեզանից ամեն մինը հարձակվողներին նկատում էր որպես անձնական թշնամիների և սլանում էր պաշտպանելու ոչ թե իբրև օտար մարդկանց, այլ իբրև իր արենակիցների» (Кавказск. сб. т. I. Отрывок из «Исповеди» Лачинова) 3:

          Նա, Լաչինովը, պատմում է, թե ինչ սրտառուչ խանդավառությամբ էր դիմավորում իրենց հայ կեղեքված ու տանջված ժողովուրդն ամեն տեղ, ինչպես էր աղոթում, լալիս ուրախությունից. թե նույնիսկ էն երեխան էլ, որ նոր էր սկսել թոթովել, իրենց տեսնելիս ինչպես էր կանչում «Здравстуй, здравстуй...”:

          Իսկ մյուս կողմից ռուս օֆիցերներն են գանգատվում, թե հայերին օգնության գնալիս անկարելի է կարգ պահպանել զորքի մեջ, զինվորական շարքերում, որովհետև ամեն մի զինվոր առաջ է նետվում ավելի շուտ օգնության հասնելու համար և խանգարում են կարգը: Անկարելի է լինում կարգ պահպանել:

          Էսպես, էն լացախառն ու աղոթքախառն «Здравстуй» –ն որով ողջունում էր բազմատանջ հայ ժողովուրդը ռուսական ազատարար բանակին, հենց էնպես աղոթքով ու արտասուքով էլ արձանագրվեց ու հավերժացավ «Վերք Հայաստանի” –ի մեջ, ինչպես էն ի խորոց սրտի խոսքերից մինը, որ երբևիցե արտասանել է հայ ժողովուրդը աշխարհքի առաջ, – և իր մշտական տառապանքի մեջ էլ միայն էն ժամանակ է մի իրական օգնություն տեսել, երբ հնչել է եղբայրական հուժկու “Не бойтесь!» –ը հանուն արդարության, հանուն քաղաքակրթության:

          Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ վառվում է Անատոլիայի անմար դժոխքը, չի մարած ռուս մարդու լայն սրտի մեջ էդ ազնիվ ու վեհ զգացմունքը, որով նա պետք է պարծենա աշխարհքի առաջ. մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ միլիոնավոր մարդիկ կոտորածի առաջ սարսափահար կարեկցություն ու պաշտպանություն են աղերսում – ռուսական մեծ պետութունը չի հրաժարվիլ Արևելքի մորթվող ժողովուրդներին պտշտպանելու սրբազան ավանդություններից և` հիմնվելով միջազգային դաշնագրերով իր ունեցած իրավունքների ու պարտավորությունների վրա` կարտասանի իր հսկայական “Не бойтесь!” ` ը. մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին ու կենդանի զգացմունքին և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը: