Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԸ

          Մի քանի շաբաթ սրանից առաջ Պետերբուրգի հայ գաղութը1 ուշադրության առնելով հայոց պատմագրության և հայագիտության խեղճ վիճակն ու մեծ կարևորությանը` խորհրդակցություն ունեցավ հայկ[ական] տպագր [ության] 400–ամյակին նախաձեռնել հիմնելու հայոց պատմագրության և հայագիտության ազգային ֆոնդ, որի նպատակը լինելու է.

          Հավաքել, թարգմանել, ուսումնասիրել և հրատարակել.

          1) Հայկական, հունական, հռովմեական, ասորական, պարսկական, արաբական, վրացական, ռուսական և այլ ազգերի պատմագիրների տեղեկությունները հայ ազգի մասին:

          2) Ռուսական, տաճկական, պարսկական և այլ տերությունների պետական դիվանատներում – արխիվներում գտնվող հայոց պատմ[ագրության] վերաբերյալ նյութերն ու դոկումենտները:

          3) էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Սըսի ու Ախթամարի կաթողիկոսարանների, Պոլսի ու Երուսաղեմի պատրիարքարանների, այլև Հռովմի Վատիկանի և այլ հոգևոր իշխանությունների արխիվների հայոց պատմ<ության> վերաբերյալ դոկումենտներն ու նյութերը:

          4) էջմիածնի, Վենետիկի, Վիեննայի`, Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և այյ տեղերի թանգարանների ու մատենադարանների հայոց պատմ<ության> վերաբերյալ նյութերն ու ձեռագիրները և հայոց վանքերի ու հին հիշատակարանների ար–

          ձկնագրությունները:

          5) Հայոց լեզվի, կրոնի, հին ու նոր բանավոր և գրավոր գրականության, երաժշտության, նկարչության, ճարտարապետության և այլ արվեստների վերաբերյալ նյութերն ու ուսումնասիրությունները:

          6) Լայն ծավալ տալ պեղումներին և հրատարակել նրանց արդյունքներն ու հետազոտությունները:

          7) Հավաքել հայոց և օտար մամուլի մեջ եղած հայոց պատմ<ության> համար կարևոր նյութերն ու տեղեկությունները:

          8) Բոլոր նյութերը հավաքել էջմիածին և այնտեղ ամեն հարմարություն տալ այս գործով պարապող ձեռնհաս մարդկանց:

          9) Սրա համար կազմել մի ընկերություն, կամ կապել այս գործը եղած ազգ[ային] հիմնարկություններից մեկի հետ:

          Եվ 10) Որովհետև այս ամենը երկար տարիների կատարելիք գործեր են` առանձին ուշք դարձնել ըստ կարելույն շուտով տալու վերջին դարերի պատմությունը` հայերը Ռուսաստանում, հայերը Տաճկաստանում, հայկական գաղթականությունը և հայկական խնդիրը:

          Նպատակի այս ձևակերպությունը, հարկավ, վերջնական խմբագրությունը չի և ենթակա է շատ նկատողությունների ու լրացումների, այլև միանգամից պարզ չի որոշված միտքն իրագործելու գործնական միջոցն ու ճանապարհը: Այս մասին լուրջ դիտողություններ եղան ժողովում, որին մասնակցում էին նշանավոր գիտնականներ և գաղութի ականավոր անդամները: Ապա թե ընտրվեց մի հանձնաժողով, որի մեջ մտնում էին պ. պ. ակադեմիկ Մառ, պրոֆ. Գարագաշ, պրոֆ. Վարդանյան, պրիվատ – դոցենտ Ադոնց, պետ<ական> խորհրդի անդամ պ. Օ. Ղուկասյան, պետ<ական> դումայի անդամ Հովհ. Սաղաթելյան, իսկ<ական> պետ<ական> խորհրդական Գր. Տիգրանյան, Սիր. Տիգրանյան, նկարիչ Վ. Սուրենյան և Պատկանյան:

          Հանձնաժողովը հարաբերության մեջ է մտնելու ուրիշ հայաբնակ քաղաքների հոբելյանական հանձնաժողովների հետ թե՛ առաջարկի խմբագրության և թե՛ գործադրության միջոցի վերաբերությամբ վերջնական եզրակացության գալու և համազգային հանգանակություն բաց անելու համար:

          Պետք է ասեմ, որ Պետերբարգի խորհուրդը ի միջի այլոց արծարծեց էջմիածնի ճեմարանի լսարանները Հայագիտության Հայկական Ակադեմիա դարձնելու և գրական ֆոնդն էլ պատմագրական կամ հայագիտական ֆոնդի հետ միաժամանակ դնելու խնդիրը, և այս խնդիրները ավելի պաշտպանություն գտան Մոսկվայի հայ ինտելիգենցիայի մի շրջանում, որը պատրաստվում է Մոսկվայի հայ գաղութը ժողովի հրավիրելու և Մոսկվայի հանձնաժողովն ընտրելու:

          Անկասկած` հայոց տպագրության 400–ամյակի տոնի արտակարգ մեծ կուլտուրական խորհուրդն ու արժեքը, ձեռնարկած գործի ընդհանուր ազգային նշանակությունն ու կարևորությունը և ձեռնարկող մարդկանց հեղինակավորությունն ու լրջությունը կենտրոնացնելու են այս գործի վրա ամեն տեղի հայ ժողովրդի ուշադրությունը, սերն ու ջերմ, միահամուռ աջակցությունը: