Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

«ՀԱՑՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

          Վաղուց է, որ մեզանում զգացվում է մի կարգին «Հայոց պատմության» կարիքը: Վաղուց է, որ նշանավոր դեպքերն իրար ետևից գալիս են ու աղաղակում թե` հայ ժողովուրդը չունի և չգիտե իր պատմությունը, նույնիսկ երեկ մեկել օրվա պատմությունը, չգիտի թե ո՞վ է ինքը, ո՞րտեղից է գալիս և ո՞ւր գնում: Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը, անուղեցույց խարխափում է նա ինչպես անգիտակից մի խալխ` միշտ ենթակա այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին: Եվ փորձանքներն էլ դաս ու խրատ չեն լինելու նրա համար` մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը: Եվ եթե սխալի ու փորձանքի մեջ ընկնի և պատասխանի կանչվի այս տեսակ ժողովրդի մարդը` վերջ ի վերջո նա մի արդարացում կունենա միայն, որ ինքը չի հասկանում իր արածն ու իրեն: Չի հասկանում ինքը, չի հասկանում և նա, ով պետք է պաշտպանի, չի հասկանում և նա, ով պետք է դատի: Մի՞թե սրանից ավելի ողբալի դրության մեջ կարող է հայտնվել մարդ արարածն աշխարհքում: Եվ զարմանալու ի՞նչ կա, որ նա հաճախ կարող է դատապարտվել ու կորչել և անմեղ:

          Այժմ հրապարակի վրա դրված է Հայկական տպագրության չորսհարյուրամյակը տոնելու և այդ տոնը զանազան ձեռնարկություններով հավերժացնելու խնդիրը: Բավական ժամանակից ի վեր կտրված լինելով արտաքին աշխարհից` չգիտեմ դրա համար ինչ առաջարկներ են եղել` բայց որոշ տպավորությունների տակ` կուզենայի, որ ամենալուրջ առաջարկների հետ դրված լիներ և «Հայոց պատմության» խնդիրը: Մի «Հայոց պատմություն»: Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը` պատասխանի կանչվելիս բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն:

          Մի «Հայոց պատմություն»: