Home

Հովհաննես Թումանյանի Հատոր Չորրորդ

Contact Us

ՊԱՏԱՍԽԱՆ Պ. ԿԱՏՈՆԻՆ

          Հարգելի պ. Կատոն, «Սուրհանդակ» թերթի № 408-ում1 տված ձեր պատասխանից երևում է, որ ձեզ իսկի դուր չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դո՞ւք եք նաև «Պ-ն», «Իրազեկ» և Ս. Չերքեզյանը2: Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ:

          Դուք իմ հարցից խուսափելու, այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ, թե խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ: Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ:

          Ընդհակառակը: Դուք իսկի չեք սխալվում, պ. Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, և եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս: Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք՝ չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը:

          Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ ոչ միայն ձեր կեղծ անունները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված:

          Այդ աստվածային գաղտնի խուզարկությանն է, որ հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը, աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ:

          Գաղտնի խուզարկո՜ւ...

          Գիտե՞ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից մինը, կարծեմ Հեյնեն, իր հայրենիքին դիմելով՝ ասում է. «Ես քո պահապան շունն եմ»: Ի՞նչ կա որ, թող ես էլ իմ համեստ ուժերով իմ հայրենիքի պահապան խուզարկուն լինեմ: Եվ ահա բռնել եմ ձեզ. պատասխան տվեք իմ հարցին, դուրս եկեք հրապարակ: Ոչ մի բարոյական օրենք չկա, որ մի մարդ խոսի, գործ տեսնի միաժամանակ մի քանի կեղծ անուններով, մի անունը մի բան գրի, մյուսը նրան վկա գա, երրորդն էլ հաստատի, իբրև թե երեք մարդ են մեջտեղը: Մի անունով հայհոյի, զրպարտի, մյուս անունով կանգնի իբրև բանից անտեղյակ ու անմեղ մեկը: Մարդ մի երես պետք է ունենա ու մի անուն, մանավանդ նա, որ առաջ է անցնում խոսելու հասարակական ծանր խնդիրների մասին, անհատների ու հոսանքների դեմ:

          Այո՛, հասկանում եմ կեղծ անունը, երբ մարդ մի լավ բան է անում կամ գրում ու ծածկում է իր անունը: Նա փախչում է փառքից ու պատվից: Բայց երբ մեկը հարձակվում է սրա նրա դեմ, զրպարտում, հայհոյում, կասկածների տակ գցում ու թաքնվում կեղծ անունների տակ, նա փախչում է պատասխանից ու պատժից: Երբ բարի գործ անողի, հերոսի անունն են հարցնում, նա իրավանք ունի նեղանալոււ և – խոսելու բարոյական օրենքից, բայց երբ զրպարտչի հայհոյիչի ու նման մի վատի օձիքը բռնած ժամանակ նա էլ է համարձակվում աղմուկ հանել ու դիմել նույն բարոյական օրենքներին ու էտիկային, և դեռ ուզում է դրանցով վախեցնել իրեն բռնողին, այդ ես չեմ հասկանում, և ոչ՛ ոք էլ չի կարող ինձ հասկացնել, թե հանդուրժելի է:

          Դո՛ւրս եկեք արևի տակ: Այսպես է ասում ձեզ խուզարկու Հով. Թումանյանը: